Տպել
Նորություններ
Աշխատանքի տոնավաճառ
09.09.2011
Այսօր Գյումրու Վ.Աճենյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պետական բյուջեի ֆինանսավորմամբ և <<Զբաղվածության պետական ծառայություն> գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ 2011 թվականի հերթական աշխատանքի տոնավաճառ: Տոնավաճառի նպատակն է առաջարկել.
-աշխատանք փնտրողներին` հանդիպել բազմաթիվ գործատուների հետ, ծանոթանալ և դիմել առաջարկվող առկա և սպասվող թափուր աշխատատեղերին, ինչպես նաև ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:
- գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ, ստեղծել որակյալ մասնագետների տվյալների բազա, նաև ծանոթանալ մարզի աշխատաշուկայի իրավիճակին:
Այս տոնավաճառը 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից 4-րդն է, որին մասնակցելու հայտ են ներկայացրել շուրջ 33 գործատու, նախատեսվում է ներկայացնել 142 առկա և 100 կանխատեսվող թափուր աշխատատեղ: Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 3000 աշխատանք փնտրող:
2010 թվականի ընթացքում պետ բյուջեի ֆինանսավորմամբև <<Զբաղվածության պետական ծառայություն> գործակալության նախաձեռնությամբ տեղի է ունեցել վեց աշխատանքի տոնավաճառ` Գավառ, Վանաձոր, Իջևան, Գյումրի, Աբովյան և Երևան քաղաքներում:
Ընդհանուր առմամբ 2010թ-ին կազմակերպված աշխատանքի տոնավաճառներին մասնակցել է շուրջ 280 գործատու և շուրջ 17800 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել է շուրջ 1461 առկա և 825 սպասվող թափուր աշխատատեղ:
Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալները, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, համակարգի և ոլորտի պատասխանատուներ: Միջոցառման մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունեց, և տոնավաճառի
աշխատանքներին հաջողություններ մաղթեց մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը: Փոքր ինչ վրդովված, սակայն շատ տեղին էր Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Բորիս Ալեքսանովի խոսքն ուղղված բոլոր այն անբարեխիղճ գործատուներին, ովքեր կամ բարետես աղջիկներ են փնտրում, կամ էլ եղած աշխատատեղերը ծառայեցնում են իրենց ազգ ու բարեկամներին: Երիտասարդ ու բարետես աղջիկ ման եկողներին հատկապես խորհուրդ տվեց սկսել իրենց երեխաներից:
Շիրակի մարզում 2011թ-ի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 10618, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 7,9 տոկոսով /904 մարդ/, իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 9,7 տոկոսով /1128 մարդ/: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82,9 տոկոսը կամ 8812 մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22 տոկոսով /2528 մարդ/, իսկ տարեսկզբի նկատմամբ նվազել է 7,4 տոկոսով /703 մարդ/: Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 70 տոկոսը, կամ 6175 մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 1,989 տոկոսը գյուղաբնակներ են: Գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում աշխատաշուկայում անմրցունակ, հատկապես երեք տարուց ավելի գործազուրկի կարգավիճակում գտնվողները /1539 մարդկամ20,1 տոկոս/ և հաշմանդամները /251 մարդ կամ չզբաղվածների 3,2 տոկոսը/: Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 463 աշխատանք փնտրող:
Այս տարի կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառ»-ում գործատուների կողմից մեծ պահանջարկ ունեին համակարգչային օպերատորները, գովազդային գործակալները, սեղանի ձևավորողները, ֆլորիստ դիզայներները, բանվորները, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրամասերում աշխատողները: Ակնհայտ էր լրագրողի և գովազդային գործակալի պահանջը, որը ներկայացրել էին ցուցահանդեսի նմասնակից լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցում են տարբեր մասնագիտության, տարբեր տարիքի մարդիկ, ինչպես նրանցից շատերն էին ասում- մեր մասնագիտությամբ այլևս նոր աշխատանք գտնել հնարավոր չէ, աշխատում ենք, որքան հնարավոր է մեր նախկին մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնենք, իսկ աշխատանքային փորձ չունեցողներից շատերն էլ ասում էին, որ համաձայն են ցանկացած աշխատանքի` միայն թե աշխատանքային փորձ ձեռք բերեն: Ի դեպ առաջին անգամ տոնավաճառին մասնակցում էին <Ագաթ> հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր ոչ մեկ անգամ ապացուցելեն, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ հասարակությունը պետք է փոխի իր վերաբերմունքը, և ավելի շատ պետք է բարձրացնել իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալական վիճակի ու կենսակերպի, որոշակ իբարելավման նկատմամբ:








