Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պատվո բլուր

01.09.2011

 

 
Սեպտեմբերի 1-ին Գյումրի քաղաքի Պատվո Բլուր հուշահամալիրում տեղի ունեցավ հուշատախտակների բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Պատվո գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահներ Վիկտոր Կրիվոպուսկովը, ՌԴ նախագահի խորհրդականը, ռուսական բիզնեսի ներակայացուցիչներ:
Պատվո բլուրը զինվորական գերեզմանատուն է, որտեղ հուղարկավորված են ռուսական բանակի այն սպաները, որոնք զոհվել են 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Խորհրդային տարիներին գերեզմանոցը հողին է հավասարեցվել, իսկ տապանաքարերը ոչնչացվել են: 2009թ-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ սկսվեցին գերեզմանատան վերականգման աշխատանքները: Պատվո Բլուրը բացվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ անցյալ տարվա օգոստոսի 20-ին` Ռուսաստանի ղեկավարի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում:
Մեկ տարի առաջ տեղի ունեցած բացման արարողությանը Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր. «Ռուսաստանի բոլոր քաղաքացիների անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել եղբայրական Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին մեր ընդհանուր պատմության և զոհված զինվորների հանդեպ նման հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև պատմական ճշմարտության պահպանման համար»:
Իր հերթին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Պատվո Բլրի վերականգնումը, որը խորհրդային տարիներին բախտի քմահաճույքին էր մատնվել գաղափարական պատճառներով, պատվի հարց էր` հավասար հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին:
«Գյումրիում Պատվո Բլուրը և մյուս պատմական «նշանները» ձեր երկրում վկայում են հայ ժողովրդի երախտագիտության մասին ռուս ուղղափառ եղբայրների հանդեպ»,- ասել է համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը` նախորդ տարի Հայաստան կատարած այցելության ժամանակ:
Հուշարձանի վերականգման աշխատանքները իրականացրել է «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը, որի համանախագահներն են Վիկտոր Կրիվոպուսկովը և Անդրանիկ Նիկողոսյանը:
Միջոցառման մասնակիցներին Շիրակի մարզպետի ուղերձն ընթերցեց մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, որում մասնավորապես ասվում է.- Շուրջ մեկ տարի առաջ` օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցավ պատմական իրադարձություն մեր ժողովուրդների համար` Ռուսաստանի Դաշնության Նախագահ պարոն Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ <Պատվո Բլուր> հուշահամալիրի հանդիսավոր բացման արարողությունը: Արարողություն, որը խորհրդանշում և հավերժացնում էր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, և նվիրված էր 1828, 1855 և 1877 թվականներին Ռուս- Թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուս սպաների և զինվորների հիշատակին: Հուշահամալիրի վերակառուցումը կյանքի կոչվեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վյաչեսլավ Կովալենկոյի մտահղացմամբ, և Ուլյանովսկի և Շիրակի մարզերի համագործակցության արդյունքում: Այսօր, մեկ տարի անց, կրկին մարդաշատ է <Պատվո Բլուր> հուշահամալիրը, որի համար առիթ հանդիսացավ հուշատախտակների բացման արարողությունը:Հուշահամալիրը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ գյումրեցիների համար հոգեհարազատ վայր: Համալիր են այցելում նաև Գյումրի ժամանած շատ զբոսաշրջիկներ: Հուշատախտակի բացման արարողությունը ևս մեկ քայլ է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում, վառ պահելով բոլորի հիշողություններում Ռուս սպաների հավերժ հիշատակը: Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում հուշահամալիրի կառուցապատման բոլոր մասնակիցներին և հովանավորներին: Հուշահամալիրի կառուցապատողներին, հովանավորներին և մասնակիցներին պատվոգրեր հանձնեց ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վյաչեսլավ Կովալենկոն:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31