Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Փանիկ

Մակերես` 17.8կմ2

Բնակչություն` 2880

 

panik.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 5կմ հյուսիս, մարզկենտրոնից գտնվում է 16կմ հեռավորության վրա: Գյուղի արևմուտքով անցնում է Գյումրի-Պեմզաշեն երկաթուղին Նախկինում ունեցել է Գևդարլի, Զվարճաձոր, Կավտարլի, Պանիկ, Քաֆթառլու, Քևդարլի, Քյաֆթառլի անվանումները: Փանիկ է վերանվանվել 1925 թ-ին, ի պատիվ բժիշկ Արշալույս Փանյանի: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և եղել է նրա կենտրոնը:
Գյուղը գտնվում է Մանթաշ գետակի ձորահովտում, Շիրակի դաշտի միացման վայրում: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Շրջակայքում կան բազալտի քարհանքեր, որոնք շահագործվում են:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում գտնվում է ս. Տիրամայր եկեղեցին: Գյուղից 5կմ հյուսիս Խարաբաներ կոչվող վայորւմ հայտնաբերվել են անտիկ շրջանի բերդի ավերակներ: Միջնադարում եղել է գրչության կենտրոն:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից: 1842թ-ին ալաշկերտցի մի խումբ հայեր վերաբնակվում են գյուղում և այն անվանում Զվարճաձոր: Թուրքերը բառացի թարգմանում են բնակավայրի անվանումը և կոչում այն Գևդարլի:
 1831 թ-ին գյուղն ունեցել է 176, 1897 թ-ին` 1235, 1926 թ-ին` 1685, 1939 թ-ին` 1707, 1959 թ-ին` 1838, 1970 թ-ին` 2292, 1979 թ-ին` 2374, 1989 թ-ին` 3304 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 2880 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք` 59%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 17%: Ունի 597 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 772հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 134 և 496 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունըերկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ճակնդեղի մշակությամբ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվապահությամբ:
Հնում գյուղում եղել են ջրաղացներ և ձիթհաններ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Փանիկ

Ինդեքս՝  3026

 Հեռ. + 093 35-36-38
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36