Տպել
Նորություններ
Աշխատանքային այց Շիրակի մարզ
26.12.2011
Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզ էին այցելել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակությունն այցը սկսեց Աշոցքի տարածաշրջանից: Պարոն Գևորգյանն Աշոցքի համայնքապետարանում ՀՀ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի և տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին հարցեր սեփական եկամուտների հավաքագրման և այլ ընթացիկ խնդիրների վերաբերյալ:
Պատվիրակությունն այնուհետև մեկնեց Մայիսյան համայնք, որտեղ ավարտին է հասել մշակույթի տան շինարարական աշխատանքները: Համայնքի մշակույթի տունը փլուզվել էր 1988թվականի երկրաշարժի ժամանակ: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով համայնքում նոր մշակույթի տան կառուցման նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 160մլն. դրամ, ծրագրի երկրորդ մասով՝ ևս 12մլն. դրամ՝ բարեկարգման համար:
Պարոն Գևորգյանը առողջապահության նախարարի, մարզպետի և Գյումրու քաղաքապետի ուղեկցությամբ եղավ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի հարևանությամբ կառուցվող նոր բժշկակական կենտրոնի շինհրապարակում, ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին: Այն կառուցվում է ՀԲՆ կողմից ֆինանսավորվող ՙՙԱռողջապաության համակարգի արդիականացում՚՚ ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2010թ. սեպտեմբերին: Բժշկական կենտրոնի շինարարության ավարտը նախատեսված է 2012թ. ապրիլին: Արդյունքում Գյումրիում գործելու է արդի բազմապրոֆիլային բժշկական կենտրոն՝ լայն ախտորոշիչ հնարավորություններով, վերազինված ժամանակակից սարքավորումներով: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 4,6մլրդ. Դրամ: ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին մարզում առողջապահական հաստատությունների ներկա վիճակին, դրանց արդիականացմանն առնչվող հարցեր:
Պարոն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը ներկա գտնվեց նաև Գյումրու տարածքային հարկային տեսչության սպասարկման կենտրոնի բացման արարողությանը, որին մասնակցում էին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ: Հիմնանորոգված կենտրոնը սպասարկելու է Գյումրու, Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի ավելի քան 3800 գործող հարկ վճարողների: Նոր պայմանները հնարավորություն կընձեռնեն նվազեցնել հարկային տեսուչ-հարկատու շփումը, կենտրոնում գործելու է մեկ պատուհանի սկզբունքը: