Տպել
Նորություններ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
24.04.2012
Սիրելի հայրենակիցներ.
Աշխարհում սփռված համայն հայությունն ու բարի կամքի տեր հարյուր հազարավոր մարդիկ այսօր գլուխ են խոնարհում և հարգանքի տուրք մատուցում անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջև: Ոճրագործություն, ինչի արդյունքում հայ ազգը բացի մարդկային կորստից, կորցրեց դարերի ընթացքում ձեռք բերած հոգևոր-մշակույթային և նյութական արժեքներ: Ողբերգություն, որի հետևանքներն իրենց զգացնել են տալիս մինչ այսօր:
Այդ եղերական իրադարձություններից անմասն չմնացին նաև հազարավոր շիրակցիներ, որոնց աճույններն ամփոփված են Հեր Հերի` Ջարդի ձորում: Մենք երախտապարտ ենք այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր դատապարտել են ոճրագործությունը, ովքեր պայքարել են մեզ հետ և շարունակում են պայքարել պատմական ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու հարցում: Քաղաքակիրթ աշխարհը պետք է իմանա, որ ի վերջո Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումն անխուսափելի է, որ պատմության դասերից հետևություններ չանելը, մոռացության մատնելը կհանգեցնի նոր ոճիրների ու բռնությունների:
Խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առաջ, մենք պետք է համախմբվենք մեր ազգային նպատակների շուրջ, և անենք հնարավորինս մեր պետության և ժողովրդի լուսավոր ապագայի համար:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` Ա ԳԻԶԻՐՅԱՆ