Տպել
Նորություններ
Արտագնա խորհրդակցություն Արթիկի քաղաքապետարանում
22.08.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ արտագնա խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրում եւ հերթական հանդիպումը օգոստոսի 22-ին Արթիկ քաղաքում էր: Տեղի ավագանու անդամների, դպրոցների, մանկապարտեզների եւ այլ կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ Արթիկին հուզող հիմնահարցերին: Արթիկի քաղաքապետը մարզպետին ներկայացնելով քաղաքում վերջին մեկ-երկու տարիներին իրականացաված աշխատանքները, նախ շնորհակալություն հայտնեց մարզային իշխանություններից հոգատար վերաբերմունքի համար, այնուհետեւ նշեց, որ բավական լուրջ գումարներ են ծախսվել Ճանապարահաշինության, բազմաբնակարանների կտուրների նորոգման նպատակին, ինչի կարիքն իրապես զգացվել է: Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ գումարների առկայության դեպքում շատ խնդիրներ կարճ ժամկետում կլուծվեն: Ինչ վերաբերում է հոգսերի նկատմամբ հոգատար վերաբերմունքին, ապա Ֆելիքս Ցոլակյանը վստահ է` այս առումով մարզային իշխանություններն ամեն ինչ անելու են հնարավորությունների սահմաններում: <Վերաբերմունք, նորմալ եւ ջերմ վերաբերմունք, սա ամենակարեւոր խնդիրն է հատկապես մեր մարզի բնակիչների համար, կարեւորում եմ կրթության բնագավառի եւ առողջապահության ներկայացուցիչների հոգատար վերաբերմունքը, եթե ուսուցիչը ջերմ է դիմավորում աշակերտին, ուրեմն նա սովորելու, ուսանելու առավել մեծ ցանկությամբ կգա դպրոց, նույն կերպ, եթե բժիշկն է ժպիտով հիվանդին որպիսություն հարցնում, ուրեմն նա հավատով կլցվի>,- հավատացած է Շիրակի մարզպետը: Անդրադառնալով կրթության եւ առողջապահության բնագավառներին հուզող հիմնահարցերին, Ֆելիքս Ցոլակյանն հատկապես կարեւորեց կրթության որակի բարձրացումը, մանկավարժների մասնագիտական պատրաստվածության կատարելագործումը: <Մենք բոլորս էլ գիտենք, որ մի այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ համացանցն ու կյանքն այնքան արագ են ընթանում, փոփոխություններն այնպիսի սրընթացությամբ են լինում,որ յուրաքանչյուր մանկավարժ պետք է կարողանա համաքայլ գնալ ժամանակի եւ ներկա աշակերտի պահանջներին, մշտապես աշխատի սեփական գիտելիքների կատարելագործման վրա>,-ասաց պարոն Ցոլակյանը: Նման կերպ պետք է վարվեն նաեւ առողջապահության բնագավառի ներկայացուցիչները, գիտելիքներից զատ էլ ըստ Շիրակի մարզպետի տեղի բուժաշխատողները պետք է կարողանան բուժսպասարկման որակի բարձրացմանն ուշադրություն դարձնել:
Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաեւ սոցիալական ծառայությունների աշխատանքին, մարզպետը կրկին ընդգծեց, որ սա այն ոլորտն է, որտեղ իրապես անելիքները շատ են, սոցիալապես անապահով խավը պետք է զգա, որ եթե անգամ իր հոգսերի մեծ մասը չի լուծվում, գոնե անտեսված եւ մոռացված չէ, դա ըստ Ֆելիքս Ցոլակյանի հնարավոր կլինի միային նորմալ վերաբերմունքի շնորհիվ:
Հանդիպման ընթացքում Արթիկի մի շարք դպրոցների տնօրեններ մարզպետին դիմեցին մասնաշենքերի նորոգման, համայնքապետ Արսեն Աբրահամյանը բարձրացրեց բազմաբնակարան եւ վթարային շենքերի հիմնախնդիրները, բնակչության գործազրկության հարցեր եւ այլն: Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանն արթիկցիներին միավորված եւ համատեղ աշխատանքի կոչ արեց. <Արթիկում միշտ էլ տարբեր ճամբարների բաժանվելու, առանձին-առանձին հանդես գալու միտումներ են եղել եւ կան, սակայն ես հաստատակամորեն նշում եմ, որ ես որեւէ կողմի, որեւէ թիմի, որեւէ մեկի կողմից հանդես չեմ գալու, միասնականության եւ միավորված աշխատանքի կողմնակիցն եմ եւ այսօրվանից բոլորիդ զգուշացնում եւ տեղեկացնում եմ, եթե խառնակչության ցանկություն ունեցող կա թող զսպի այն, որեւէ մեկի ջրաղացին ջուր լցնող չի լինի, մեր մարզում շատ հոգսեր կան, դրանք լուծելու համար պետք է համատեղ աշխատանք>: