Տպել
Նորություններ
Բացվեց Ամասիայի արվեստի դպրոցը
06.09.2013
1963 թվականին ԽՍՀՄ Հայաստանի Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղում հիմնվեց Արվեստի դպրոց, որը գործեց մինչև ահավոր երկրաշարժը: Դպրոցն այլևս չունենալով հարմարավետ շենքային պայմաններ, այնուամենայնիվ շարունակեց գործել նաև երկրաշարժից հետո, երբեք չդադարեցնելով իր գործունեությունը: Այս փաստը աննկատ չմնաց բոլոր այն բարերաների ուշադրությունից, ովքեր տարբեր բարեգործական ծրագրեր էին իրականացնում Ամասիայում: 2013 թվականի գարնանը, ,,Ամասիայի Զարգացման հիմնադրամ,, և ,,Յուքոմ,, կազմակերպությունների նախաձեռնությամբ և շուրջ 100 մլն. դրամ ֆինանսական աջակցությամբ, մայիս ամսից սկսվեց Ամասիայի նախկին բանկի կիսակառույց շենքի վերանորոգման-վերականգնման աշխատանքները: Սեպտեմբերի 6-ին 50 ամյա արվեստի դպրոցը, նորովի իր դռները բացեց գյուղի երեխաների և հյուրերի առջև: Դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու համար Ամասիա էին ժամանել ՀՀ Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար պարոն Արմեն Գևորգյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Շիրակի մարզպետ ֆելիքս Ցոլակյանը, ,,Յուքոմ,, կազմակերպության ղեկավար Հայկ Եսայանը, ,,Ամասիայի Զարգացման հիմնադրամ,, և ,,Յուքոմ,, կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիսավոր բացմանն իրենց շնորհավորանքի և շնորհակալության խոսքն ուղղեցին միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին Արմեն Գևորգյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Հայկ Եսայանը, արվեստի դպրոցի տնօրեն Ջեմմա Մանուկյանը: Դպրոցի ժապավենը կտրելու պատիվը տրվեց համայնքի ղեկավար Աղասի Ամիրյանին, Ջեմմա Մանուկյանին և Հայկ Եսայանին: Հյուրերը շրջեցին նորաբաց դպրոցում,դպրոցի 14 դասասենյակներում երաժշտության,նկարչության և պարի խմբակներում դասեր կստանան մոտ 120 երեխաներ: Դպրոցից հյուրերը գնացին համայնքային կենտրոն, ճանապարհին անցնելով կինոթատրոնի կողքից, որն իչնպես իր ելույթում նշեց պարոն Գևորգյանը ևս կընդգրկվի վերակառուցման ծրագիր: Նախակրթարան համայնքային զարգացման կենտրոն և ,,Ամասիայի Զարգացման հիմնադրամ,, կենտրոն այցելությունից հետո հյուրերը մեկնեցին ՀՖՖ-ի և ,,Յուքոմ,, կազմակերպության կողմից կառուցվող մարզադաշտ: