Տպել
Նորություններ
ՃԱՆԱՉԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԴ ԵՎ ՊԱՏՄԻՐ ՆՐԱ ՄԱՍԻՆ
08.06.2013
Հունիսի 8-ին Գյումրու երկաթգծի կայարանում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ մարզային, քաղաքային և այլ կառույցների ներկայացուցիչներ դիմավորեցին Գյումրի-Երևան երթուղով Գյումրի ժամանող ,,Ճանապարհ դեպի ԱՊՀ երկրների միասնական երիտասարդական տարածք,, երկրորդ տուրիստական գիտարշավի մասնակիցներին: ,,Ճանաչիր Հայրենիքդ և պատմիր նրա մասին,, խորագիրը կրող գիտաժողովի մասնակիցների կազմը, որտեղ ընդգրկված էին Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակությունը, ՀՀ զինվորական ծառայության կուրսանտներ, ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչներ, Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցներ և լրագրողներ գլխավորում էր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ տիկին Հերմինե Նաղդալյանը: Պատվիրակության կազմում էր նաև Տուրիզմի հայկական ինստիտուտ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղի ռեկտոր Ռ. Մինասյանը: Գյումրու երկաթգծի կայարանի կառամատույցում փողային նվագախմբի երաժշտության ներքո, աղ ու հացով դիմավորելուց հետո, հյուրերին մատուցվեց կարկանդակ և գարեջուր, փորձելով հիշեցնել ոչ վաղ անցյալի շատ հետաքրքիր մի ավանդույթ, որն ընդունված էր գրեթե բոլոր կառամատույցներում: Հյուրերը կայարանից ուղևորվեցին ,,Պատվոր Բլուր,, հուշահամալիր: Հուշահամալիրում ծաղկեպսակադրության արարողությունից հետո շրջեցին տարածքում, ծանոթացան հուշահամալիրի պատմությանը, մոմ վառեցին հարևանությամբ Ռուսական եկեղեցում: ,,Պատվոր Բլուր,, հուշահամալիրից հյուրերը և նրանց ուղեկցողներն ուղևորվեցին 1988 թվականի Երկրաշարժի զոհերի հուշակոթող: Հուշակոթողին ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելուց հետո պատվիրակությունն այցելեց Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և կենցաղի թանգարան, որն առավել հայտնի է Ձիթողցյանների տուն թանգարան, ուր պատվիրակությանը Գյումրու ժողովրդական գործիքների և Վարդևանյան պարի համույթները մատուցեցին փոքրիկ, բայց ժողովրդական կոլորիտով համեմված գեղեցիկ համերգ, որին անմասն չմնացին նույնիսկ գիտաժողովի մասնակից կուրսանտները և ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը: Արդեն կեսօրն անց Թորոս գյուղի Երեքնուկ գեղատեսիլ հանգստի գոտում հանգստանալուց հետո, հյուրերը կրկին վերադարձան գյումրի, այցելեցին թանգարաններ, իսկ երեկոյան իրենց ժամանած գնացքով վերադարձան Երևան: