Տպել
Նորություններ
Ասֆալտապատումն իրականացվել է անձրեւային եղանակին
17.04.2013
Վերջին օրերին Գյումրու քաղաքապետարանի պատվիրատվությամբ իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ժամանակ մի շարք զանգվածային լրատվության միջոցներ արձանագրեցին, որ այդ աշխատանքները իրականացվել են անձրեւային եղանակին: Անբարենպաստ եղանակով պայմանավորված, թերություններ ու անորակություն բացառելու նպատակով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները քանդել են այն հատվածները, որոնց ասֆալտապատումը իրականացվել է անձրեւային եղանակին: Տվյալ հատվածներում վերանորոգման աշխատանքները կրկին կիրականացվեն եղանակային նորմալ պայմանների դեպքում:
Պատասխանատուները վստահեցնում են` ասֆալտապատման աշխատանքները մարզկենտրոնում իրականացվելու են բացառապես տեխնոլոգիական պայմանների պահպանմամբ եւ պահանջվող չափանիշներին համապատասխան: Գյումրիում ասֆալտապատման լայնամասշտաբ աշխատանքները կմեկնարկեն միայն եղանակային նորմալ պայմանների դեպքում: Ընդհանուր առմամբ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում իրականացվելու է շուրջ 710 մլն դրամի աշխատանք, 390 մլնը Շիրակի մարզպետարանի, շուրջ 320 մլնը Գյումրու քաղաքապետարանի պատվիրատվությամբ: