Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հովտաշեն

Մակերես` 3.9կմ2

Բնակչություն` 327

 

hovtashen.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 9կմ հյուսիս-արևմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 20կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղութլիղշլաղ, Ղութնխջլաղ, Ղութնիղշլաղ անվանումները: Հովտաշեն է վերանվանվել 1948 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է Շիրակաի դաշտում` Մանթաշ գետի աջ ափին` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղը հիմնադրել են Կարսի մարզից գաղթած բնակիչները` 1830թ.-ին:
1831 թ-ին գյուղն ունեցել է 37, 1897թ.-ին` 192, 1926 թ-ին` 255, 1939 թ-ին` 275, 1959 թ-ին` 213, 1970 թ-ին` 251, 1979 թ-ին` 238 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 327 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 53%, հետաշխատունակներ` 17%: Ունի 68 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, ակումբ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 229հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 27, 53 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Նախկինում շաքարի ճակընդեղ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 

Հովտաշեն — գյուղ Հայաստանի Շիրակի մարզում: Այժմյան Հովտաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թ. Ռուս-թուրքական պատերազմից հետո Կարնո /Էրզրումի/ նահանգից, ինչպես նաև Կարսից և շրջակա գյուղերից գաղթած հայերի կողմից: Հին /առաջին/ անվանումը չի պահպանվել, XIX դարի վերջին քառորդից մինչև 1948 թ. հայտնի է եղել Ղութնիղշլաղ անվամբ:

Նախկին անվան՝ Ղութնիղշլաղի բառակազմավորման ծագումնաբանական առումով բնորոշիչ տարրն է կազմում "ՂՈՒԹՆԻ" բառը, որը յուրահատուկ է Սասնա բարբառին: "Ղութնի" բառը նշանակում է "մետաքս" միայն Սասնա բառբառում, Արևմտահայաստանի այլ բարբառներում, այդ թվում նաև Կարսին բնորոշ Կարնո /Էրզրումի/ բարբառում, հայերեն "մետաքս" բառի փոխարեն օգտագործվում են նաև ուրիշ այլալեզու անվանումներ՝ "խաս", "աբրեշում", "ղումաշ" /ռուս. - "ատլաս"/:

Գյուղի բնակեցման երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1877-78 թ.թ. Ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ 1877 թ. Բիթլիսի նահանգի Սասուն գավառի Քաղքիկ բերդաքաղաքից /Ծմակ, Սասունի բերդ, Դավթի բերդ/ Մելքոն Դիլանյանցի գլխավորությամբ հարյուր սասունցի ընտանիք տեղափոխվել է՝ սկզբից մերձակա Մշո գավառի Խասգյուղ և հետագայում Կարսի մոտակայքում գտնվող Բերնա գյուղ - դեպի ռազմաճակատի գիծ՝ հայազգի ռուս գեներալներ Միքայել Լոռիս-Մելիքովի և Արզաս Տեր-Ղուկասովի հրամանատարության ներքո գործող ռուսական բանակին ընդառաջ:

Մելքոն Դիլանյանցը, իր հովանավորության տակ գտնվող Սասունից տեղափոխված հարյուր ընտանիքից հավաքագրելով միմիական տղամարդ, իր ոչ կանոնավոր հարյուրակով մտնում է Ռուսական Կուբանի կազակական զորքի Երկրորդ Խոպերյան գնդի կազմի մեջ` որպես կազակական միլիցիա /"միլիցիա" են կոչվել կազակներին աջակցող տեղաբնակ կամավորներից կազմված, կազակական զորքին բնորոշ զգեստի, զենքի ու ռազմարվեստի չափանիշներով ղեկավարվող ոչ կանոնավոր հեծելազորային կազմավորումները/, ընտանիքների մնացյալ մասը տեղավորելով մարտադաշտերից հեռու գտնվող Շիրակի լեռնային մասում պատսպարված, այժմ Հովտաշեն կոչվող գյուղում:

Պատերազմից հետո Գեորգիյան ասպետ հարյուրապետ Մելքոն Դիլանյանցը Բայազետի և Կարսի ազատագրմանը մասնակցելու համար ստանում է անհատական ազնվականություն և նշանակվում Շիրակի "ՈՒԵԶԴՆԻՅ ՆԱՉԱԼՆԻԿ"-ի /ռուս. - "գավառի պետ, գավառապետ"/ պաշտոնին, որի իրավազորության շրջանակը այն ժամանակ միավորում էր շրջանային դատախազի և զինվորական կոմիսարի գործառույթները: Շիրակում այդ պաշտոնը ժողովրդական լեզվով կոչվել է "ԳԼԱՎՆԻՅ" /ռուս. - "գլխավոր"/, իսկ Սասնա ծագում ունեցող հարյուրապետ Դիլանյանցը ժողովրդի շրջանում հայտնի է դառնում "ՅՈՒԶԲԱՇԻ /թուրք. - "հարյուրապետ"/ ՄԵԼՔՈՆ" մականունով: Այսպիսով` 1870-ականներին նորեկ սասունցիները, էրզրումցիների և կարսեցիների շրջանում դառնալով հարգված և իշխող տարր, այժմյան Հովտաշենը /նախկին անվանումը չի պահպանվել/ անվանում են իրենց նկատմամբ ոչ վաղ անցյալում հյուրընկալ Մշո գավառի ԽԱՍԳՅՈՒՂՒ անվան փոխակերպմամբ, սակայն տվյալ դեպքում Սասնա բարբառին բնորոշ և նույն իմաստն արտահայտող "ՂՈՒԹՆԻ" /"ԽԱՍ", կամ "մետաքս"/ և "ՂՇԼԱՂ" /թուրք. - "ԳՅՈՒՂ"/ անվանումով:

Արմատներով սասունցի Յուզբաշի Մելքոնից /Արթիկի շրջանի ԳԼԱՎՆԻՅ - ՈՒԵԶԴՆԻՅ ՆԱՉԱԼՆԻԿ` գավառապետ, անհատական ազնվական և Գեորգիյան ասպետ/ Մելքոն Դիլանյանցից է ծագում Արթիկի շրջանում հայտնի Յուզբաշյանների տոհմը

ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովտաշեն 

Ինդեքս՝ 3015

Հեռ` +374 094 82 16 08

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 18:03:15