Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

04.06.2013

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզ, Մեղրաշեն եւ Ազատան համայնքներում ծանոթացավ հակակարկտային կայանների վիճակին եւ հզորություններին:
Փոխվարչապետն այնուհետեւ խորհրդակցություն անցկացրեց Ազատանի համայնքապետարանում, որին մասնակցում էին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներ, մարզի հակակարկտային կայաններ ունեցող համայնքների ղեկավարներ, կայանները շահագործող ընկերությունների պատասխանատուներ:
Քննարկվեցին մարզում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության, ինչպես նաեւ նոր կայաններ տեղադրելու հնարավորություններին առնչվող հարցեր: Զեկուցվեց, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 41 հակակարկտային կայան, որոնցից 11-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մնացած 30-ը` այլ հիմունքներով: Շիրակի մարզում եւս ցանքատարածությունները եւ, հատկապես, հացահատիկի բերքը կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժեշտություն կա:
Խորհրդակցությանը համայնքի ղեկավարները բարձրացրեցին նաեւ ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի ներտնտեսային ցանցերի արդիականացման, սահմանային գոտում գտնվող հողերի օգտագործման, գյուղմթերքի, մասնավորապես կարտոֆիլի, իրացման հետ կապված եւ ընթացիկ այլ հարցեր:
Փոխվարչապետը այցի ընթացքում կանգ առավ նաեւ Փանիկ համայնքում, որտեղ բնակիչների հետ հանդիպմանը քննարկվեց համայնքի ջրամատակարարման խնդիրը: Բնակիչները դժգոհություն հայտնեցին ինչպես ջրամատակարարման, այնպես էլ խմելու ջրի որակից: Փոխվարչապետը խոստացավ, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը կառաջարկվի այցելել համայնք եւ տեղում ուսումնասիրել խնդիրը:
Ա. Գեւորգյանը մեկնեց Գյումրի, որտեղ Շիրակի մարզպետի, Գյումրիի քաղաքապետի, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների եւ պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր: Միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողությունը նախատեսված է հունիսի 30-ին, որին կմասնակցեն հյուրեր, քույր քաղաքների պատվիրակություններ:
Այնուհետեւ մարզպետի եւ Գյումրիի քաղաքապետի հետ փոխվարչապետը քննարկեց մարզում եւ Գյումրի քաղաքում իրականացվող ծրագերի ընթացքը: Զեկուցվեց Գյումրիի փողոցների բարեկարգման, ինչպես նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով իրականացվող աշխատանքների մասին: Քաղաքապետը ներկայացրեց նաեւ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները` նշելով, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների կատարողականը կազմել է մոտ 90 տոկոս:
Անդրադարձ եղավ նաեւ «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերին: Մասնավորապես, բարձրացվեց կառուցված շենքերը ենթակառուցվածքներով եւ բնակվելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովելու խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Քաղաքաշինության նախարարության եւ շինարարական ընկերության ներկյացուցիչներինկառաջարկվի այցելել մարզ եւ տեղում քննարկել հարցն ու լուծումներ առաջարկել:
Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ Շիրակի մարզի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի վերականգնման ծրագրի ընթացքի մասին: Ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները շարունակվում են. այս փուլի ավարտին նախատեսվում է վերականգնել Գյումրի քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի 50 տոկոսը եւ տարածքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագրի շրջանակում արդեն շուրջօրյա ջրամատակարարում ունեն Մարալիկ, Ախուրյան եւ Ազատան համայնքները: Քաղաքապետը բարձրացրեց վերականգնման աշխատանքներից հետո ճանապարհները բարեկարգելու խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը մեկ անգամ եւս կքննարկվի պատասխանատու բոլոր կողմերի մասնակցությամբ:
Շիրակի մարզից փոխվարչապետը մեկնեց Արագածոտնի մարզ, խորհրդակցություն անցկացրեց Բյուրականի համայնքապետարանում, որի ընթացքում քննարկվեց Կարբի եւ Բյուրական համայնքներում առաջին սեփականաշնորհման ժամանակ պետական գրանցում չստացած եւ բնակիչների կողմից օգտագործվող հողերի նկատմամբ իրավունքների գրանցմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Ս. Սահակյանը, Տարածքային կառավարման նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ, համայնքապետեր, համայնքի բնակչության ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներին առաջարկեց հաշվարկել չափագրումների համար անհրաժեշտ գումարի չափը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել:
Քննարկվեցին նաեւ համայնքային ընթացիկ խնդիրներ, գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23