Տպել
Նորություններ
Նյարդաբանական նոր կենտրոն Գյումրիում
21.05.2013
Գյումրիում բացվեց Հենրիխ Կյուրեղյանի անվան նյարդաբանական կենտրոնի նոր շենքը: Բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետը, ՀՀ առողջապահության փոխնախարարը, Շիրակի մարզի ոստիկանապետը, ոլորտի աշխատակիցներ: Շենքի բացման պատիվը տրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանին: Շիրակի մարզպետը ելույթում նշեց, որ այսօրինակ փոքր ներդրումային ծրագրերը նպաստում են ինչպես աշխատատեղերի ստեղծմանը, այնպես էլ բուժօնության կազմակերպման մեջ մրցակցության ապահովմանը, ինչը նպաստելու է բուժսպասարկման որակի բարձրացմանը եւ կենտրոնին մաղթեց բեղմնավոր աշխատանք, ինչը կնպաստի հիվանդների թվի նվազմանը:
Դեռ 2010թ-ից Գյումրիում գործող նյարդաբանական կենտրոնը այժմ արդեն աշխատելու է առավել բարվոք պայմաններում, հմուտ բուժանձնակազմով, նոր սարքավորումներով, ինչպես նաեւ այստեղ գործելու է ինտենսիվ թերապիայի հատուկ պալատ:
Մրցակցության ապահովմանն անդրադարձավ նաեւ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, նա ընդգծեց, որ նյարդաբանական կաբինետ գործում է նաեւ Գյումրու նորաբաց Բժշկական կենտրոնում եւ երկուսի գործունեությունը մեկ քաղաքում միանշանակ նպաստելու է հիվանդներին առավել որակյալ բուժօգնություն տրամադրելուն: