Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հայկաձոր

Մակերես` 30.2կմ2

Բնակչություն` 450

 

 
Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 18կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 37կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա Մեծ, Ղզըլքիլիսա, Ղոշավանք, Ղոշավանք Նոր, Ղուշավանք անվանումները:Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին: Տեղադրված է Գյումրի-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում, հարթավայրում` ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են:Գյուղի շրջակայքում կան սև և սպիտակավուն տուֆի պաշարներ, որոնք ունեն րդյունաբերական նշանակություն: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի դիմաց, Ախուրյանի աջ ափին գտնվում է Հոռոմոսի վանքը, որի թուրքերեն անունից առաջացել է գյուղի նախկին անունը` Ղոշավանք:Նախկին գյուղը տեղադրված է այժմյանից 300-400մ հարավ-արևմուտք: Գյուղում պահպանվել է Սարգիս եպիսկոպոսի կառուցած ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (985 թ), որը վերանորոգվել է 13-րդ դարում և հիշատակվում է նաև իբրև վանք:  
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի և Մանազկերտի շրջաններից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 152, 1897 թ-ին` 1052, 1926 թ-ին` 840, 1939 թ-ին` 856, 1959 թ-ին` 596, 1970 թ-ին` 483, 1979 թ-ին` 413 հայ բնակիչ: Հնում այստեղ բնակվել են նաև հույներ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 450 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 34%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 14%: Ունի 49 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1000հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 253 և 1459 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հայկաձոր
 
Հեռ. +374 94-45-88-53
 
 
Ինդեքս՝ 2901
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16