Տպել
Նորություններ
ԱՅՍՕՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՆ Է
21.06.2013
Բուժաշխատողների տոնի կապակցությամբ հունիսի 21-ին Գյումրու նորակառույց բժշկական կենտրունում տեղի ունեցավ մարզի բուժաշխատողների հանդիպումը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, մարզպետարանի առողջապահության վարչության աշխատակիցների հետ: Տոնական օրվա խորհրդով պայմանավորված Շիրակի մարզպետը նախ շնորհավորեց բուժաշխատողներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկացավ ամենալավն ու բարին, ապա հորդորեց բուժաշխատողներին, ակտիվ մասնակցություն ունենալու քաղաքի և մարզի կյանքում, քանի որ աշխատանքի բերումով նրանք ամեն օր առընչվում են բնակչության հետ և հատկապես նրանց մի բարի հայացքն ու ջերմացնող խոսքն ավելի մեծ ուժ ունի, քան ցանկացած դեղ:
Առողջապահության համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին մարզպետի, առողջապահության վարչության և արհմիությունների պատվոգրերով: Շուրջ երկու տասնյակի հասնող բժիշկների տրվեց գլխավոր մասնագետի վկայականներ, ինչն իհարկե հետո քննարկման հարց դարձավ, վկայականների տրման մեխանիզմների հետ կապված:
Ստորև ներկայացնում ենք մարզպետի ուղերձը բուժաշխատողի տոնի կապակցությամբ:
Սիրելի բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ: Բոլոր ժամանակներում մեր ժողովուրդը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել բժշկի մասնագիտությանը: Այդպես է նաև այսօր, քանի որ հենց Ձեր աշխատանքից է մեծապես կախված մեր քաղաքացիների առողջությունը, հետևաբար, նաև հասարակության և պետության բարեկեցությունը:
Դուք՝ առողջապահության համակարգի աշխատողներդ, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, մեր ժողովրդի համար օրհասական պահերին, արտակարգ իրավիճակներում ու առօրյա կյանքում հնարավոր եք դարձնում անհնարինը:
Աշխատելով նվիրումով, Ձեր մասնագիտական ողջ ներուժն ուղղել եք հիվանդությունների կանխարգելման ու բուժման նպատակին, մահվան դեմ անձնուրաց պայքարում կյանք եք պարգևում մեր քաղաքացիներին, մանուկներին ու ծերերին, թև ու թիկունք դառնում նրանց:
Մարզկենտրոն Գյումրու առողջապահական կենտրոնը նոր հնարավորություններ ու հեռանկարներ է բացում բուժաշխատողներիդ առջև, պայմաններ ստեղծելով մեր բնակչության առողջության պահպանումն ու բուժման գործընթացներն իրականացնել նորագույն մեթոդներով:
Հարգելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
Շիրակի մարզպետ՝ Ֆելիքս Ցոլակյան