Տպել
Նորություններ
Ցվետանա Պասկալեվա
12.03.2012
ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հրավերով, Հայ ժողովրդի մեծ բարեկամ, ազգությամբ Բուլղարացի, լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան այցելել էր Գյումրի: Լրագրողին քաղաքի մուտքի մոտ աղ ու հացով դիմավորեցին մարզային իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, դպրոցականներ: Գյումրվա խորհրդանիշ հանդիսացող կառքով մի փոքր տեղաշարժվելուց հետո, տիկին Պասկալևան և նրան ուղեկցողներն այցելեցին Շիրակ գերզմանատուն, որտեղ Ղարաբաղի հերոսամարտի փաստավավերագրական ֆիլմերի հերոսը` Պասկալևան, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Սուքիաս Ավետիսյան, Լիբանանում Արցախի դեսպան Կարո Քյաբաբջյանը ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ղարաբաղյան պատերազմին զոհված ազատամարտիկների շիրիմներին: Ցվետանա Պասկալևան հանդիպեց նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ, ում հետ հիշելու բավականին բան կար, իր գործունեությունը Պասկալևան սկսել էր հենց Շահումյանի շրջանի Վերին Շենից: Պասկալևան և նրան ուղեկցողներն այցելեցին Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ երկրաշարժի զոհերի հուշակոթող՝ ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Կեսօրն անց Ցվետանան ուղիղ եթերում հարցազրույց էր տալիս <ՑԱՅԳ> հեռուստաընկերությունում: Փոքր հանգստից հետո Ցվետանա Պասկալևան Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկակակն թատրոնում հանդիպում ունեցավ մարզում գործող լրատվամիջոցների ներակայցուցիչների հետ: Ցվետանա Պասկալևան իր հիշողություններով կիսվեց լրագրողների հետ, վստահեցրեց, որ հնարավոր է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, եթե դիվանագիտական պատերազմ մղվի: «Ես Արցախի պատերազմի տարիներին քարոզչական պատերազմ մղեցի: Ես գնացի Ղարաբաղ իմ կամքով, իմ նախաձեռնությամբ, ոչ մեկն ինձ չֆինանսավորեց, ու իմ ռեպորտաժները շատ պահանջված դարձան արտերկրում: Ղարաբաղն այն տեղն էր, որտեղ մեկտեղվեցին իմ մարդկային ու մասնագիտական կարողությունները», - ասաց Ցվետանա Պասկալևան: Նա արցունքն աչքերին հիշեց ղարաբաղյան բոլոր զոհերին: Մի դրվագ եղավ իմ կյանքում, որը, չնայած այդ թոհուբոհին մինչև այսօր հիշվում է որպես անեկդոտ: Մարտերից մեկի ժամանակ, հայտնվեցինք անելանելի վիճակում, չորս կողմից մնացինք կրակահերթի մեջ, շատ տղաներ վիրավորվեցին ու մահացան: Մի փամփուշտ էլ ինձ բաժին հասավ, տղաները հարցրին, Ցվետանա, հո վիրավոր չես, ասի, չէ, ես չեմ վիրավոր, տեսախցիկս է վիրավոր: Դա դարձավ մեր ռազմաճակատի անեկտոդը, հետո գնացի Բուլղարիա, վաճառեցի մեքենաս, ձեռք բերեցի նոր տեսախցիկ, և կրկին վերադարձա Արցախ: Ես ընտրյալ էի, իմ կյանքը այլ կերպ չէր կարող դասավորվել: Ասուլիսից հետո տեղի ունեցավ Ցվետանա Պասկալեւայի <Իմ թանկագին ողջեր և մեռածներ> և <Ղարաբաղի վերքերը> փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը, որը նրա կողմից նկարահանվել էր Արցախյան պատերազմի տարիներին: Դրվագները, որոնք տեսան լեփ լեցուն դահլիճում հավաքված դպրոցական, ուսուցիչ ու շինական, սահմռկեցուցիչ էր, քար լռության մեջ կարելի էր զգալ միայն դիտողների հոգու և սրտի ցավը: Ֆիլմերի դիտումից հետո Ազգային գեղագիտական կենտրոնի մի աղջնակ, իր իսկ ձեռքով նկարած մի նկար նվիրեց Ցվետանային: Գյումրեցիները յուրահատուկ ձևով մեծարեցին Ցվետանային, ինչին նա հիրավի արժանի էր:
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի անունից, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը մարզպետարանի հուշամեդալով պարգևատրեց «Արցախի գեներալ, բուլղարարյուն հայազգի» անունը կրող քսան տարուց ավել, արդեն վաղուց Հայաստան և Արցախ աշխարհի դուստր Ցվետանա Պասկալևային: Հանդիպման ավարտին Պասկալևան հանդիպեց նաև զոհված ազատամարտիկների մայրերին և կանանց: Երեկոյան Պասկալևան <Շանթ> հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրեց անցած քսան տարիների պատմությունից հատվածներ, և Արցախի հետ կապված առաջիկա ծրագրեր: