Նորություններ
<Զվարթնոց Վերածննդի> հաղթողները մարզպետարանում
18.07.2013
Հուլիսի 18-ին Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն ընդունեց <Զվարթնոց> հայ երգի մրցույթ-փառատոնի հանրապետական փուլ Շիրակի մարզից անցած մասնակիցներին: <Զվարթնոց Վերածննդի> հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը ինչպես նաև հայտնաբերել երաժշտական կրթություն չունեցող, բայց լավ ձայնային տվյալներ ունեցող անհատների: Շիրակի մարզից մրցույթի հանրապետական փուլ էին անցել 10 մասնակիցներ, նրանցից Հովունի համայնքը ներկայացնող Լիլիթ Սարգսյանը եւ գյումրեցի Վահե Մարգարյանը <Դասական երգ> անվանակարգում արժանացել են առաջին, իսկ լանջիկցի Սաթենիկ Վարդանյանը <Ժողովրդական երգ> անվանակարգում` երկրոդ մրցանակի: Սեյրան Պետրոսյանը ողջունելով մրցույթի մասնակիցներին, նշեց, որ այսօրինակ մրցույթները նախ նպաստում են նոր անուններ ու նոր տաղանդներ հայտնաբերելուն: <Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ մեզ համար էլ պարզ դարձավ, որ արվեստասեր Շիրակում կան նաեւ դասական երաժշտության տաղանդների արժանի շարունակողներ ու փոխարինողներ>,-ասաց փոխմարզպետը: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի անունից փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը մրցանակակիրներին հանձնեց հուշանվերներ եւ պատվոգրեր, պատվոգրի արժանացավ նաեւ <Զվարթնոց Վերածննդի> հիմնադրամի ղեկավար Սուսաննա Բաղդասարյանը: