Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌՈՒՄԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

28.10.2011

 

 
Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, ՀՀ տարածքային կառավարման և արտաքին գործերի նախարարության համագործակցությամբ ճանաչողական այցով Հայաստան ժամանած ռումին քաղաքապետերը Տավուշի մարզ այցելությունից հետո ժամանեցին Գյումրի: Քաղաքի մուտքի մոտ հյուրերին աղ ու հացով դիմավորելուց հետո, պատվիրակությունն ուղևորվեց Գյումրու քաղաքապետարան, որտեղ հյուրերին և նրանց ուղեկցողներին` Ռումինիայում դեսպանության խորհրդական տիկին Նելլի Մաթևոսյանի գլխավորությամբ դիմավորեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սա ռումին քաղաքապետերի առաջին այցն է Հայաստան: Խմբի մեջ ընդգրկված են Պիտեշտի քաղաքապետ Թուդոր Պենդիուկը, Ֆոկշանի փոխքաղաքապետ Բոգդան Մատիշանը ում ներկայացնելուն պես աշխուժություն առաջացավ ներկաների մոտ, վերջինիս ազգանունը հասկացվել էր Մատնիշյան, ինչը հասկանալի է պատահական չոգևորեց ներկաներին: Ռոմանի քաղաքապետ Լաուրենցիու Լեորեանուն, Գեռլայի քաղաքապետ Օվիդիու Դրագանը,  Դումբրավենի միակ կին քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն և Ֆրումոասայի քաղաքապետ Տիբոր Ֆերենցը: Ծանոթությունից հետո ծավալվեց սրտաբաց զրույց այցելության հետ կապված: Ռումին քաղաքապետերը խոստովանեցին, որ մինչև Հայաստան գալն իրենք Հայաստանի դեսպանատանը հանդիպել են դեսպան Համլետ Գասպարյանի հետ, ով ռումին քաղաքապետերին ներկայացրել է այն կարևորությունը, որ Հայաստանի կառավարությունը տալիս է գործընկեր երկրների հետ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Հայաստանի դեսպանը նշել է, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների և համայնքների միջեւ տեղական ինքնակառավարման, մշակույթի և կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, զբոսաշրջության և տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը: Գյումրու քաղաքապետը մանրակրկիտ ներկայացրեց Գյումրիում տիրող վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, փոխադարձ համագործակցություն սկսելու համար ներկայացրեց մի շարք առաջարկներ, որոնք հավանության արժանացան ռումին քաղաքապետերի կողմից:
Իրենց  հերթին ռումին քաղաքապետերը նշեցին, որ Ռումինիան, որը բավականին հարուստ փորձ է կուտակել ապակենտրոնացված մակարդակով համագործակցության բնագավառում, հետաքրքրված է Հայաստանի հետ նմանօրինակ կապեր հաստատելու գործում' մասնավորապես հաշվի առնելով Ռումինիայում հայոց դարավոր ներկայությունն ու թողած հարուստ մշակութային ժառանգությունը, որոնց միջոցով հնարավոր է խթանել տեղական զբոսաշրջությունն ու իրականացնել տարբեր ծրագրեր:
Ռումինիայի հայ համայնքը համարվում է Եվրոպայում հանգույններից մեկը: Հայերն այս տարածքներում հաստատվել են 10-րդ դարից սկսած: Միջին դարերում Մոլդովայում հայերի թիվն այնքան էր աճել, որ Ալեքսանդր Բարի իշխանի 1401թ. հուլիսի 30-ի հրովարտակով նրանց համար Սուչավա մայրաքաղաքի մեջ հաստատում է հայոց եպիսկոպոսական աթոռը: Հայերը, որպես ռումինական հասարակության բաղկացուցիչ մաս, լիակատար կերպով մասնակցում էին Ռումինիայի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կյանքին' իրենց կարեւոր նպաստը բերելով երկրի զարգացմանը և բարգավաճմանը: Հայոց ներկայությունը, նույնիսկ մինչև այսօր զգալի է:
Այսօր հայ համայնքին վերապահված է փոքրամասնության կարգավիճակ, որն իր ներկայացուցիչն ունի Ռումինիայի Խորհրդարանում: Ներկայումս Ռումինիայի տարածքում առկա են երկու տասնյակից ավելի հայկական եկեղեցիներ: Օր.' Բոտոշանի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է դեռևս 1350թ., Յաշի Սուրբ Մարիամ եկեղեցին, որ մինչև այսօր կանգուն է, քաղաքի ամենահին կառույցներից է (1395թ.), Սուչավայում գործում են Սուրբ Խաչ (1521թ.) եկեղեցին և Հաճկատար (1512թ.) ու Զամկա (1551թ.) վանքերը, որոնք հայտնի են ոչ միայն հայերի, այլև տեղացիների մեջ: Տրանսիլվանիայում Գեռլա և Դումբրավեն քաղաքները 18-րդ դարի սկզբին հիմնվել են հայերի կողմից, ուր առկա է հայկական հարուստ մշակութային ժառանգություն' քաղաքային հոգևոր և աշխարհիկ շինությունների, արվեստի գործերի, գիտապատմական հետաքրքրություն ներկայացնող արժեքավոր արխիվների տեսքով: Բուխարեստի կենտրոնում' «Հայկական թաղամասում» է գտնվում Սբ. Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցին' հարակից Առաջնորդարանով, Դուդյան Մշակույթի կենտրոնով, թանգարանով և Ռումինիայի Հայոց միության վարչական շենքով, քիչ հեռու'Հայկական գերեզմանոցը, «հին քաղաքի» տեսարժան վայրերից է համարվում «Հանուլ Մանուկ» իջևանատան համալիրը, նշանավոր են Զամբակչյան թանգարանը և Աննա Մելիքի պալատը:
Հյուրերը քաղաքապետի հետ հանդիպումից հետո այցելեցին Սրբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ հիմնված Խաչքարերի պուրակ, որտեղ իրենց անվտանգ ու հավերժական տեղը գտան Ջուղայում վանդալիզմի զոհ դարձած հայկական խաչքարերը, որոնք միայն տարբերվում են ժամանակի առումով: Պուրակից հյուրերն այցելեցին Գյումրիում տեղակայված Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարան, ճիշտ է առաջնորդը բացակայում էր Հայաստանից, բայց հյուրերը բավականին հագեցած և գործնական զրույց ունեցան տեր Գրիգորի հետ: Հատկապես հետաքրքիր էր քաղաքապետերի այն առաջարկը, որ իրենց մոտ գործող հայկական եկեղեցիներում ցանկություն կա պատարագները հայերենով մատուցելու, ցավոք չկա համապատասխան հոգևորական: Տեր Գրիգորը խոստացավ քաղաքապետերի բարձրացրած հարցն անպայման հասցնել Սրբազանին, հարցի դրական լուծում տալու համար: Հյուրերն այցելեցին Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի /Ձիթողցյանների/ տուն թանգարան, շրջայց կատարեցին քաղաքում, և կարճատև հանգստից հետո մեկնեցին մայրաքաղաք, որտեղ նախատեսված էր հանդիպում դեսպանի հետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23