Տպել
Նորություններ
,,Մենք ենք մեր մարզը,,
04.07.2013
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «Մենք ենք, մեր մարզը» խորագրով մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի շրջանակներում երկօրյա այցով Շիրակի մարզ այցելած Արագածոտնի մարզի պատանիներին: Ծրագրին մասնակից Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքների և Օշական, Ուջան, Սասունիկ, Արագածավան, գյուղական համայնքների 11 մշակութային հաստատության ավելի քան 40 պատանիների եւ Շիրակի մարզպետի հանդիպումն անցավ ջերմ եւ անմիջական մթնոլորտում: Պատանիներն հենց սկզբում նշեցին, որ տպավորված են շիրակցիների հյուրընկալ եւ ջերմ վերաբերմունքից, իսկ Գյումրիում շրջելուց հետո` նաեւ քաղաքի գեղեցկությունից` թանգարաններից, մշակութային օջախներից: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ կարեւորելով այսօրինակ ծրագրերի իրականացումը, վստահություն հայտնեց, որ շփումներն իրապես մեծ օգտակարություն ունեն, դրանք նպաստում են մարզերի մշակույթի գործիչների, մշակութային կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների մշակութային ակտիվ համագործակցություն ծավալմանը: <Հայրենիքը սիրելու համար, այն ճանաչել է պետք, պետք է իմանալ հարեւան մարզի մասին, չէ որ մենք փոքր հայրենիք ունենք, սակայն մեծ պատմություն, ձեռքբերումներ, դրանց մասին իմնալ է պետք,- խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը,- Գյումրին կարողացել է մեջքը շիտկել աղետից հետո, շատ բան է փոխվել այստեղ եւ դեռ շատ բաներ են փոխվելու դրական առումով>:
Նշենք, որ Արագածոտնի մարզի շնորհալի երաժիշտ-կատարողները Գյումրիում հանդես եկան նաեւ համերգով:
«Մենք ենք, մեր մարզը» խորագիրը կրող մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրն իրականացվում է 2008 թ.-ից, այս տարի մշակույթի օրերն անցկացվեցին Գյումրիում` կապված «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակվելու հետ:
2008-2012 թթ ծրագրին մասնակցել են ՀՀ Շիրակի և Լոռու /2008 թ./, Գեղարքունիքի և Կոտայքի /2009 թ./, Տավուշի և Արարատի /2010 թ./, Վայոց ձորի և Արարատի /2011 թ./ մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /2012 թ./ 117 ուսումնական հաստատությունների 590 շնորհալի պատանիներ: