Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կարմրավան /բնակավայր Աշոցք համայնքի կազմում/

Մակերես` 11.3կմ2

Բնակչություն` 234

 

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 2կմ հարավ, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կզըլքիլիսա, Կզըլքիլիսա Նոր, Ղզըլքիլիսա Հայկական անվանումները: Կզըլքիլիսան Կարմրավան է վերանվանվել 1935 թ-ին: Տեղադրված է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու ձախ կողմում: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի հովտում` ծովի մակարդակից 2060մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Փարտիկի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 19-րդ դարի վերջին: 1873 թ-ին գյուղն ունեցել է 255, 1897 թ-ին` 350, 1959 թ-ին` 232, 1970 թ-ին` 237, 1979 թ-ին` 208 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 234 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 223 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (410հա), խոտհարքերը (190հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 114 և 294 հեկտար: Գյուղատնտեսության մասնա գիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական, գազիֆիկացում, մարզադաշտի և եկեղեցու վերանորոգման խնդիրներ:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Կարմրավան
 
 
Ինդեքս՝ 2803
 
 Հեռ` 374 093-67-72-80
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16