Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձիթհանքով

Մակերես` 34.2կմ2

Բնակչություն` 1446

  

 
    Ըստ տոհմագրական տվյալների` Ձիթհանքով գյուղը հիմնադրել է 1793-1795 թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի և Կարսի գավառներից գաղթած ընտանիքների կողմից: 1918թ. գյուղում բնակություն են հաստատել 70 գաղթական ընտանիքներ:
     Թուրքերը իրենց տիրապետության սահմաններում թուրքացրել են տեղանունները` անկախ բնակավայրի էթնիկական կազմից: Ձիթհանքովը մինչև 18-րդ դարի վերջը անվանվել է Բազիրխան: 1884թվականին գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, 19-րդ դարասկզբին կառուցվել և գործել են սրբատաշ քարից կառուցված կաթոլիկե և առաքելական եկեղեցիները, որոնք մինչև օրս պահպանվել են:
     1915-1920-ական թվականների թուրք հրոսակների արշավանքների հետևանքով Արևելյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների մեծ մասը կողոպտվել ու ավերվել են: 1918 թվականին նշված հրոսակախմբերը մեծ ոճրագործություններ են իրականացրել Կարսում, Շիրակում, Լոռի-Փամբակում և Հայաստանի այլ շրջաններում:
   Այդ ողբերգական, արյունալի էջերից անմասն չի մնացել նաև Ձիթհանքով գյուղը:
Գյուղը մեծ սիրով ապաստան է տվել թուրքական յաթաղանից փրկված ավելի քան 300 արևմտահայ գաղթական ընտանիքների: 1918թ.-ի մայիսի վարջին Շիրակի գավառի ավելի քան 20 գյուղերի և Արևմտյան Հայաստանից փախած ու այդ գյուղերոււմ ապաստան գտած հազարավոր հայ տղամարդկանց հավաքում են Ձիթհանքով գյուղում և նրա բնակիչների հետ միասին անողոքաբար սրի քաշում: Թուրք փաշաների վայրագությունը հասնում է այն աստիճանի, որ մասսայական գնդակահարությունների ժամանակ «խնայելով» փամփուշտները կենդանի մնացած վիրավորներին լցնում են գյուղում եղած չորս մարագները և դաժանորեն այրել: Այդ տեղում ներկայումս կանգնեցված է հուշարձան խաչքար:
     Ըստ հայտնաբերված հնագիտական հուշարձանների տեղագրության` տեղանքը բնակեցված է եղել դեռևս վաղ բրոնզե դարում: 
    Բնակավայրի տարածքում պահպանվել են պատմամշակութային տասնյակ արժեքներ:
    ԲՆակավայրի հիմնադրումից ի վեր բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է հողագործությունն ու անասնապահությունը: Առանձին տնտեսություններ զբաղվում են թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: 1850-ական թվականներին գյուղում կառուցվում է ձիթհանք, որտեղեց հանված կտավատի ձեթը մեծ համբավ ու ճանաչում է ունեցել տարածաշրջանում: Այդ ճանաչումն է պատճառ հանդիսացել բնակավայրի «Ձիթհանքով» վերանվանման համար:
   Բնակավայրն իր զարգացումն հիմնականում ապրել է 1930-ական թվականներից հետո: Գյուղոմ կառուցվել է միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, գրադարան, հիվանդանոց-ծննդատուն, կենցաղի տուն, փոստի բաժանմունք, առևտրի և սպասարկման տարբեր օբյեկտներ: Կայուն տնտեսական աճ է ունեցել Ձիթհանքովի կոլեկտիվ տնտեսությունը: Տնտեսությունը աչքի է ընկել անջրդի պայմաններում բարձր բերքատվությամբ և որակի ցորենի արտադրությամբ:
   Համայնքը բոլոր ժամանակներում մեծ կարևորություն է տվել սերունդների կրթության և դաստիարակության հարցերին: Համայնքը գիտության, մշակույթի և արվեստի ոլորտներում տվել է երկու տասնյակից ավել նշանավոր մարդիկ:
     1887թվականից Ձիթհանքովը գտնվել է Ալեքսանդրապոլի գավառի կազմում: 1921թ. բնակավայրը ընդգրկվել է Խորհրդային Հայաստանի կազմում և մինչև 1950 թվականը  ընդգրկված է եղել Թալինի շրջանի կազմում: 1950-1996 թվականներին ընդգրկված է եղել Անիի շրջանի կազմում: 1996 թվականին Հայաստանի Հանրապետության վարչատարածքային նոր բաժանումից հետո Ձիթհանքովը, որպես վարչական առանձին միավոր` ինքնուրույն համայնք, ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի կազմում: 
      Ձիթհանքով համայնքը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին:
Ձիթհանքովի գյուղական համայնքը  տեղաբաշխված է Արագած լեռան արևմտյան ստորոտում, Շիրակի դաշտի հարավ-արևմտյան և Թալինի սարավանդակի հյուսիսային մասում:
    Հյուսիսից սահմանակից է ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդի, արևելքից` Լանջիկի, արևմուտքից Բագրավանի և Սարակապի, հարավից ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի և Զարինջայի համայնքների վարչական տարածքներին:
   Տարածքը ծովի մակերևույթից գտնվում է 1750 մ. բարձրության վրա և ընդգրկված է հանրապետության լեռնային բնակավայրերի ցանկում:
   Բնակավայրին առանձնահատուկ են ցուրտ, ձյունառատ ձմեռները և զով ամառային եղանակները: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10 - 12 աստիճան: Տարեկան միջին տեղումները կազմում են 350-500մմ, որոնք առանձնահատուկ են ապրիլ-հունիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
      Բնակավայրի վարչատարածքը մշտապես վտանգված է կարկտահարությամբ և տևական երաշտով: Տարածքը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում: Հիշարժան են 1926 և 1988թթ. աղետալի երկրաշարժերը:
     Համայնքի վարչական տարածքը զբաղեցնում է 2577.1 հա., որից 2393.6 հա գյուղատնտեսական նշանակության հողերն են, հանքավայրերի հողերը կազմում են 9.6 հա, արդյունաբերական, արտադրական նշանակության հողերը 18.3հա, պատմամշակութային հողերը` 34.7 հա, իսկ մնացածը` ճանապարհների, կոմունալ ենթակառուցվածքների, ընդհանուր օգտագործման, ջրային և այլ նշանակության     հողերն են:
      Համայնքի կառուցապատված տարածքը զբաղեցնում է 85.6հա.:
       Բնակավայրը   գտնվում   է նախկին շրջկենտրոնից 12 կմ., մարզկենտրոնից     40կմ. և մայրաքաղաքից` 105 կմ. հեռավորության վրա: Բնակավայրից 5կմ հեռավորությամբ է անցնում Գյումրի-Երևան միջպետական նշանակության ճանապարհը: Բնակավայրը երկաթուղային կայարանից գտնվում է 12կմ հեռավորության վրա:
    Տարածքում գերակշռում են լեռնատափաստանային սևահողերը:
    Հարուստ է տուֆ քարով, շինարարական ավազով ու կավով:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ձիթհանքով
 
 
Ինդեքս՝ 2908
 
Հեռ` +374 094 82 13 82
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36