Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

04.09.2012

 Սեպտեմբերի 4-ին Գյումրիում շահագործման հանձնվեց նորակառույց բժշկական կենտրոնը: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեպսան Ա;որիս Կրաուտը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանը և Սուքիաս Ավետիսյանը, Համաշխարհային բանկի տարածաշրջանային ղեկավար Հենրի Կերալին, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին, ՀՀ ԱՆ ԾԻԳ տնօրեն Գուրգեն Դումանյանը: Հիվանդանոցի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան, և իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին ՀՀ Նախագահին ԱՆ Դերենիկ Դումանյանը, Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցի բժշկուհի Սուսաննա Տոնոյանը: Հավաքվածներին ողջունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային ղեկավար Հենրի Կերալին: Բժշկական կենտրոնի ժապավենը կտրելու պատիվը տրվեց ԱՆ Դերենիկ Դումանյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային ղեկավար Հենրի Կերալիին: ՀՀ Նախագահը և նրան ուղեկցողները շրջեցին բժշկական կենտրոնում, այցելեցին հեմոդիալիզի, , ախտորոշիչ բաժանմունքներ, շտապօգնության ընդունարան, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք, ռենտգեն կաբինետներ, տրեդմիլ հետազոտության բաժանմունք, անհետաձգելի սրտաբանության բաժանմունք, վիրահատական բլոկ, ընդհանուր թերապևտիկ բաժանմունք, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ընդհանուր վիրաբուժական բաժանմունք, վիրահատական բլոկ, հետվիրահատական բաժանմունք: ՀՀ Նախագահնը և նրան ուղեկցողներն այցելեցին հարևանությամբ վերանորոգված ավստրիական մոր և մանկան հիվանդանոց: Սյտեղ ևս հյուրերը շրջեցին հիվանդանոցում, տեղում ծանոթացան կատարված աշխատանքներին և կահավորմանը, այցելեցին վիրաբուժական բաժանմունք, մանկական թերապևտիկ բաժանմունք, ծննդատուն, ինտենսիվ բուժման պալատներ: Այցելության ավարտին ՀՀ Նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին: Հիվանդանոցներ այցելությունից հետո Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ կարճատև խորհրդակցություն:

Ստորև ներկայացնում են ենք տեղեկատվություն նորակառույց բժշկական կենտրոնի և վերանորոգված ավստրիական մանկական հիվանդանոցի վերաբերյալ:
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն որոշմամբ նախատեսվել է միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունները` ստեղծելով Գյումրի քաղաքում մեկ մեծահասակների բազմապրոֆիլ հիվանդանոց` 210 մահճակալ հզորությամբ (թերապևտիկ` 50, uրտաբանական` 50, վիրաբուժական` 100 և 10 մահճակալանոց ինտենսիվ թերապիայի բաժանմունքներով): Այդ նպատակով վերոնշյալ որոշմամբ առաջարկվել է Ավստրիական մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կառուցել նոր քառահարկ շինություն` շուրջ 10500 քմ ընդհանուր մակերեսով, որտեղ կտեղակայվեն Շիրակի մարզային հիվանդանոցի և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բոլոր, ինչպես նաև Սամարիթեր հիվանդանոցի` թերապևտիկ և սրտաբանական ծառայությունները:
Հարկ է նշել, որ միավորման արդյունքում բժշկական անձնակազմի կրճատումներ չեն իրականացվելու, օպտիմալացման են ենթարկվելու հիմնականում կրկնվող ադմինիստրատիվ հաստիքները:
Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման և ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 4267-AM և «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM վարկային ծրագրերի շրջանակներում:
Գյումրու բժշկական կենտրոնի նախագծման աշխատանքները սկսվել են 2009 թվականի ապրիլի 8-ին «Ա-3 Ճարտարապետներ» ՍՊԸ կողմից: Միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման նպատակով` բժշկական կենտրոնի ճարտարապետական նախագիծը վերանայվել է նաև միջազգային խորհրդատուների՝ հիվանդանոցային ճարտարապետի և ծառայությունների պլանավորման մասնագետի կողմից:
Շինարարությունը մեկնարկել է 2010 թվականի սեպտեմբերի 9-ին Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգին համապատասխան ընտրված կապալառու` «Միլաքս Գրուպ» ՍՊԸ շինարարական կազմակերպության կողմից: Ներկայում բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները ավարտվել են:
Գյումրու բժշկական կենտրոնի նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Բժշկական կենտրոնի շենքին կից կառուցվել է կաթսայատուն և էլեկտրամատակարարումն ապահովող էլեկտրաենթակայան` մուտքային երկու անկախ գծերով: Տեղադրվել է դիզելային գեներատոր: Իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքներ, ներառյալ` արտաքին լուսավորության, եզրաքարերի և տարածքը եզրագծող ցանկապատի տեղադրման:
 Գյումրու բժշկական կենտրոնի նորակառույց շենքում ծառայությունները տեղակայված են հետևյալ կերպ.
Նկուղային հարկում տեղակայված է կենտրոնական ախտահանման ծառայությունը, լվացքատունը, տեխնիկական մասը, ինչպես նաև ընդարձակ խորհրդակցությունների դահլիճը` օժտված մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվություններ իրականացնելու հնարավորությամբ:
Առաջին հարկում տեղակայված է ընդունարանը և անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը, ախտորոշիչ բաժանմունքը` համակարգչային շերտագրության սարքով, տրեդմիլ, ռենտգեն, ուլտրաձայնային, ԷՍԳ, ԷԷԳ և այլ ախտորոշիչ սարքավորումներով: Այստեղ է տեղակայված նաև դիալիզի բաժանմունքը, լաբորատոր ծառայությունը` կազմված արյան և մեզի կլինիկական, արյան բիոքիմիական և շճաբանական և իմունաֆերմենտային լաբորատորիայից ինչպես նաև, ադմինիստրացիան և հիվանդանոցային դեղատունը: Առաջին հարկում կգործի նաև նեղ մասնագիտական խորհրդատվական կենտրոնը, որտեղ կիրականացվեն ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից ուղեգրված հիվանդների սպասարկում և բժշկական խորհրդատվություն:  
Երկրորդ հարկում տեղակայված է թերապևտիկ բաժանմունքը, ներառյալ` նյարդաբանական և սրտաբանական ծառայությունները, ինտենսիվ թերապիայի բաժանմունքը` ներառյալ կարդիոռեանիմացիան, ինչպես նաև ցերեկային վիրաբուժական բաժանմունքը: Այստեղ կգործի նաև Շիրակի մարզի առաջին անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքավորումով, ինչը հնարավորություն կընձեռի իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ:
Երրորդ հարկն ամբողջովին հատկացված է վիրաբուժական բաժանմունքին` վնասվածքաբանական, ուրոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, անոթային, ակնավիրաբուժական և նյարդավիրաբուժական ծառայություններով հանդերձ: Վիրաբուժական բաժանմունքում տեղակայված է երեք վիրասրահից կազմված վիրահատական բլոկը` հետվիրահատական ինտենսիվ բուժման հիվանդասենյակներով: Վիրաբուժական բաժանմունքը հագեցվել է նաև էնդոսկոպիկ վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներով։ Մասնավորապես՝ բժշկական կենտրոնին տրամադրվել է լապարասկոպիկ և ցիստոսկոպիկ վիրահատական գործիքների հավաքածու։
Չորրորդ հարկում տեղակայված են մեկ և երկու տեղանոց հիվանդասենյակներ, որոնք կսպասարկեն թերապևտիկ և վիրաբուժական բաժանմունքները:
Արդյունքում, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն` լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, առանձին սանհանգույց ունեցող մեկ, երկու և երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:
Նոր բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի ՀՀ Շիրակի մարզի և հատկապես Գյումրի քաղաքի բնակչությանը մատուցել որակյալ, ժամանակակից և մատչելի բժշկական ծառայություններ: Միևնույն ժամանակ մարզի բնակչությանը կտրամադրվի երրորդային` ինվազիվ սրտաբանական, էնդոսկոպիկ վիրահատական, հեմոդիալիզի, մակարդակի բժշկական օգնություն, ինչը հնարավորություն կընձեռի կազմակերպել բնակչության բարձր մասնագիտական բուժումը տեղում:
                Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» թիվ 4267-AM և «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM վարկային ծրագրերի շրջանակներում «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 5,351,935.3 հազ. ՀՀ դրամի (շուրջ 13,911.9 հազ. ԱՄՆ դոլար) ներդրում:
Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքիկառուցմաննախագծանախահաշվայինփաստաթղթերիմշակում` 80,021.0 հազ. ՀՀ դրամ (211.6 հազ. ԱՄՆ դոլար), որից     
 ՀԲ-ի միջոցներից` 158.7 հազ. ԱՄՆ դոլար                                                          
 ՀՀ կառավարության միջոցներից` 52.9 հազ. ԱՄՆ դոլար
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքիկառուցում` 3,790,342.5 հազ. ՀՀ  դրամ (9,982.8 հազ. ԱՄՆ դոլար), որից                                                              
