Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն Ախուրյանի համայնքապետարանում

13.08.2013

 Օգոստոսի 13-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն արտագնա խորհրդակցություն անցկացրեց Ախուրյանի համայնքում, որին մարզպետարանի պատասխանատուներից բացի մասնակցում էին Ախուրյանի ավագանու անդամները, դպրոցների, մարզադպրոցների, նախակրթարանների  եւ հիվանդանոցների տնօրեններ: Խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը մարզպետին ներկայացրեց համայնքում 2013-ին իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև մարզպետին տեղեկացրեց, որ այս տարի համայնքում ցորենի բավական բարձր  բերք է ստացվել: Խորհրդակցությանը մասնակից մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսե Մանուկյանն էլ ներկաներին տեղեկացրեց, որ 2013-ին ցորենի աննախադեպ բարձր բերք է ստացվել, ինչն իսկապես ոգեւորող հանգամանք է:  Ախուրյանի համայնքապետն  անդրադարձավ նաեւ համայնքին հուզող հիմնահարցերին` հատկապես կարեւորելով դեպի գերեզմաններ տանող ճանապարհի, դպրոցների համար մարզադահլիճ կառուցելու, ինչպես նաեւ մարզադպրոցի նորոգման հարցերը: Շիրակի մարզպետը լսեց նաեւ ավագանու անդամներին, ովքեր համայնքապետի բարձրացրած հարցերից զատ անդրադարձան համայնքը սպասարկող երթուղու, պոլիկլինիկային շենքային պայմաններ ապահովելու, անտառաշերտերի վերականգնման, գյուղմթերքի իրացման հարցերին: Ֆելիքս Ցոլակյանն ախուրյանցիներին վստահեցրեց, որ բարձրացված բոլոր հարցերը կքննարկվեն եւ հնարավորությունների սահմաններում խնդիրներին լուծում կտրվի: <Ես չեմ ասում բոլոր հարցերը վաղն եւեթ լուծվելու են, սակայն մեկ բան հաստատ վստահեցնում եմ հոգատար վերաբերմունք եւ խնդիրների լուծման առումով հետեւողական աշխատանք կտարվի>,- ասաց Շիրակի մարզպետը,- մարզպետարանը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել համայնքին>: Ֆելիքս Ցոլակյանը կրթության, առողջապահության եւ ընդհանրապես բոլոր ոլորտների ներկայացուցիչներին հորդորեց մարդկային եւ ջերմ վերաբերմունք ցուցաբերել իրենց դիմած քաղաքացիների նկատմամբ: < Բոլորս էլ լավ գիտենք, որ ցանկացած բժիշկ ավելի լավ խոսքով է բուժում, քան` դեղով, ցանկացած ուսուցիչ իր հոգատար վերաբերմունքով կարող է մեծ ազդեցություն ունենալ աշակերտի հետագա կյանքի վրա եւ այսպես շարունակ, չէ որ հոգատարորեն քաղաքացու խնդիրների մասին լսելով նրան հույս ենք ներշնչում, հավատ ենք տալիս վաղվա օրվա հանդեպ, այլապես անտարբերությունից են ծնվում շատ ու շատ հոգսեր>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետը լրագրողների հետ զրույցում էլ տեղեկացրեց, որ այսուհետ արտագնա հանդիպումները, քննարկումներն ու խորհրդակցությունները առավել հաճախակի են լինելու: Մարզային իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան  նաեւ մարզի մյուս համայնքներում: Խորհրդակցության ավարտից հետո Շիրակի մարզպետն այցելեց նաեւ Ախուրյանի հիվանդանոց եւ պոլիկլինիկա, ինչպես նաեւ մարզադպրոց` տեղում ծանոթանալու հաստատությունների վիճակին եւ լսելու հաստատությունների հետագա գործունեության հետ կապված  աշխատակիցներին հուզող հիմնահարցերը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41