Տպել
Նորություններ
Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի մասնակից դպրոցները գազօջախներ են նվեր ստացել
01.03.2013
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) օժանդակությամբ Հայաստանի մի շարք մարզերում արդեն երրորդ տարին իրականացվող «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում այսօր, մարտի 1-ին ծրագրին մասնակից Շիրակի մարզի 44 դպրոցների ՊՀԾ-ն նվիրեց մեկական գազօջախ։ Դրանից առաջ գազօջախներ էին հատկացվել ծրագրին մասնակից Լոռիի, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերի դպրոցներին՝ ընդհանուր հաշվով 160 գազօջախ։
Շիրակի մարզում ծրագրին մասնակցում են 149 դպրոց, որից 35-ը Գյումրիում, ընդհանուր թվով տարրական դասարանների /1-4/ թվով 12.600 աշակերտներ: Ծրագրի շրջանակում բացվել և գործում է 450 աշխատատեղ:
Ծրագրով նաև իրականացվել է մարզի 15 գյուղական համայնքների դպրոցների ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքներ:
Նվիրաբերության առիթով Գյումրիի թիվ 10 դպրոցում կազմակերպվեց գազօջախների հանձնում։
«Այս նվիրատվությունը դպրոցներին հնարավորություն կտա ազատվել իրենց դարն ապրած խոհանոցային սարքերից, այդ թվում դեռեւս շատ տեղերում օգտագործվող փայտի վառարաններից եւ բարելավել տաք կերակրի պատրաստումը, այն դարձնել ժամանակակից ու հարմար, մաքուր ու անվտանգ, առողջության համար վնասակար ծխից զերծ ոչ միայն աշակերտների, այլեւ ամեն օր ճաշը սիրով պատրաստող խոհանոցների աշխատողների համար», - ասաց ՊՀԾ ծրագրերի պատասխանատու Լիանա Խառատյանը։
Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, մարզպետարանի մի շարք վարչությունների և բաժինների պետեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Գյումրիու թիվ 10 դպրոցում հավաքվածները ականատես եղան դպրոցական սնունդ ծրագրի իրականացմանը։ Դասամիջոցին երրորդ դասարանցիները համտեսեցին ,,թաթար բորանի,, ճաշատեսակը, որն երեխաների հավաստմամբ շատ համով էր:
Միջոցառման ընթացքում Շիրակի մարզի տարբեր դպրոցներում սովորող վեց աշակերտներ, որոնք հաղթող էին ճանաչվել դպրոցական սնունդ ծրագրի թեմայով հայտարարված դպրոցականների նկարների մրցույթում, ստացան խրախուսակական պարգեւներ, այդ թվում իրենց նկարներով կազմված օրացույցներ։ Վերջում հյուրերը դիտեցին ծրագրին նվիրված լուսանկարների ցուցահանդես։
Ռուսաստանի կառավարության ֆինանսավորումով եւ ՊՀԾ ի միջոցով ծրագրի իրականացումը կշարունակվի մինչեւ 2016թ, որից հետո այն որպես ազգային ծրագիր կստանձնի Հայաստանի կառավարությունը։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արդեն իսկ գործուն քայլեր է ձեռնարկում, այդ թվում ֆինանսական միջոցներ է տրամադրում ընթացիկ ծրագրին։