 ՀԲ-ի միջոցներից` 7,487.1 հազ. ԱՄՆ դոլար                                                        
 ՀՀ կառավարության միջոցներից` 2,495.7 հազ. ԱՄՆ դոլար
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի համար նախատեսված բժշկականև ախտորոշիչսարքավորումներիմատակարարում, տեղադրում, անձնակազմիուսուցում` 1,289,087.6 հազ. ՀՀ դրամ ( 3,224.0 հազ. ԱՄՆ դոլար), որից               
ՀԲ-ի միջոցներից` 2,418.0 հազ. ԱՄՆ դոլար                                                              
ՀՀ կառավարության միջոցներից` 806.0 հազ. ԱՄՆ դոլար,
-          «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի համար նախատեսված բժշկական    կահույքիմատակարարում` 192,484.2 հազ. ՀՀ դրամ (493.5 հազ. ԱՄՆ դոլար), որից                             
ՀԲ-ի միջոցներից` 370.1 հազ. ԱՄՆ դոլար   
ՀՀ կառավարության միջոցներից` 123.4 հազ. ԱՄՆ դոլար:
Ավստրիական մանկական հիվանդանոց.
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1572 որոշմամբ նախատեսվել է «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության` ստեղծելով մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք` 30 մահճակալ հզորությամբ:
Ի կատարումն ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի թիվ 817-Ն որոշմամբ նախատեսված հիվանդանոցի վերանորոգման միջոցառումների,«Բագարանի Բարիք» ՓԲԸ կողմից իրականացվել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ընդունարանի, մանկական վիրաբուժական, մանկական սոմատիկ, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքների, ինչպես նաև լաբորատորիայի, վիրահատական և ծնարանային բլոկների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, իսկ վերանորոգման շինարարական աշխատանքները իրականացվել են` «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ընտրված կապալառու` «Ագաթ 777» ՍՊԸ-ի կողմից:
Արդիականացման ծրագրի շրջանակներում ընդամենը վերանորոգվել է շուրջ 3650 ք.մ. մակերեսով տարածք: Ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև տանիքի ծածկի մասնակի վերանորոգման, ջեռուցման և բժշկական գազերի մատակարարման համակարգերի տեղադրման աշխատանքներ:
Բժշկական կենտրոնը հագեցվել է նաև հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Մասնավորապես` ավստրիական կողմը («Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցին օժանդակող միություն» ՀԿ, Austrian Development Agency, անհատ բարերարներ) հիվանդանոցին տրամադրել է արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների և վիրասրահների համար, իսկ Հայաստանի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ թիվ 7987-AM վարկային ծրագրի շրջանակներում` նոր բժշկական և կենցաղային կահույք` հիվանդասենյակների, բժիշկների սենյակների, հետազոտման և միջամտության սենյակների կահավորման նպատակով:
Ընդհանուր ներդրումները «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ում կազմել են 378,698.0 հազ. ՀՀ դրամ (շուրջ 912.6 հազ. ԱՄՆ դոլար), որից ՀՀ կառավարության ներդրումը կազմել է 187,069,8 ՀՀ դրամ (շուրջ 450.8 հազ. ԱՄՆ դոլար)
Ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով.
-                                 «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական աշխատանքներ` 920.0 հազ. ՀՀ դրամ (2.2 հազ. ԱՄՆ դոլար),     
- «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ շենքի վերանորոգում` 174,798.9 հազ. ՀՀ դրամ, (421.2 հազ. ԱՄՆ դոլար),
- «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ շենքի համար ձեռք 
   բերված բժշկական կահույք` 11,350.9 հազ. ՀՀ դրամ ( 27.4 հազ. ԱՄՆ դոլար), 
- Ավստրիական կողմի ներդրումը կազմել է 191,628.2 հազար դրամ (շուրջ 461.8 հազ. ԱՄՆ դոլար)
       
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22