Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մոնիտորինգի արդյունքների ներկայացում

12.11.2011

 

Նոյեմբերի 11-ին Գյումրու Վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ Շիրակի մարզում Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մոնիտորինգի արդյունքների ներկայացումը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը, <Բժիշկներ առանց սահմանի> հայաստանյան առաքելության ղեկավար Ջանթի Թիայան, մարզի առողջապահության վարչության աշխատակիցներ, մարզի ինֆեկցիոն հիվանդանոցի և առողջապահական հիմնարկների տնօրեններ: Նախ զեկույցով հանդես եկավ մարզպետի տեղակալը, ով մասնակիցներին ներկայացրեց որոշ տեղեկություն մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ: Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացությունն աճել է 2.5 անգամ /100 հազար բնակչի հաշվարկով/: Բարձրացել է նաև տուբերկուլյոզից մահացության ցուցանիշը` 40 տոկոս /100 հազար բնակչի հաշվարկով/: Հաճախացել է հիվանդության արագ և տարածուն ձևերի աճը` մահացու ելքով: Աճել են նաև <ընտանեկան> տուբերկուլյոզի դեպքերը: Ավելի հաճախացել է աշխատունակ տարիքի մարդկանց հիվանդացությունը, իսկ 15-24տ երիտասարդների տեսակարար կշիռը կազմում է 30տոկոս: Շիրակի մարզում գրանցված տուբերկուլյոզի նոր դեպքերի թիվը 2010 թ. Կազմում է 129 հիվանդ, 2011թ.` 88 հիվանդ: Նախկինում բուժված դեպքերի թիվը 2010թ եղել է 202 հիվանդ, 2011թ` 112 հիվանդ: Դիսպանսեր հսկողության տակ են գտնվում 336 հիվանդ: Ստեղծված վիճակի հիմնական պատճառներն են բնակչության սոցիալ-տնտեսական դժվարությունները, բնակչության միգրացիոն պրոցեսը, հակատուբերկուլյոզային հիմնական պրեպարատների նկատմամբ հիվանդության հարուցիչի դեղորայքային կայուն ձևերի ավելացումը, <ռիսկի> խմբերում տարվող կանխարգելիչ աշխատանքների ոչ բավարար մակարդակը: Շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակիցներին ծրագրի իրականացման համար, պարոն Պետրոսյանը մարզպետի շնորհակալագեր հանձնեց   Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանին, և <Բժիշկներ առանց սահմանի> հայաստանյան առաքելության ղեկավար Ջանթի Թիայաին: Մոնիտորինգի արդյունքները մասնակիցներին ծանոթացրեց Տուբերկուլյոզի դեմ պայքարի Ազգային ծրագրի գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը: Մոնիտորինգ իրականացվել են մարզի և Գյումրու հետևյալ բուժ հաստատություններում` Գյումրու ինֆ. Հիվանդանոց, թիվ 1 և 2 պոլիկլինիկաներ, Աբաջյանի անվ. Ընտանեկան բժշկության կենտրոն, Էնրիկո Մատտեի, Բեռլին, Կարմիր խաչի անվան ՊԿ, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի ԲԿ, Աշոցքի <Տիրամայր Նարեկ> հիվանդանոցում և Մարալիկի առողջության կենտրոնում: Մոնիթորինգի այցերի ընթացքում արձանագրվել էին մի քանի շենքային, բժշկի և բուժքրոջ վերապատրաստման խնդիրներ, որոշ ՏԲ կաբինետներում առկա են եղել դեղորայքի պակաս: Ելույթի ավարտին ներկայացվեց կատարված մոնիթորինգի վերաբերյալ եզրակացությունը, համաձայն որի մարզում անհրաժեշտ է` բարձրացնել դեպքերի /հատկապես ԹԿՄ+/ հայտնաբերման մակարդակը, բարելավել խորխի տեղափոխման գործընթացը, առավել արդյունավետ իրականացնել մոնիթորինգը, բոլոր հիվանդների համար ապահովել ուղղակիորեն հսկման տակ դեղորայքի ընդունումը, ուժեղացնել ԳԲԱ-ների կողմից ուղղակիորեն հսկման տակ դեղորայքի տրամադրման գործընթացի վերահսկումը, ապահովել հիվանդների բուժման հետևողականությունը` նրանց հետ վարելով տեղեկատվական բացատրական զրույցներ, ազգաբնակչության շրջանում կազմակերպել լուսաբանման-իրազեկման աշխատանքներ: Իրազեկման նպատակով հաջորդիվ ներկայացնում ենք տուբերկուլյոզ հիվանդության վերաբերյալ տեղեկատվություն: Մինչ 1890-ականները մարդկությանը դեռևս հայտնի չէր տուբերկուլյոզի առաջացման պատճառները` միայն 1892թ. գերմանացի գիտնական Կոխը հայտնաբերեց, որ տուբերկուլյոզի տարածման պատճառը ցուպիկ է, որը հիվանդից կարող է փոխանցվել շրջապատող աշխարհին: Բացիլները մինչ օրս էլ կրում են գիտնական Կոխի անունը:
Տուբերկուլյոզը փոխանցվում է հիվանդ կենդանիների կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև հիվանդ հավերի ձվի միջոցով: Հարուցիչը կարող է փոխանցվել կթվորուհիներին և հիվանդ կենդանիներին խնամող անձնակազմին:
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ մարդն է` բացիլավոր հիվանդը, ում խորխի հետ արտադրվում են տուբերկուլյոզի բազմաթիվ միկոբակտերիաներ: Տուբերկուլյոզի բաց ձևի ժամանակ հիվանդը կարող է վարակել շրջապատողներին, եթե չպահպանի հիգիենային նախազգուշական միջոցառումները: Ի տարբերություն սերտ շփման` պատահական և կարճ շփման ժամանակ վարակումը հազվադեպ է լինում: Փակ ձևի սկզբնական շրջանում հիվանդներն այնքան էլ վտանգավոր չեն շրջապատի համար, բայց հիվանդության խորացման դեպքում հիվանդները սկսում են արտադրել հարուցիչներ:
Տուբերկուլյոզը ժառանգաբար չի փոխանցվում: Սակայն երեխան կարող է վարակվել ծնողներից, եթե նրանք խախտեն հիգիենայի պահպանման կանոնները: Այն առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, ինչպես նաև կենցաղային առարկաների վրա: Հատկապես թույլ լուսավորված տեղերում մանրէները երկար պահպանում են իրենց կենսունակությունը:
Օրգանիզմում միկոբակտերիաների ներդնումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմում առկա այլ հիվանդությունների պատճառով, քանզի այդ հիվանդությունները նպաստում են դիմադրողականության անկմանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20