Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը (այսուհետ՝ մարզպետ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի (այսուհետ՝ մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցությունը:
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղ. Գյումրի, Գարեգին Նժդեհի 16:
III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և մարզպետը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Մարզպետն ունի երկու խորհրդականներ և երկու օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը խմբ. 01.06.06 N 742-Ն)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) վերակազմակերպում և դադարեցնում է մարզպետարանի աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, մարզպետի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը, կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը՝
ա) իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
ե1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից՝ սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը լրաց. 07.12.06 N 1751-Ն, 10.12.09 N 1424-Ն)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 N 1424-Ն)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
IV. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
V. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, քարտուղարություն, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները:
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VII. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(հավելվածը խմբ. 01.06.06 N 742-Ն, լրաց. 07.12.06 N 1751-Ն, լրաց., փոփ. 10.12.09 N 1424-Ն)
|