Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մարմաշեն

Մակերես` 12.2կմ2

Բնակչություն` 1769

 

 
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, Գյումրի քաղաքից գտնվում է 7կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գանլըջա, Գալինջա, Գանըճա Վերին, Ղալանջա, Ղանլաչա, Ղանլիճա, Մարյամ Նիշին, Մերեմ Նիշին անվանումները: Մարմաշեն է վերանվանվել 1946 թ-ին: Գյուղի մոտով անցնում է Գյումրի-Աշոցք ավտոխճուղին և Շիրակի ջրանցքը:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախափնյա հովտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1620մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում կան արտեզյան ջրհորներ:
Գյուղի շրջակայքում է գտնվում Մարմաշենի վանքը և նրա շրջակա երեք եկեղեցիները: Գյուղի անվանումը կապված է վանքի անվան հետ: Ըստ Կիրակոս Գանձակեցու վանքը իր անվանումը ստացել է իբրև մարմարակերտ լինելու պատճառով: Այդ փաստը ժխտում է Ղևոնդ Ալիշանը և վանքի անվանումը կապում է Աբխազիայի Մարիամ թագուհու հետ: Վանքի գլխավոր կառույցը կաթողիկե ս. Ստեփանոս եկեղեցին է, որի պատերից մեկի վրա թողնված արձանագրությունը վկայում է, որ այն կառուցել է Վահրամ Պահլավունին` 988-1029թթ: Եկեղեցուն կից գերեզմանում հենց թաղված է Վահրամ Պահլավունին, նրա կինը` տիկին Սոփին: Միջնադարում այն եղել է կրոնական և մշակութայնի կենտրոն:
 Շրջակայքում կան հին բնակավայրի, քարայր-բնակավայրեր: Մարմաշենի մոտ 2կմ արևմուտք ժայռի վրա գտնվում է ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի արձանագրությություններից մեկը: Մոտակայքում գտնվում են նաև Մարմաշենի բերդի ավերակները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել Արևմտյան Հայաստանի Դերջանից, Մուշից, Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 109, 1926թ.-ին` 743, 1939 թ-ին` 1066, 1959 թ-ին` 1334, 1970 թ-ին` 1404, 1979 թ-ին` 1341 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1769 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 19%: Ունի 392 տնտեսություն: Ունի միջնակարդ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 526հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 34 և 320 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են այգեգործությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Գյուղում զբաղվում են տուֆի արդյունահանմամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մարմաշեն
 
 
Ինդեքս՝ 2618
 
Հեռ` +374 094 61 33 06
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36