Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

29.12.2011

 

Ամանորյա մարզխորհրդի նիստը, որպես կանոն մշտապես տարբերվել է նախորդներից, թեկուզ հենց նրանով, որ այն նախատոնական է և ակնկալում է միայն բարձր տրամադրություն, պարգևատրումներ, և իհարկե հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: 2011 թվականի ամփոփիչ ամանորյա մարզխորհուրդը սկսվեց Շիրակի մարզի օրհներգով, որի հեղինակը գրող, բանաստեղծ Սամվել Մարգարյանն է: Օրհներգը կատարեց Արթիկի թիվ 5 դպրոցի երգչախումբը, որը հանրապետական մի շարք փառատոնների հաղթող է:
Օրհներգի կատարումից և ևս մի քանի կատարումներից հետո, համաձայն օրակարգի, 2011 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Շիրակի մարզպետ պարոն Աշոտ Գիզիրյանը: Ստորև ներկայացնում ենք Շիրակի մարզպետի ելույթն ամբողջությամբ:
         Բարև Ձեզ հարգելի համայնքապետեր, հյուրեր:
         Ավանդաբար այս նիստը անցնող տարում կատարածն ամփոփելու, հաջողությունները գնահատելու, բացթողումները մատնանշելու և վերացնելու նպատակ ունի:
 Մի քանի օրից մենք պատմությանը կհանձնենք քաղաքական ու տնտեսական իրադարձություններով հարուստ հին տարին, իսկ 2012 թվական ենք մտնում վստահ այն համոզմամբ, որ մեր մարզի առջև կանգնած խնդիրները մենք ենք լուծելու:
Հաջորդ տարին էլ լինելու   է աշխատանքի, մարզի բնակչության հիմնախնդիրներն ըստ առաջնահերթության լուծելու, սոցիալական լարվածությունը մեղմացնելու տարի:
 Ինչ ենք արել 2011 թվականին, խոսենք միայն կարևորի մասին:
2011-ը տոնական տարի էր բոլորիս համար, լրացավ Հայաստանի Հանրապետության անկախության 20 տարին, որը դարձավ համազգային տոն:
Տարին նշանավորվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներում ընդգրկված 44 ծրագրերից 41-ի լիարժեք իրականացմամբ, որոնք կոչված են լուծելու բազում սոցիալական ու տնտեսական հարցեր։
 Երեք խոշորամասշտաբ ծրագրեր էլ ընթացքի մեջ են։ Դրանցից գլխավորը Գյումրի քաղաքի` երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու և մարզի գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքների համար բնակարաններ կառուցելու ծրագրերն են, որոնց աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ երրորդի` Վահրամաբերդի մշակույթի տան կառուցման աշխատանքների ֆինանսավորումն ընդգրկված է 2012 թվականի պետբյուջեում։
Բացի այդ, տարին նշանավորվեց մարզի առաջնահերթ լուծում պահանջող հարցերի երկու ծրագրերով հատկացված 2 միլիարդ 640 միլիոն դրամի աշխատանքների իրականացմամբ:
Մենք ներգրավեցինք կարող ուժեր, խիստ վերահսկողություն սահմանեցինք աշխատանքների որակի վրա և ժամանակին ավարտեցինք հաստատված ծրագրերը:
 
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների կողմից թողարկվող և իրացվող արտադրանքի ծավալը ըստ կանխատեսումների կհասնի շուրջ 40 մլրդ դրամի:
Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 60 տոկոս:
 Տարվա ընթացքում արտադրանք են թողարկել շուրջ 110 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 76-ը մշակող արդյունաբերության ճյուղի ընկերություններ են: 
«Ամասիայի վերականգնման» հիմնադրամի և հայ–գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության համագործակցությամբ ստեղծվեց ժամանակակից կարի ֆաբրիկա, որտեղ ներկայումս աշխատում է 150 մարդ:
Կառուցվում է 150 աշխատատեղով ածիկի գործարանը:
 Աշխատատեղեր են ավելացել մի քանի արտադրական ձեռնարկություններում:
Մի շարք ծրագրեր են իրականացվել Գյումրու տեխնոպարկի ստեղծման պետական ծրագրի իրականացման գլխավոր օպերատորի` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից:
Աջակցություն է տրամադրվել տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացմանը, անցկացվել է ճարտարագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարի մրցույթ:  
 Գյումրիում բացվել է ցանցային սարքավորումների արտադրությամբ զբաղվող «Դ-լինք» ընկերության տարածաշրջանային հետազոտական կենտրոնը, ինչպես նաև ճարտարագիտական-կրթական հետազոտությունների լաբորատորիա, ուր արդեն ուսուցում են անցել 203 ուսանողներ:
Սակայն արդյունաբերության ոլորտում կատարված ներդրումների ծավալները դեռևս բավարար չեն մարզի տնտեսության զարգացման, ու, որ ամենակարևորն է, արտադրական հզորությունների ավելացման, նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Մարզում գլխավոր խնդիր է մնում Գյումրու տեխնոպարկի ամբողջացումը, որի ապագային ինքս էլ սկսել եմ հավատալ:
Տեխնոպարկը հնարավորություն կտա Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում ունենալ մեծ թվով բարձր վարձրատրվող աշխատատեղեր եւ ինտելեկտուալ, որակավորված երիտասարդ մասնագետների մեծ բազա: Այս ծրագրի հաջողությունները բարենպաստ միջավայր կստեղծեն ներդրումների համար:
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻՈԼՈՐՏ
    Համայնքների 11 ամիսների բյուջեներով հաստատագրված hողի հարկը կատարվել է 89.8 %-ով /նախորդ տարվա 81.8 %-ի դիմաց/: Չնայած հավաքագրման տոկոսը բարձր է, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ պակաս է գանձվել 29 միլիոն 778 հազար դրամ:
Գույքահարկի հավաքագրման ցուցանիշը կատարվել է 83 տոկոսով, հողի վարձավճարինը`   ընդամենը 76.3 տոկոսով: Երկու դեպքում էլ բերված թվերը մտահոգող են:
Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մի շարք համայնքապետեր ուղղակի անտարբերություն են դրսևորում սեփական եկամուտների հավաքագրման նկատմամբ, որն իր հետ բերում է բացասական միտումներ:
Փաստորեն բավարարվում են դոտացիայի միջոցով միայն իրենց աշխատավարձն ապահովելով:
Դա էլ առաջացնում է բնակչության արդարացի դժգոհությունը:
Այդ համայնքապետերը` անուններ չնշեմ, պետք է, որ հրաժարվեն այս գործելակերպից:
 Իսկ մենք հետևողական ենք լինելու:
Մտահոգող է նախորդ տարիներից կուտակված աշխատավարձի և սոցիալական վճարի պարտքերի մարման գործընթացը: 13 համայնքներում պարտքը կազմում է՝ 31 միլիոն 842 հազար դրամ:
Համայնքապետերին խնդրում եմ հետեւություն անել:
 
 
 
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
 Հարգելի ներկաներ,
Պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով մարզում իրականացվել է մոտ 40 միլիարդ դրամ կապիտալ ներդրումներ, որը 2010 թվականի համեմատ ավելի է չորս միլիարդով: Ընթացքի մեջ են Գյումրի քաղաքում 1756 բնակարանների եւ Ախուրյան գյուղում 108 բնակարաննեի կառուցման աշխատանքները:
Ավարտվել են Մարալիկ քաղաքում 20 բնակարանով 1 բնակելի կիսավարտ շենքի կառուցումը եւ հինգ համայնքներում կրթական օջախների հիմնանորոգման աշխատանքները:
Ընթացքի մեջ են 4 նոր դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները:
Շարունակվում է եւս 5 դպրոցների հիմնանորոգումը:
Ուզում եմ հատուկ շեշտել Շիրակի մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման առաջին և երկրորդ ծրագրերը:
 Առաջինում ընդգրկվել են 24, երկրորդում` 34 օբյեկտներ:
 Բոլոր ծրագրերն ընտրվել են համայնքների ու պետական կառույցների հետ քննարկումների արդյունքում, հաշվի առնելով բնակչության կարիքները:
Նպատակ ունենալով բարելավել բնակարանային ֆոնդի պահպանման գործը, վերանորոգվել են ութ համայնքների 126 բազմաբնակարան շենքերի տանիքներ` 764 միլիոն դրամ արժեքով:
Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքների, Ամասիա եւ Աշոցք գյուղերի փողոցների հիմնանորոգման համար կատարված ներդրումը կազմել է 954 մլիոն դրամ:
Մայիսյանի մշակույթի տան կառուցումն ավարտվել է, շուտով կավարտվեն Ազատանի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:
Ավարտվել է Գյումրու թիվ 15 դպրոցի մարզական և հանդիսությունների դահլիճների վերականգնումը:
Միայն 15 դպրոցների կենսագործունեությունն ապահովող տարբեր աշխատանքների իրականացման արժեքը կազմել է 287 միլիոն դրամ:
Նորոգվել են Գյումրու ծննդատան, Ուռուցքաբանական դիսպանսերի տանիքները, Անիպեմզայի առողջության կենտրոնի շենքը, Մայիսյանի բժշկական կենտրոնում շահագործվել է ջեռուցման համակարգը:
Հայկաձորի խորքային հորի կառուցումը նույնպես ավարտվել է:
Շարունակվում է Ոսկեհասկի մանկապարտեզի շենքի շինարարությունը:
Առափիի սողանքային գոտու 11 ընտանիքների բնակարաններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի 44 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն:
Ի դեպ նկատեմ, որ առաջնահերթ խնդիրների լուծման երկու ծրագրերի ընթացքում մարզում ստեղծվեց 1100-ից ավելի աշխատատեղեր:
Նախատեսել ենք առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի գումարները ուղղել Գյումրու երկրորդական փողոցների եւ գյուղական բնակավայրերի ճանապարհների կառուցմանը:
Այժմ համապատասխան մասնագետները համայնքներից ստացված առաջարկների հիման վրա կազմում են ծրագրեր, ուսումնասիրում են առաջնահերթությունները: Նպատակը` բոլոր 119 համայնքներում մեկական կենսական նշանակության ծրագիր իրականացնելն է:
 Հարգարժան գործընկերներ,
Ծավալուն վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել 34.3 կմ երկարությամբ ավտոմայրուղիների, և 11 ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման գործում:
Ավարտվել է Ձորի ենթաշրջանի վեց գյուղերը մայրուղու հետ կապող, անանցանելի ճանապարհների վերանորոգումը:
    Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվել է Գյումրի, Մարալիկ, Ախուրյան, Ազատան համայնքների, իսկ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ` Արթիկ քաղաքի և շրջակա 12 բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնումը:
   Ներկայացվածը մարզում իրականացվող ծրագրերի մի մասն է միայն, շատ բան է արվել ու շատ բան էլ արվելու է առաջիկայում:
Ոմանք, հարկի անհարկի շահարկում են, թե Շիրակի մարզը մոռացության է մատնված:
Ծրագրերը, թվերն ու աշխատանքներն խոսում են մարզի կարիքների հանդեպ դրսեւորվող հոգածության մասին: Այլ հարց է, որ արվածը չեն ուզում տեսնել ու գնահատել:
 Միանշանակ ասում եմ` չի հաջողվի, քանի որ իրականացվող ծրագրերը շիրակցիների աչքի առաջ են: Իհարկե, անհնար է տարիներով կուտակված խնդիրները լուծել միանգամից, մի ծրագրով:
    Մենք իրատես մարդիկ ենք ու մեր խնդիրները լավ գիտենք: Ամեն ինչի համար ժամանակ եւ միջոցներ են պետք:
Հաստատ համոզմունք ունեմ, որ առաջիկայում էլ մարզի հիմնահարցերի լուծման նկատմամբ պետության վերաբերմունքը լինելու է խիստ դրական:
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏ
Նախապատրաստվել ու անցկացվել են համայնքների 13 ղեկավարների և 6 ավագանիների անդամների ընտրություններ: Կրասարում ընտրվել է համայնքի նոր ղեկավար:
Համաձայն հաստատված ծրագրի մարզի 32 համայնքներում իրականացվել է վարչական և ֆինանսական հսկողություն:
 Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ մի շարք համայնքապետեր արժանացել են պետական պարգևների:
 Այս տարի տոնեցինք նաեւ Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակը, ինչի առթիվ հայտարարված մրցույթներում հաղթող են ճանաչվել Գյումրի, Արթիկ քաղաքները, Ամասիա համայնքը:
Լավագույնների կողքին չեմ կարող չնշել, որ կան նաեւ համայնքներ, որտեղ աշխատանքները բավարար մակարդակով չեն կազմակերպվում:
Մինչդեռ, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար համայնքների ղեկավարների աշխատակազմերի 15 աշխատակիցների նկատմամբ են կիրառվել կարգապահական տույժեր:
Ասել եմ նորից եմ կրկնում, որ բնակիչների հանդեպ լինեք ուշադիր:
Համայնքը ձեր ընտանիքն է, Դուք` նրա ղեկավարը: Այնպես արեք, որ մարդիկ հարգեն Ձեզ, գնահատեն Ձեր խոսքի արժեքը:
 Անցնենք առաջ.
Անցած 11 ամսում մարզում արձանագրվել են 873 հանցագործության դեպքեր, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ դեպքերը 
նվազել   են 31-ով,   չբացահայտված   դեպքերը` 14-ով:         Մարզում
արձանագրված հանցագործություններից 573-ը գրանցվել են Գյումրի քաղաքում և կազմում են մարզում ընդհանուր գրանցված հանցագործությունների 65%:
/Սա էլ ի գիտություն....../
Անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերվել մարզի տարածքային զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտների հաշվառման, կցագրման, զինվորական ծառայության նախապատրաստման և զորակոչի կազմակերպման աշխատանքներին, որի արդյունքում գարնանային զորակոչի պլանային առաջադրանքը կատարվել է 103,4 տոկոսով: Միջոցներ են ձեռնարկվել աշնանային զորակոչի ընթացքում նույնպես բարձր արդյունքներ ապահովելու ուղղությամբ: 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆՈԼՈՐՏ
Մարզում գործում է 34 առողջապահական փակ բաժնետիրական ընկերություն:  
Ներդրվել և իրականացվում է 0-7 տարեկան երեխաներին <<Երեխայի առողջության պետական հավաստագրի>> տրամադրման գործընթացը։
 Տարվա 11 ամիսներին մարզի հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացած մարդկանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 730-ով:
         Նվազել է նաև ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություններ դիմողների քանակը:
Անցած 11 ամսում գրանցվել է 3475 ծնունդ, որը նախորդից պակաս է 175-ով, սա պետք է մտահոգի բոլորիս :
Մարզի համայնքներում պարբերաբար անցկացվում են «Բաց դռների օրեր»:
 Առողջապահության նախարարությունը մարզին տրամադրել է   շտապ բուժօգնության ութ մեքենա, ևս մեկը ստացվել է «Փյունիկ» հիմնադրամից:
Շարունակվում են Գյումրի քաղաքի` բազմապրոֆիլ, արդիական սարքավորումներով հագեցած հիվանդանոցի կառուցման աշխատանքները: Այս հիվանդանոցի շահագործումը համակարգում լուրջ տեղաշարժերի նախապայման է լինելու, անհամեմատ բարձրանալու է բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:
 Լուծվել է Մարալիկի հիվանդանոցի հիմնանորոգման հարցը, որը կիրականացվի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով: Սա կարծում եմ լավ նվեր է Անիի տարածաշրջանի բնակիչներին:
Ինչպես Մարալիկի հիվանդանոցի դեպքում, այնպես էլ Առափի գյուղի սողանքային գոտու բնակիչների, համայնքների փողոցների ու ճանապարհների նորոգման հարցերի դեպքում կարծում եմ մենք ինչ-որ չափով մեր խոստումները կարողացել ենք կատարել:
Իհարկե, առանց երկրի նախագահի աջակցության գումարներ գտնելն ու աշխատանքներն իրականացնելը շատ ավելի դժվար կլիներ: Իսկ դրանք արդեն իրողություն են:
 Խոսենք մի կարեւոր խնդրի մասին:
Պետությունը կառուցում է, նորոգում առողջապահական հիմնարկների շենքերը, բայց դրանով մեր քաղաքացիների առողջական խնդիրները չեն վերանում:
 Հիվանդությունները նախականխելու, հիվանդներին ժամանակին ախտորոշելու նպատակով բուժաշխատողները պետք է հետևողական աշխատանք տանեն, ավելի հաճախ հանդիպեն բնակչության հետ, հատկապես ծերերի, միայնակների ու անկողնուն գամված հիվանդների հետ:
Ասվածի վկայությունը բաց դռների օրերին մարդկանց կուտակումներն են:
 Մենք էլ պարտավոր ենք տարածաշրջաններում նման օրեր կազմակերպել մեր լավագույն մասնագետների ուժերով` համագործակցելով հանրապետության անվանի բժիշկների հետ ու այն դարձնել ավանդույթ:
Հարգելի բուժաշխատողներ,
 Առաջարկում եմ նախապատրաստվել մարզի տարածաշրջաններ եւ հեռավոր գյուղեր կատարվելիք այցերին:
Մենք այս աշխատանքներին ամեն կերպ աջակցելու ենք:
Լուրջ խնդիրներ են ծանրացած տարածքային սոցիալական ծառայությունների առջև, այստեղ աշխատանքը վերակառուցելու, մարդկանց լսելու, օգնելու խնդիր կա: Պետք է բացառել նպաստների նշանակման գործում առկա թերությունները, աշխատանքի հիմքում ունենալով դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին սատարելը:
 
ԿՐԹՈՒԹՅԱՆՈԼՈՐՏ
Մարզում ավարտվել է հիմնական և ավագ դպրոցների համակարգի ստեղծման ծրագիրը:
Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղերի դպրոցներում շարունակվել է նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը, որի համար պետական բյուջեից հատկացվել է 46 միլիոն դրամ:
Ձևավորված 14 խմբերում ներգրավվել են 371 երեխաներ:
 <<Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում>> ծրագրով պետական բյուջեից նախատեսված չափով ֆինանսավորում է հատկացվել 6 գյուղական համայնքների դպրոցներին և կազմակերպվել 159 աշակերտների երթևեկությունը:
<<Ներառական կրթություն>> պետական ծրագրում ընդգրկված են 69 աշակերտներ:  
 Ապահովվել է դպրոցական տարիքի 2951 երեխաների ընդգրկումը պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարաններ:
Հանրակրթական դպրոցների հիսուն տոկոսից ավելին ապահովված են ինտերնետ կապով:
 Այսօր արդեն մարզի 64 հանրակրթական դպրոցներ գազիֆիկացված են:
 57դպրոցներ ջեռուցվում են հեղուկ վառելիքով:
 Էլեկտրաէներգիայով ջեռուցվում է 30տոկոսը:
Խրախուսելի է, որ մանկավարժական կոլեկտիվներում հանդուրժողականության մթնոլորտը փոխվել է դեպի լավը:
Գլխավոր խնդիր է մնում կրթական համակարգում բարեփոխումների հետևողական իրականացումը, ուսուցիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը, դպրոցականների կրթության որակի բարձրացումը:  
Այսօր էլ շարունակվում են դպրոցների գործադիր տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները : Ինչպես տեսնում եք կադրային ջարդ չկա, ամեն ինչ արվում է օրենքի տառի պահպանումով, բաց ու թափանցիկ :
 Մրցույթների արդյունքում արդեն 100 տնօրեններ ընտրվել են, նրանց հետ կնքվել են պայմանագրեր :
 Տարիքի պատճառով ոլորտի շատ երախտավորներ թողնում են աշխատանքը, սակայն նրանց կառավարման փորձն ու մանկավարժական հմտությունները երիտասարդ կադրերին փոխանցելու անհրաժեշտությունը միշտ էլ զգացվելու է:
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՈԼՈՐՏ
Տարին հայտարարված էր գյուղատնտեսական ու կարծես ստացված արդյունքներն էլ արդարացնում են անվանումը:
Անցած գյուղատնտեսական տարում իրականացվել է 51846 հեկտար ցանք, որը 276 հեկտարով ավելի է նախորդ տարվանից, իսկ ստացված համախառն բերքը 32 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող «Ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության» ծրագիրը նպաստել է, որ մարզում կատարվի 20950 հեկտար աշնանացան, որը 3500 հեկտարով ավելի է 2010 թվականից:
 14 հազար հեկտարի վրա կատարվել է ցրտահերկ:
2011թ. իրականացվել են գարնանացան գարու և ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրեր:
Գարու սերմարտադրության ծրագրում ընդգրկվել են մարզի 65 համայնքներ:
Ցորենի սերմնաբուծության նպատակով հատկացված 150 տոննա էլիտային սերմացուն բաշխվել է 44 ֆերմերային տնտեսությունների, իսկ 718 տոննա առաջին վերարտադրության ցորենի սերմացուն` 69 համայնքների:
Համայնքների և դոնոր կազմակերպությունների միջոցներով տեղադրվել են յոթ նոր հակակարկտային կայաններ: Մարզում այժմ գործում են 36 հակակարկտային կայաններ:
«Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շրջանակներում, համայնքների համաֆինանսավորմամբ 6 համայնքներում իրականացվել են յոթ կիլոմետր երկարությամբ երրորդ կարգի ջրանցքների վերականգման աշխատանքներ:
Չնայած իրականացվող վերականգնողական աշխատանքներին, ինչպես ցույց են տալիս տվյալները, ջրամբարներից վերցված ջրի կորուստը շարունակում է մնալ բարձր, ինչը ենթադրում է, որ այս ոլորտում անելիքներ դեռևս շատ ունենք:
