Տպել
Նորություններ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐ
01.09.2012
Այս տարի սեպտեմբերի 1-ը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը նախընտրեց դիմավորել նախակրթարան հաճախող երեխաների հետ: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ծրագրով իրականացվում է 4-6 տարեկան երեխաների նախակրթության ծրագիր, որը մանկապարտեզից տարբերվում է միայն նրանով, որ երեխաները չեն քնում նախակրթարանում, այլ դպրոցականների նման կրթական ծրագրերին ծանոթանալուց և յուրացնելուց հետո գնում են տուն: Ծրագրի հիմնական նպատակն է երեխային նախապատրաստել դպրոցին, հենց դպրոցի պատերի ներսում, ասել է երկու տարի անց, երեխան առաջին դասարան գնալու որևէ խնդիր չի ունենալու: Ծրագրի շրջանակում մարզի 29 համայնքների դպրոցներում ներդրվել է ծրագիրը, այն այս տարի շնորհիվ <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային ծրագրի տրամադրած ֆինանսական միջոցների կյանքի կոչվեց Գյումրու թիվ 21,10 և 28 դպրոցներում: Գյումրու <<Օյունջյան կրթհամալիրում>> ուրախ տրամադրություն էր տիրեում, դպրոցում էր նաև բարերարը՝ բժիշկ Հովհհաննես Օյունջյանը, ով կատարել էր ծրագրով նախատեսված համայնքային ներդրումը շուրջ 1,5 մլն. Դրամ: Ծրագրի արժեքն է 5մլն. 418 հազար դրամ: Հուլիսի կեսերին մեկնարկած վերանորոգման աշխատանքները բարեհաջող ավարտվել էին դեռևս օգոստոսի 10-ին և սպասում այս գեղեցիկ, տոնական օրվան: Նախակրթարանը նախատեսված է 70 երեխաների համար, սակայն այսօր արդեն դպրոց էին հաճախել 75-ը, և ինչպես նշեց տնօրենը, հավանաբար այդ թիվն էլի կավելանա: Շիրակի մարզպետը շրջեց դպրոցում, այցելեց երեխաների համար նախատեսված, ամբողջությամբ վերանորոգված և կահավորված դասասենյակներ, զրուցեց երեխաների հետ, հետաքրքրվեց, ով ինչ է դառնալու երբ մեծանա և ցանկացավ երեխաներին ամենալան ու բարին: Նախակրթարանից Շիրակի մարզպետն անցավ նաև այս տարի առաջին դասարան հաճախած երեխաներին: Ի դեպ տնօրենն ուրախությամբ նշեց, որ բացվել է երեք հատ առաջին դասարան, 105 աշակերտ թվով, ինչն իրոք ուրախացնող երևույթ է, թեկուզ միայն նրա համար, որ ոչ բոլորն են գնում: Բարերարը՝ բժիշկ Հովհհաննես Օյունջյանը, չթաքցնելով իր ոգևորությունը նման բարեփոխումների նկատմամբ, դպրոցի համար նոր ծրագիր իրականացնելու համար, մի փոքր տարածք տրամադրելու խնդրանքով դիմեց Շիրակի մարզպետին: Շիրակի մարզպետը խոստացավ երկօրյա ժամկետում տալ հնարավորինս դրական պատասխան: <<Օյունջյան կրթահամալիրից>> Շիրակի մարզպետն ուղևորվեց Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, որտեղ ևս շատ կարճ ժամանակահատվածում կատարված վերանորոգումից հետո իր դռները բացեց շուրջ 64 երեխաների առջև: Այս դպրոցի համար նախատեսված գումարը գրեթե նույնն է, ինչ Օյունջյան կրթահամալիրինը՝5մլն. 418 հազար դրամ, մեկ տարբերությամբ, որ եթե այնտեղ համայնքային ներդրումը կատարել էր բարերարը՝ բժիշկ Օյունջյան պապիկը, այս դպրոցի համար համայնքային ներդրումը կատարել էին մի քանի բարերարներ, 300 հազար դրամ էլ ծնողների ներդրումն է եղել: Այս դպրոցում ևս երեխաների թվի աճ կնկատվի, քանզի թաղամասը չունի նախակրթարան, և այս ծրագիրը լավագույն առիթ հանդիսացավ թաղամասի բնակիչների համար, ինչ-որ չափով լուծելու երեխաների նախակրթության նվազագույն պահանջները: Այստեղ ևս Շիրակի մարզպետը շրջեց նախատեսված և վերանորոգված դասասենյակները, ծանոթացավ պայմաններին, հայտնեց իր գոհունակությունը կատարված որոկյալ աշխատանքի համար, և հորդորեց տնօրինությանը պահպանել եղածը, երեխաներին էլ լավ նայել: Զրուցեց երեխաների հետ, ծանոթացավ մի քանիսի նախասիրություններին և առաջիկա պլաններին, բոլորին մաղթեց հաջողություն և անամպ երկինք: Մարզպետն այցելեց նաև առաջին դասարանցիներին, զրուցեց նրանց հետ, և կրկին ջերմ բարեմաղթանքներով հրաժեշտ տվեց երեխաներին և աշխատակիներին:
Դպրոցներ այցելելցուց հետո պարոն Գիզիրյանը հանդիպեց Գյումրիում գտնվող նախկին Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար տիկին Դոնարա Հարությունանի հետ: Տիկին Հարությունյանը նախորդ օրը Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցում էր <<Անուշ>> օպերայի պրեմիերային: Ծավալվեց ջերմ և մտերմիկ խոսակցություն նախկին և ներկայիս ղեկավարների միջև, հիշեցին անցած գնացած լավ օրերը, հույս հայտնեցին, որ ապագան լինելու է էլ ավելի լավը, քանզի Գյումրեցին միշտ եղել ու կմնա թասիբով, և կաշխատի ու իր աշխատանքի շնորհիվ կշենացնի իր Գյումրին:
P.S.
Այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզի Մարալիկ համայնք էր եկել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Պարոն նախարարը նախ այցելեց Մարալիկի դպրոցներ, տեղերում ծանոթացավ պայմաններին, շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, ցանկացավ հաջողություններ ուսման մեջ և երջանիկ մանկություն: Պարոն նախարարն այցելեց Մարալիկի սոցիալական թաղամաս, ուր երեք տարի առաջ շահագործման հանձնվեցին սոցիալական ֆոնդի երեք բազմաբնակարան շենքեր: Դրանք նախատեսված են մանկատների 27 շրջանավարտների և 32 անապահով ընտանիքների համար: