Տպել
Նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆԸ
10.04.2012
ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ապրիլի 10-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկեց <<Վերածնունդ>> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնը, որի կարգախոսն է` <Վերածնունդը շարունակվում է>, այն այս տարի կշարունակվի մինչև ապրիլի 19-ը: Մինչև փառատոնի բացման պաշտոնական արարողության մեկնարկը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և նրան ուղեկցողները, թատրոնի ճեմասրահում լսեցին կիթառահարներին, ապա նկարվեցին թավջութակահարի կենդանի մանեկենի հետ:
Այս տարի փառատոնի մասնակիցների և երկրների նման աճը, որը ռեկորդային է <<Վերածնունդ >> մրցույթ-փառատոնի պատմության մեջ, ապացուցում է, որ մեր հանրապետության երաժշտական կյանքում հիրավի այս նշանակալից իրադարձությունը կազմկոմիտեի համանախագահներ՝<<Փյունիկ>> համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ավդալյանի ղեկավարությամբ իրոք դուրս է գալիս զարգացման նոր փուլ: Հայաստանի Հանրապետությունում միակ մշակութային մրցույթ-փառատոնն է, որն օժանդակում է մշակութային կյանքի ապակենտրոնացմանը:
Երաժիշտ- կատարողների <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնին ներկայացվել է 1365 հայտ աշխարհի 24 երկրներից
Երաժիշտ- կատարողների <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնին տրված հայտերի քանակը վկայում է աշխարհում նրա հեղինակության աճի մասին:
Դիմումների քանակով առջևում Հայաստանն է: Հայաստանից հայտեր են ներկայացրել Երևանը և հանրապետության 8 մարզեր: Մասնակցության ոչ մի հայտ չի ստացվել Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերից:Առավել քանակի հայտեր են ներկայացված Երևանից,Շիրակ և Կոտայքի մարզերից:Երկրներից մասնակիցների քանակում երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը 83 մասնակից: Մեծ քանակությամբ հայտ են ստացվել Իրանից,/72/ և ԼՂՀ-ից/49/: Տրված հայտերը բոլորից շատ են <<ժողովրդական նվագարաններ>>՝266, <<կամերային անսամբլ>>՝170 և <<դաշնամուր>> 165 անվանակարգերում: Ըդհանուր առմամբ <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնին կմասնակցեն բացի նշված երկրներից նաև Վրաստանի, Ղազախստանի, ՈՒկրաինայի, Հունաստանի, ՈՒզբեկստանի, Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Բելոռուսի, Լիբանանի , Լատվիայի, Իտալիայի,Մեծ Բրիտանիայի, Լյուքսեմբուրգի, Հարավային Օսեթիայի, Բուլղարիայի, Լեհաստանի ,Սիրիայի, Իսպանիայի, Իսրայելի երաժիշտները: <<Վերածնունդ >> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնի մասնակիցների թվում են բազմաթիվ խոշոր միջազգային մրցույթների մրցանակակիրներ: Մրցույթ-փառատոնի բոլոր 9 անվանակարգերի ժյուրիներում ընդգրկված են աշխարհում հայտնի այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են Անաստասիոս Պապասը/դաշնամուր/, Ժան Տեր-Մերկերյանը/լարային գործիքներ/, Օլավի Կասեմաան/փողային գործիքներ/, Ալիռեզա Շավախի Նեյժադը/կամերային անսամբլ/, Մարկ Գուլեգինը/մեներգեցողություն/, Վալերի Գրոխովսկին/էստրադային ջազային երգեցողություն/, Նինա Վորոնան/ազգային երգեցողություն/, Գաբնիս էդուարդասը/ժող գործիքներ/, Ալեքսեյ Լարինա/կոմպոզիցիա/ և ուրիշներ: Միջազգային <<Վերածնունդ >> չորրորդ մրցույթ-փառատոնին անցկացման առիթով ողջույնի հեռագրեր են ստացվում հասարակական,քաղաքական,մշակութային տարբեր գործիչների կողմից:
Մրցութային լսումները բոլոր 9 անավանակարգերում կանցկացվեն ապրիլի11-16-ը Գյումրու տարբեր դահլիճներում:
Մրցույթ-փառատոնի 9 անվանակարգերում Մեծ մրցանակների արժանացած դափնեկիրների շքահամերգը կկայանա Գյումրիում ապրիլի 19-ին: