Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի այցը Գյումրի

28.11.2011

 

Ճանաչողական այցով նոյեմբերի 28-ին Գյումրի էր ժամանել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ` Լիբի Հեֆերնի հետ: Ջոն Ա. Հեֆերնը, ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային աշխատող է, ով մինչև վերջերս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության փոխղեկավարն էր: Մինչ այդ Հեֆերնը եղել է Ջակարտայում (Ինդոնեզիա) ԱՄՆ դեսպանության փոխղեկավար և  Քաղաքական հարցերով փոխպետքարտուղարի գործադիր օգնական: Նրա մյուս դիվանագիտական նշանակումները ներառում են. ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելություն, Տոկիո, Մալազիայի հարցերով պատասխանատու Վաշինգտոնում, Կուալա Լումպուր (Մալազիա), Աբդիջան (Փղոսկրի Ափ) և Գուանգժու (Չինաստան): Որպես Պիրսոնի ծրագրով գիտաշխատող Հեֆերնը աշխատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովի աշխատակազմում: Նախքան դիվանագիտական ծառայության անցնելը Հեֆերնը աշխատել է սենատոր Ջոն Դենֆորթի (հանրապետական, Միսսուրի նահանգ)  գրասենյակում որպես գրասենյակի ղեկավար և հետազոտական հարցերով օգնական: Հեֆերնը ծնվել է Միսսուրի նահանգի Սենտ Լյուիս քաղաքում, բակալավրի կոչում է ստացել Միչիգանի նահանգային համալսարանում: Ջոնը և Լիբին ունեն հինգ երեխա:
 Առավոտյան վաղ դեսպանն այցելությունն սկսել էր Գյումրու <Ընտանեկան բժշկության կենտրոնում> մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից: Այնուհետև դեսպանը և նրան ուղեկցողներն այցելեցին Գյումրու Սրբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ Երկրաշարժի զոհերի հուշակոթող: Մինչև հուշակոթողի մոտ ծաղկեպսակ տեղադրելը, դեսպանն անցավ Ջուղայում վանդալիզմի զոհ դարձած խաչքարերի կրկնօրինակների պուրակով, ափսոսանք հայտնեց որ դրանց բնօրինակներն այլևս գոյություն չունեն: Հեֆերն ամուսինները ծաղկեպսակ դրեցին Երկրաշարժի զոհերի հուշակոթողին, և հենց հուշակոթողի հարևանությամբ էլ պատասխանեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների մի քանի հարցերի: -Վեց շաբաթ է Հայաստանում եմ, բայց շատ բան եմ տեսել ու զգացել, բավականին կարդացել եմ Հայաստանի մասին, հիմա էլ շարունակում եմ կարդալ, ավելին, կնոջս հետ ամեն առավոտ հայոց լեզու ենք սովորում, լրագրողների հարցերին պատասխանեց պարոն դեսպանը, և հաստատելու համար իր ասածները, հավաքվածներին ողջունեց հայերենով, հաստատեց, որ սիրում է հայերին և սովորում է հայերեն: Պատասխանելով էլի մի քանի հարցերի, պարոն դեսպանը հատկապես իր գոհունակությունը հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ժողովրդի ձեռք բերումների և սպասվելիք առաջիկա հաջողությունների մասին, որը կարևորեց փակ սահմանների պարագայում, որպես տնտեսության զարգացման աճի կարևորագույն նախապայման: Պարոն Հեֆերնի այցի հաջորդ կանգառը Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի 1-ին հարկում գործող, հանրապետական գիտատեխնիկական գրադարանում դեռևս 2005 թվականին բացված ամերիկյան անկյունն էր: Հյուրերին աղ ու հացով դիմավորելուց հետո, պարոն դեսպանն ու նրան ուղեկցողները ծանոթացան ամերիկյան անկայն պատմությանն ու գործունեությանը: ԱՄՆ դեսպանատան և հայկական գրադարանների համագործակցությամբ ձևավորված ամերիկյան անկյունները, որն ի դեպ հանրապետությունում հինգն են, նպատակ ունեն խորացնելհամագործակցությունը Միացյալ նահանգների ու Հայաստանի միջև` ապահովելով փաստացի, ճշգրիտ ու բաց տեղեկատվություն Միացյալ նահանգների մասին: ԱՄՆ վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու նպատակով ամերիկյան անկյունները կազմակերպում են տարբեր միջոցառումներ` դասախոսություններ, սեմինարներ, հանդիպումներ, կազմակերպվում են ամերիկյան ֆիլմերի ցուցադրում, անգլերենի դասերի և թոյֆլների ուսուցում և պարապմունքներ, կրթական խորհրդատվություն, և այս ամենն անվճար:  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել և կահավորվել էր անկյան ևս մեկ սենյակ: Սենյակի բացման պատիվը տրվեց պարոն դեսպանին, ով էլ բացման արարողությունից հետո առաջին հանդիպումն անցկացրեց միջոցառմանը մասնակից ամենակրտսեր անգլախոսների հետ, ովքեր ներկայացնում են Գյումրու Բայրոնի անվան դպրոցը: Մինչև անկյան նոր սենյակում կծավալվեր ուրախ մթնոլորտ, նոր ծանոթություններ, և դեսպանատան ներկայացուցիչների հանդիպում տարիքային տարբեր խմբերի դպրոցականների հետ, պարոն դեսպանն այցելեց Շիրակի մարզպետի հետ հանդիպման: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում,  ծավալված խոսակցության արդյունքում քննարկվեցին և փոխանակվեցին մի շարք հարցեր ու խնդիրներ: Երկու կողմերն էլ գոհունակություն հայտնեցին առաջին հանդիպման արդյունքներից հույս հայտնելով հետագա համագործակցության համար: Օրվա երկրորդ կեսին դեսպանը նախատեսել էր հանդիպում Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրինության և աշխատակազմի հետ:
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23