Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՕԾՎԵՑ ԱՂՈԹԱՏԵՂԻՆ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀՈՒՇԱԳԻՐ

27.04.2013

 

Գյումրու բժշկական կենտրոնի եւ Երեւանի «Էրեբունի» առողջապահական հաստատության  միջեւ ապրիլի 27-ին ստորագրվեց փոխըմբռնման  հուշագիր: Մինչ հուշագրի ստորագրումը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից Գյումրու բժշկական կենտրոնում Շիրակի մարզի կարդիոլոգների եւ կարդիովիրաբուժների համար անցկացվեց գիտաժողով: Նույն օրը մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրականացրեցին անգիոգրաֆիա՝ բարեգործական հիմունքներով: Մեր թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նշեց, որ կենտրոնն ունի անգիոգրաֆ (կորոնոգրաֆ),  ինչը հնարավություն է տալիս իրականացնել սրտի անոթների ստուգում եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ ստենդավորում: Կենտրոնում համապատասխան մասնագետ չլինելու պատճառով այդ սարքն առաջին անգամ շահագործվել է հունվարին՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից:
 «Տեղի մասնագետներն այժմ վերապատրաստվում են: Սարքին տիրապետելու համար անհրաժեշտ է  2 տարի, իսկ այս ընթացքում Գյումրու բժշկական կենտրոնում կաշխատեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները: Ծառայությունը կլինի բարձրորակ եւ մատչելի»,-նշեց Արմեն Իսահակյանը:
Ապրիլի 27-ին չորս հիվանդի մոտ  իրականացվեց անգիոգրաֆիա, իսկ մեկի մոտ ստենդավորում: Խոսելով փոխըմբռնման  հուշագրի մասին՝  «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը  նշեց, որ այս հուշագրի շրջանակներում Գյումրի կայցելեն հանրապետության լավագույն մասնագետները: Կիրականացվեն խորհրդատվություններ, բուժզննումներ եւ վիրահատություններ՝ ինչպես անվճար, համավճարի եւ վճարովի սկզբունքերով: «Այս հուշագրի հիմքում ՀՀ առողջապահության նախարարի հրամանն է՝ մարզերի առողջապահության որակը բարձրացնելու եւ բնակչությանն ավելի որակյալ ու նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մեր նպատակը մարզի բնակիչներին նմանատիպ նեղ մասնագիտական ծառայությունների հասանելության ապահովվումն է: Ի դեպ, այնպիսի ծառայություն, ինչպիսին արվում է հիմա Գյումրիում, նույնիսկ չեն իրականացնում Երեւանի շատ հիվանդանոցներում: Ասեմ, որ Գյումրու բժշկական կենտրոնը հագեցած է լավ սարքավորումներով եւ այստեղ հնարավոր է կատարել նույնիսկ ամենաբարդ բժշկական միջամտությունները: Միակ խնդիրը մասնագետների խնդիրն է, որով մենք պետք է օգնենք: Կլինեն տարբեր մասնագետների պարբերական այցեր: Համագործակցությունը կտեւի այնքան, որքան պահանջվի»,-վստահեցրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը:
Հուշագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը, նախկին նախարար Հարություն Քուշկյանը, Շիրակի մարզպետ ֆելիքս  Ցոլակյանը: Նույն օրը օծվեց նաեւ Գյումրու բժշկական կենտրոնի մատուռը:
ԳՅՈՒՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-03-31 10:44:54