Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դարբնությանը նվիրված գիտագործնական համաժողով Գյումրիում

23.10.2011

 

Հովհաննես Շարամբելյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն առաջին անգամ կազմակերպեց դարբնությանը նվիրված գիտագործնական համաժողով: Համաժողովի նպատակն էր անցկացնել վարպետության դասեր հանրապետության ճանաչված դարբինների մասնակցությամբ, և պատահական չէր, որ համաժողովի անցկացման վայր ընտրվել էր Գյումրին, ավելին, հանրապետությունում և Գյումրիում բավականին ճանաչում ունեցող դարբիններ Գագիկ և Վարդան Մարտիրոսյանների <Եռանկյունի> դարբնոցում, որտեղ եղբայրներն առաջիկայում ցանկանում են հիմնել դարբնության դպրոց : Արվեստների ու արհեստների քաղաք Գյումրին մշտապես հայտնի է եղել իր դերձակով, դարբնով, կավագործով ու հանրաճանաչ շատ ու շատ վարպետներով, որոնց շնորհիվ սերունդներին են փոխանցվել բազմաթիվ ու տարաբնույթ արհեստներ, որոնց տարբեր ժամանակաշրջաններ մշտապես սպառնացել է վերացման վտանգ, և միայն շնորհիվ վարպետների նվիրվածության, այն պահպանվել ու փոխանցվել է սերունդներին: Գիտագործնական համաժողովի մասնակիցներին ողջունեց  Շարամբելյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի փոխտնօրեն Տիգրան Հակոբյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, ով խոստովանեց, որ Գյումրու Հայագիտական կենտրոնի գիտաշխատողներից խնդրել է նյութեր դարբնության արհեստի և վարպետության պատմության և ակունքների մասին, և որոշ հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեց դարբնության պատմությունից: Առավել ընդգրկուն` <Դարբնությունը հայոց մեջ> և <Դարբինը հայոց ծիսակարգում> թեմաներով ելույթ ունեցավ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը: Աղասի Թադևոսյանը ներկայացնելով դարբնագործության վերաբերյալ տեղեկատվություն, մեջբերեց Սողոմոն իմաստունի շատ հետաքրքիր մի հիմնավորումից, այն մասին, որ ամենաբարձր տեղում նստելու իրավունք է ունեցել նստելու միայն դարբինը: Մեկ այլ տեղեկատվության համաձայն, զնդանը դրվում է կայծակից շանթահարված ծառի կոճղի վրա, խորհրդանշելով նախ դարբնի հուժկու հարվածները կոճղի տակ գտնվող վիշապի գլխին ապա այն որ, եթե այդ ծառը դիմացել է կայծակին, կդիմանա նաև դարբնի հարվածներին: Հետաքրքիր էր նաև Աղասի Թադևոսյանի ներկայացրած տեղեկատվությունը դարբնի տաշտի ջրի վերաբերյալ, որն ունի սուրբ նշանակություն, վիշապին ոչնչացնելու համար դարբինը կարմրած երկաթը ծեծելուց հետո մտցնում է ջրի մեջ և ջուրը ստանում է բուժիչ հատկություն:  Ծննդկան կամ հիվանդ ունեցող ընտանիքները դարբնից տարել են այդ ջրից, խմեցրել հիվանդին և վիշապին հանել մարդու միջից: Դարբնությունը մեծ տարածում է ունեցել հին Հայաստանում և համարվել կորովի մարդկանց արհեստ, զորության խորհրդանիշ: Դարբինը մշտապես համարվել է արարչագործ, գերբնական ուժի կրող: 1222 թվականի Անեցիների թարգմանած մի երազահանում ասվում է. <Զինչ երկաթ, որ լինի զամենն բարի է>, <Թե երազ տեսնողը դարբնություն առնէ` գանձ գտանէ>: Դարբնությունը պատմական Հայաստանի ամենահին արհեստներից է: Հայ վարպետները երկաթից կռել-պատրաստել են գյուղատնտեսական և աշխատանքային գործիքներ, զենքեր, տնային կահ-կարասի, զարդարանքի պարագաներ ու հմայիլ պահպանակներ…
Շարամբելյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ռազմավարական ծրագրերի բաժնի վարիչ Ռոբերտ Ավանեսյանը <Դարբնության ազգային ավանդույթների պահպանման, հանրահռչակման և փոխանցելու գործին մասնակցելու համար > ՀՀ մշակույթի նախարարության հավաստագրերը հանձնեց Գյումրեցի դարբիններ, եղբայրներ Գագիկ և Վարդան Մարտիրոսյաններին, Ռուբեն Կիրակոսյանին, Արամ Սեքսենյանին, Սերյոժա Մանուկյանին, և Երևանից ժամանած Ավետիս Դեմիրճյանին ու Աշոտ Գալստյանին: Շնորհակալագրերի հանձնման արարողությունից հետո, միջոցառման մասնակիցներն այցելեցին Գագիկ Մարտիրոսյանի տան հարևանությամբ գործող դարբնոց, ուր և մնացած մասնակիցների հետ անցկացրեցին դարբնության առաջավոր փորձի փոխանակում, ծանոթացան արհեստների ավանդական մեթոդներին, տեխնոլոգիական նրբություններին և աշխատաձևերի հմտություններին: Գիտագործնական համաժողովի ավարտին որոշվեց այն դարձնել շարունակական, և գոնե տարին մեկ անգամ հավաքվելով վեր հանել արհեստի այս ճյուղում առկա խնդիրները, և ոչ միայն խնդիրները, այլ ցանկացած նորը, ինչը կապված կլինի դարբնության հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42