Նորություններ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ
24.09.2012
Գագիկ Վահրադյանը Կարմրաքարի գյուղապետն է 2001թ-ից: Ուշագրավ է, որ Գ. Վահրադյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում սեփական եկամուտների բարձր կատարողական է արձանագրել միայն 2011թ-ին` 84,4 տոկոս, հողի հարկի մասով ` 100 տոկոս, հողի վարձակալություն՝ 49,9 տոկոս: 2010թ-ին սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 38,4 տոկոս (հողի հարկի մասով կատարողականը` 80,1 տոկոս, հողի վարձակալություն՝13,7 տոկոս), 2009թ-ին` 21,2 տոկոս (հողի հարկի մասով` 49 տոկոս, հողի վարձակալություն՝ 10,9 տոկոս), 2008թ-ին` 13 տոկոս (հողի հարկի մասով` 20 տոկոս, հողի վարձակալություն՝ 6,2 տոկոս): 2012թ. բյուջեյով նախատեսված 433.0 հազար դրամ վարձավճարի դիմաց գանձումներ ընդհանրապես չեն իրականացվել:
Վերոնշյալ ցուցանիշները վկայում են, որ նախորդ տարիներին Գ. Վահրադյանը չի կարողացել հավաքագրել սեփական եկամուտները` ձեւավորելով ապառքներ, հետեւաբար «մեղքը» 2012թ. գարնանն ընդունված հարկային փաթեթի վրա գցելն առնվազն լուրջ չէ:
Հարկ է նաեւ նշել, որ Կարմրաքար համայնքին ամեն տարի պետբյուջեից հատկացվել է համահարթեցման դոտացիա` 3,5 մլն դրամի չափով, մինչդեռ գյուղապետը չի կարողացել ապահովել համայնքային բյուջեի կատարումը:
Տարակուսանք է առաջացնում նաեւ գյուղապետի մեկ այլ արտահայտություն` գյուղի «աֆտարիտետների» մասին, ովքեր իբր հրաժարվում են հարկեր վճարելուց եւ հիմա արտոնյալ վիճակում են հայտնվել: Հարկ է նշել, որ Կարմրաքարն ունի մոտ 50 բնակիչ, եւ հետաքրքիր է, թե նրանցից քանիսին է գյուղապետը «աֆտարիտետ» համարում: Եթե անգամ այդպիսիք կան, ապա նրանք «ի հայտ են եկել» գյուղապետի թողտվությամբ եւ նրա կողմից ոչ արդյունավետ վարչարարության իրականացման արդյունքում:
Մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ օրենսդրական փաթեթով ոչ թե արտոնություն է սահմանվում կամ հարկային համաներում իրականացվում, այլ բազաներից հանվում են անհուսալի ապառքները:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմ