Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սոցիալ-տնտեսական ինքնակազմակերպում գյուղական համայնքներում

17.02.2012

 

“Սոցիալ-տնտեսական ինքնակազմակերպում գյուղական համայնքներում” ծրագիրը մեկնարկեց 2009թ մարտին: Ծրագիրը Շիրակի մարզում իրականացրեց “Գյումրու զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը:
Գյուղերի նախնական ընտրությունը կատարվեց ծրագրի առաջին ամիսների ընթացքում հաշվի առնելով բնակչության քանակը, գյուղի հարկային պարտավորությունների կատարման աստիճանը, տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցելու պատրաստակամությունը:
Ծրագրի նախնական փուլում ընտրվեց Շիրակի մարզի երեսուն գյուղեր, հանդիպում կազմակերպվեց գյուղապետերի հետ, գնահատվեց նրանց հետաքրքրվածությունը ծրագրի հանդեպ:
Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ Շիրակի մարզի գյուղերում տիրում էր հուսահատություն, լքվածություն, իրենց ուժերի նկատմամբ անվստահություն, մեր գործողությունները համարվում էին անիմաստ և ժամանակի կորուստ: 
Սակայն գտնվեցի ն գյուղապետեր, որոնց հետ պատիվ ունեցանք աշխատել և համագործակցել, ովքեր ոգևորվեցին մեր հետ, ոգևորեցին իրենց համագյուղացիներին, ցանկություն հայտնեցին նորություն մտցնել գյուղի կյանքում, ակտիվացնել համայնքի անդամներին, տալ նրանց հնարավորություն` զբաղվել համայնքի զարգացման խնդիրներով, զգալ այդ խնդիրների լուծման բերկրանքը, հաշվի նստել համայնքի անդամների կարծիքների և առաջարկությունների հետ:
Այս երեք տարիների ընթացքում մեզ հաջողվեց   համագործակցել Շիրակի մարզի Բասեն, Կառնուտ Կապս և Հովունի գյուղերի համայնքային ակտիվ խմբերի անդամների հետ: Անցկացվեց մասնակցային հետազոտության դասընթացը, որը հնարավորություն տվեց գնահատել և վեր հանել համայնքների խնդիրները համայնքի անդամների միջոցով: Շատ կարևոր էր լսել համայնքի կարծիքը այս կամ այն խնդրի վերաբերյալ, սովորեցնել նրանց որոշել վեր հանած խնդրի առաջնայնությունները , մեծ խնդիրները բաղդատել, գտնել այդ խնդրին լուծումներ:
Կազմակերպվեցին սոցիալական ծրագրերի առաջարկների գրման, բիզնես դասընթացներ, որին մասնակցեցին համայնքային ակտիվ խմբերի անդամները, ներկայացրեցին 18 սոցիալական ծրագրերի առաջարկություններ, որոնցից շահեցին և իրականացրեցին 9-ը: առաջին փուլի ընթացքում ներկայացված ծրագրերի հաջող իրականացումը բնակչությանը ապացուցեց սեփական ուժերին վստահելու կարևորությունը:
   9 ծրագրերից 5-ը ուղղված են համայնքներում երիտասարդների զբաղվածության, սպորտի զարգացման հարցերի լուծմանը, 2- ը ենթակառուցվածքների բարելավմանը, 2-ը նախադպրոցական հասակի երեխաների զբաղվածության կազմակերպմանը:
Իրականացվեցին 4 ծրագրեր Բասենում`
“Չեմպիոնների դարբնոց” ծրագիրը, որը հնարավորություն տվեց գյուղում ունենալ մարզադահլիճ, որտեղ 1տարի է պարապում են քառասունից ավելի դեռահասներ և արդեն ունեն լուրջ հաջողություններ:
Մարզադահլիճի սանհանգույցի վերանորոգում” ծրագիրը, որը ամբողջական դարձրեց ծրագրի ընթացքում իրականացրած “չեմպիոնների դարբնոց” ծրագիրը: Վերանորոգվեց հանդերձարանը,իսկ երեխաները հնարավորություն ունեն լոգանք ընդունել մարզումներից հետո:
“Անասունների լողարան” ծրագիրը, որը հնարավորություն տվեց համայնքի    բնակիչներին կատարել պրոֆիլակտիկ միջոցառումներ մանր եղջերավոր անասունների հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ,
“Երջանիկ մանկություն” ծրագիրը, որի մեկնարկը լինելու է մարտին, որը լուծելու է մանկապարտեզի ջեռուցման և մանկական խաղահրապարակի մասնակի կառուցման, երեխաների զբաղվածության ապահովման խնդիրը
Համայնքային ակտիվ խումբը հաջող համագործակցություն սկսեց նաև “Հայկական ծառեր’ ծրագրի հետ, որի արդյունքում գյուղում իրականացվեց ծառատնկման երկու ծրագիր`հանգստի գոտու ծառապատում 2010-ին և անտառաշերտի ստեղծում 2011-ի գարնանը:  
Կապսում իրականացվեցին 3 ծրագիր`
