Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը Շիրակի մարզ

07.04.2012

 

Ապրիլի 7-ին  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում: Հանրապետության ղեկավարը նախ այցելեց Ախուրյան համայնք, որտեղ ընթանում են 108 բնակարանով 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011 թվականի մայիսին: Կատարված նախագծային փոփոխությունների արդյունքում 108 բնակարանի փոխարեն կկառուցվի 104 բնակարան: Հանրապետության նախագահը տեղում ծանոթացավ շինարարության ընթացքին: Քաղաքաշինության նախարարը և Ախուրյան համայնքի ղեկավարը նախագահին ներկայացրեցին տեղեկատվություն իրականացվող շինարարության ընթացքի և որակի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություն այն մասին, թե որքան անօթևան կմնա Ախուրյանում շինարարության ավարտից հետո: Հանրապետության նախագահը զրուցեց հանդիպման եկած ախուրյանցիների հետ: Ախուրյանից նախագահը և նրան ուղեկցող անձինք մեկնեցին Գյումրու Մուշ -2 թաղամաս: Գյումրու Մուշ-2 և <Անի> թաղամասերում <<Գլենդել Հիլզ>> ՓԲԸ իրականացնում է բնակարանների շինարարություն: Բնակարանաշինության առաջին փուլով շահագործման հանձնվեց 1056 բնակարան: Երկրորդ փուլով իրականացվում է 33 շենքերի, թվով 1544 բնակարանների կառուցման աշխատանքները: Արդեն այս տարի օգոստես ամսին տեղի կունենա նաև այդ 1544 բնակարանի բաշխման արարողությունը: Թաղամասում իրականացվում է 1080 աշակերտական տեղով չորս մասնաշենքից բաղկացած նոր դպրոցի կառուցման աշխատանքները, որն իրականացնում են 4 շինարարական կազմակերպություններ: Դպրոցը ևս շահագործման կհանձնվի այս տարվա օգոստոսին՝ սեպետմբերի 1-ին ընդառաջ: Մուշ 2 թաղամասից նախագահն այցելեց Գյումրու նորակառույց բժշկական կենտրոն: Կենտրոնը նախատեսում է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի ծառայությունները՝ Գյումրի քաղաքում ստեղծելով մեկ մեծահասակների բազմապրոֆիլ հիվանդանոց 210 մահճակալ հզորությամբ /թերապևտիկ՝ 50, սրտաբանական՝ 50, վիրաբուժական՝ 100, և 10 մահճակալանոց ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ/: Նորակառույց հիվանդանոցում կգործի նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած հեմոդիալեզի բաժանմունք 12 կայանով/: Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի և <Առողջապահական համակարգի արդիականացում> ծրագրերով:Կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 09.09.2010 թվականին, նախատեսվում է շահագործման հանձնել` 24.05.2012 թվականին: <Գյումրու բժշկական կենտրոն> ՓԲԸ-ում նախատեսված ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ 5.1 մլրդ. ՀՀ դրամ /շուրջ 13.6 մլն. ԱՄՆ դոլար/:
Բժշկական կենտրոնից պարոն Նախագահն այցելեց կենտրոնի հարևանությամբ գործող <<Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց>> ՓԲԸ, որը միակ բազմապրոֆիլ մանկական հիվանդանոցն է մարզում: Հիվանդանոցն ունի ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի, ընդհանուր մանկաբուժական, վերակենդանացման, նորածինների և մինչև 1 տարեկան երեխաների ինտենսիվ թերապիայի ծառայությունները: տարեկան հիվանդանոցում ստացիոնար բուժվում են մինչև 3000, իսկ ամբուլատոր սպասարկվում է մոտ 16000 երեխա: Ավստրիայի հետ համագործակցությունը շարունակվում է բացման օրվանից մինչև օրս: 2008 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզում առողջապահական համակարգի օպտիմիզացիայի շրջանակներում նախատեսվում է <<Ավստրիական մանկական հիվանդանոցը>> վերակազմավորել <<Ավստրիական մոր և մանկան կենտրոն>>-ի, որը ենթադրում է հիվանդանոցում ծավալել նաև ծննդօգնություն և գինեկոլոգիական ծառայություններ: Ավստրիական կողմը այս ծրագրի շրջանակներում պատրաստվում է նոր բացվող բաժանմունքը հագեցնել ժամանակակից բուժ. սարքավորումներով /300-400 հազ. եվրո արժեքով/ և բաժանմունքի աշխատակիցների վերապատրաստումը կազմակերպել Ավստրիայում: Նախագահ Սարգսյանը նախ այցելեց մի քանի հիվանդասենյակներ, որտեղ տարբեր հիվանդություններով բուժում էին ստանում փոքրիկներ: Նախագահը առողջություն ցանկացավ մանուկների ծնողներին և գոտեպնդեց, որ ամեն ինչ լավ է լինելու: Արդեն հիվանդանոցի դահլիճում Նախագահին սպասում էին հիվանդանոցի անձնակազմի կին աշխատակիցները, ում ապրիլի 7-ի կապակցությամբ ծաղկեփնջեր էին տրվել ՀՀ Նախագահի անունից: Հիվանդանոցի տնօրենը ողջունեց Հանրապետության Նախագահին բուժ հաստատություն այցելելու համար և խնդրեց Նախագահին իր բարեմաղթանք ուղղել աշխատակիցներին: Նախագահն օգտվելով ընձեռնված հնարավորությունից շնորհավորեց բոլոր կանանց Մայրության և գեղեցկության տոնի, ինչպես նաև Առողջապահության միջազգային օրվա կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին մեր երեխաների հանդեպ ցուցաբերած ուշադրության և անմնացորդ նվիրումի համար փոքրիկների բուժման հարցում: Հիվանդանոցի մի քանի աշխատակիցներ ևս իրենց շնորհակալությունը հայտնեցին Նախագահին և կառավարությանը, ձեռք առնված այն միջոցառումների համար, որոնց արդյունքում բավականին բարձրացել է բժշկի աշխատավարձը, հատկապես ծննդօգնության սերտիֆիկատների ներմուծումից հետո: Առողջապահության համակարգի աշխատակիցների հետ հանդիպումից հետո, Շիրակի մարզպետարանում Նախագահն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց: Խորհրդակցությունից հետո լրագրողների հարցերին պատասխանեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզաննա Ալավերդյանը:   
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-29 17:55:01