Հաջորդ տարի ներկրվելու են բարձր վերարտադրության կարտոֆիլի տնկանյութ, տոհմային երինջներ, թարմացվելու է գյուղատնտեսական տեխնիկան, տեղադրվելու են նոր հակակարկտային կայաններ:
Ի դեպ առաջիկայում մտադիր ենք մեր ուժերով հիմնել մեքենատրակտորային կայան, որը կխթանի գյուղի զարգացմանը:
Այս տարի մարզում իրականացվել են նաև մի շարք բնապահպանական ծրագրեր, որոնցից կարևորագույնը ,,Արփի լիճ,, ազգային պարկի ստեղծումն էր:
Այժմ   ավարտված են պարկի հիմնական շինությունների կառուցման աշխատանքները, ստեղծվելու է 50 աշխատատեղ: 
Շարունակվում է անտառավերականգնման համալիր ծրագիրը:
 Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում իրականացվել է գարնանային ծառատունկի և կանաչ տարածքների ընդլայնման աշխատանքներ, տնկվել է շուրջ 20 հազար ծառ ու թուփ:
Նոր-Կյանք համայնքի տարածքում ստեղծվելիք հուշահամալիրի տեղամասում կատարվել է ծառատունկ, անցկացվել է ոռոգման համակարգ:
Ավարտվել են տարածքի պարսպապատման, հուշարձանի կառուցման աշխատանքները: 
   
                 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Տարբեր հարցերով մարզպետարանում կազմակերպվող ընդունելություններին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ:
Կազմակերպվել են նաև քաղաքացիների արտագնա ընդունելություններ մարզի տարածաշրջաններում:
Հնարավորությունների սահմաններում աշխատել ենք աջակցել բոլոր դիմողներին: Սոցիալապես անապահով խավը մեր հոգածության ներքո է եղել: Այդպես էլ կշարունակվի:
Նշեմ, որ շարունակական բնույթ կկրի նաեւ Արցախում զոհվածների, զինվորական պարտականությունները կատարելիս զոհվածների (մահացածների) ու հաշմանդամ դարձածների ընտանիքների, Հայրենականի Վետերանների նկատամամբ մեր առանձնահատուկ վերաբերմունքը, նրանք մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, այդպես կլինի այսուհետ ևս:
Հանրային իրազեկման նպատակով մարզպետարանի կայքէջում մշտապես տեղադրվել են մարզպետի որոշումները, կարգադրությունները, համայնքների ղեկավարների ու ավագանիների որոշումները:
Զանգվածային Լրատվության Միջոցների հարգելի ներկայացուցիչներ կարծում եմ Ձեզ հետ մեր աշխատանքը եղել է բաց:
Այդպես էլ շարունակվելու է:
Վերջին շրջանում արտագաղթի մասին տարատեսակ կարծիքներ են հնչում: Դա ընդհանուր խնդիր է:
Այն, որ արտագաղթ կա, ոչ ոք չի ժխտում: Պետք է սթափ գնահատել իրավիճակը: Անցկացվել է մարդահամար ու մենք կունենանք հստակ տվյալներ:
Ավարտելով խոսքս, ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ հաջորդ տարում ևս մեր աշխատանքը համայնքների ու պետական կառույցների հետ լինելու է նպատակասլաց եւ արդյունավետ:
 Տարին քաղաքական իրադարձություններով հարուստ է լինելու: Բայց դա չպետք է ազդի մեր հիմնական պարտականությունների կատարմանը:
Մեզ համար առաջնահերթ խնդիր լինելու է ներքին կայունությունը, պետականության ամրապնդումը, պետական ծրագրերի իրականացումը:
Ավարտելով խոսքս, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում քաջառողջություն, երկար տարիների կյանք, արգասավոր աշխատանք:   Շնորհակալություն:
Մարզպետի հաշվետու ելույթից հետո, Շիրակի մարզպետի պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, մշակույթի և սպորտի ոլորտների ներկայացուցիչներ, մարզիկներ ու մարզիչներ:  
Մարզխորհրդի նիստին հրավիրված էին և մասնակցում էին մարզում գործող ԶԼՄ ներկայացուցիչներ` <Շանթ>, <Ցայգ>, <ԱՐՄ ՆՅՈՒԶ>, <Հ1>, <ՎԱՆ>, <Առավոտ>, <Հրապարակ>, <Ազատություն ռադիո>, <Հինգշաբթի>, <Շրջապատ>, <Շիրակ> երկշաբաթաթերթ: Մարզխորհրդի նիստի ավարտին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հարցազրույց տվեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:27:02