“Ամառը Կապսում” ծրագիրը, որով նախատեսնված երիտասարդական կենտրոնի հիմնումը խթան հանդիսացավ համայնքում երիտասարդների ակտիվացմանը, նոր գաղափարներով հանդես գալուն, զգալու իրենց կարևորությունը համայնքում: 
Այս ծրագրի իրականացումից հետո երիտասարդները հանդես եկան այլ նախաձեռնություններով, վերանորոգեցին մանկական ցերեկային կենտրոն` չգործող մանկապարտեզի շենքում, որը ամռան ամիսներին լուծեց 40 երեխաների զբաղվածության խնդիրը, նախապատրաստեց 1-ին դասարան հաճախող երեխաների մուտքը դպրոց:
Ցավոք երիտասարդական ակտիվ խմբին չհաջողվեց միջոցներ հայթայթել ձմեռային շրջանում տարածքի ջեռուցման համար և կենտրոնը շարունակելու է իր գուրծունեությունը միայն ամառային շրջանում:
Ուրախ կլինենք գտնել համագործակից կառույցներ այս խնդիրը լուծելու և մանկական ցերեկային կենտրոնի անխափան գործունեությունը կազմակերպելու համար:
Կապսի երիտասարդական ակտիվ խմբի գործունեությունը սրանով չի սահմանափակվում: Մի քիչ դանդաղ, բայց հաջողությամբ նրանք իրականցրեցին նաև մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները, որը արդեն ծառայում է կառատեի և պարի խմբակներին: 
 Կառնուտում   իրականացված “ Գյուղի հարավ արևմտյան հատվածի գիշերային լուսավորություն” ծրագիրը խթան հանդիսացավ գյուղի տարածքի ավելի քան 60 տոկոսի գիշերային լ ուսավորության անցկացմանը, որտեղ համայնքի ղեկավարը կատարեց շատ մեծ ներդրում և բացի նախատեսնված հենասյուների կրկնակի քանակի տեղադրումից, վերանորոգեց նաև հին լուսավորության համակարգը:
 Հովունիում մասնակի վերանորոգվեց դպրոցի մարզադահլիճը, տեղադրվեց նոր տատամի, քանի որ համայնքում կային դյուդո մարզաձևի իսկական վարպետներ, աշխարհի երիտասարդական մրցումների չեմպիոններ և մարզումների համար առաջնային խնդիր էր մարզադահլիճի պայմանների բարելավումը
Համայնքներում աշխատանքի մեր եռամյա փորձը ցույց տվեց, որ ստեղծված համայնքային ակտիվ խմբերի ենթախմբերից ամենաակտիվ, հետևողական և զարգացմանը հավատացող խմբերը երիտասարդներն են,ովքեր պատրաստ են փոփոխությունների, զարգացման նոր մեթոդների կիրառմանը:
Մեր փորձը ցուց տվեց նաև, որ համայնքային ակտիվ խմբերի հաջող գործունեությունը պայմանավորված է տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես համայնքի ղեկավարի համագործակցելու պատրաստակամությամբ:
Ծրագրի մաս էր կազմում նաև բիզնես դասընթացները, որի ընթացքում Շիրակի մարզում մշակվեցին և ներկայացվեցին 3 բիզնես ծրագրեր, որոնցից ֆինանսավորվեցին 2-ը` Սառնարանային տնտեսություն Կառնուտում և Ոչխանաբուծական տնտեսության հիմնում Բասենում: 
Ակնկալվում է այս բիզնեսների ընդլայնում և աշխատատեղերի ստեղծում: Ծրագրի ակնկալվող արդյունքներից մեկն էլ այն է, որ համայնքում գործող ձեռներեցները պետք է մասնակից դառնան համայնքային զարգացման ծրագրերին, արձագանքեն համայնքային ակտիվ խմբերի առաջարկություններին, որոնք կապված են համայանքի հիմնախնդիրների լուծման հետ և այդ առաջարկությունները վեր են հանվել մասնակցային հետազոտության արդյունքում: 
Ցավոք շատ համայնքներից մենք չստացանք բիզնես պլաններ: Մարդկանց մեջ տիրում է անվստահությունը, վախը բիզնես ստեղծելու վերաբերյալ:
Շատերը մինչև վերջ չհասկացան կամ չլսեցին, որ այս ծրագիրը օգնելու է իրենց ստեղծել կամ ընդլայնել իրենց բիզնեսը: Սա անտոկոս փոխառություն է, որը ուղղված է համայնքի զարգացմանը: Կամ եթե անտոկոս փոխառություն է, ապա ինչու են իրենք ներդրում կատարելու համայնքում:
Ծրագրի ձեռք բերում մենք համարում ենք հաջող համայնքային ակտիվ խմբերի ստեղծումը, համայնքի մասնակցությունը խնդիրների բացահայտմանն ու լուծմանը: 
Հուսով ենք մեր ներկայացրած ծրագրերը և վեր հանած խնդիրները հետաքրքրում են շատ միջազգային և տեղական կազմակերպությունների և մեր աշխատանքների ներկայացումը նոր համագործակցության սկիզբ կդառնա:
 
 
 
 
 
  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54