Տպել
Նորություններ
ՆՇՎԵՑ ՍՈԳԸԹԼՈՒԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ 95 ԱՄՅԱԿԸ
26.05.2013
Մայիսի 26-ին համաժողովրդական մեծ տոնախմբություն էր մարզի Անիի նախկին տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղի եկեղեցու մոտ: Նշվում էր Սոգըթլուի հերոսական ճակատամարտի 95-րդ տարելիցը, որը բեկումնային է եղել հայ ժողովրդի 1918 թվականի ազգային ազատագրական պայքարի ժամանակահատվածում: Մայիս ամիսը մեր ազգի պատմության մեջ եղել և կմնա հերոսական պայքարների և հաղթանակաների ամիս: Բաշ-Ապարան, Սարդարապատ, Ղարաքիլիսա ահա այն երթուղին որի հերոսական մարտերում ձևավորվեց հայ ժողովրդի ազատ ապրելու և անկախությունը պաշտպանելու կամքը: Սակայն մինչև այս հերոսական երթուղին հայ ժողովրդի մի ստվար հատված, շուրջ 300 հազար հոգի, նախ անցել են Սոգութլիով, ներկայիս Սառնաղբյուրով, ում ինքնապաշտպանական մարտերը թուրքերի դեմ, տեղի են ունեցել ավելի վաղ՝ 1918 թվականի մայիսի 18-22-ը, կենաց մահու չորս օրերը, որոնք պատմական եղան հայ ժողովրդի կյանքում և պատմության մեջ մնաց որպես Սոգթլվա հերոսամարտ: Այս համաժողովրդական տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոլյանը, Սուքիաս Ավետիսյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը, դատախազ Կարեն Շահբազյանը, ԱԱԾ մարզային կառույցի ղեկավար Աշոտ Կագրամանյանը, ,,Շիրակ,, հայրենակցական միության ներկայացուցիչներ, լրագրողներ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին, Փառք տալով Աստծուն, որ մեր պապերը մի քանի հրացանով, բայց կամքի անսահման ուժով ոչ միայն դիմակայել, այլ նաև ստիպել է թուրքին թողնել զենքն ու փախչել: Սոգըթլուի հերոսամարտի կարևորության մասին իրենց ելույթներում անդրադարձան մարզպետ Ցոլակյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլյանը, ,,Ակունք,, գրքի հեղինակ Ռուդիկ Գևորգյանը, ով գրքի մեկ օրինակ նվիրեց Ֆելիքս Ցոլակյանին: Արցախյան հերոսամարտի մասնակից Երկրապահ կամավորականների միության անդամ, Սառնաղբյուրի բնակիչ Արմեն Խաչատրյանը պարգևատրվեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով:Սամվել Նիկոլյանն իր ելույթում ափսոսանք հայտնեց, որ մինչև օրս Սառնաղբյուրում չկա մի հուշակոթող հերոսամարտի զոհերի հիշատակին, և կոչ արեց բոլոր շահագրգիռ կողմերին հարցին մոտենալ ամենայն լրջությամբ, և հաջորդ տարի տոնակատարությունն անցկացնել նորակառույց հուշաքարի մոտ: Ի դեպ, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը կառուցվելիք հուշակոթողի տեղում օրեր առաջ տեղադրել է փոքր ազդարարող քար, հուշակոթողի կառուցման համար: Տոնական միջոցառումը շարունակվեց ուրախ երգ ու պարով, որին իրենց մասնակցությունն էին բերել Գյումրու ժողովրդական նվագարանների համույթը: Տոնական միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին եկեղեցու հարևանությամբ տեղադրված Արցախյան հերոսամարտի զոհերի հուշաքարին: