Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետն ընդունեց նաև չեմպիոն ընբիշներին
26.09.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 26-ին ընդունեց շիրակցի մարզիկներին` հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Ունիվերսիադայի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանին, հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն` Կարապետ Չալյանին, սամբոյի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն` Գրիգոր Մխիթարյանին և նրանց մարզիչներին:
Խոսելով մարզիկների ձեռքբերումներից, անցած մրցումներից, Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ինքն ուշադրությամբ է հետևում շիրակցի մարզիկների մրցումներին, ոգևորությամբ է սպասում նրանց հաղթանակին: <Արթուր Ալեքսանյանի մրցապայքարին այնքան հուզված էի, փոխչեմպիոնն էլ բնական է իսկական ձեռքբերում է, բայց մեր ըմբիշն հաստատ ավելին է կարող և բնականաբար կհասնի ավելի մեծ բարձունքների>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Երիտասարդական առաջնություններում հանդես եկող մյուս երկու մարզիկներին մարզպետն հորդորեց առավել պատրաստակամությամբ մարզվել, ձգտել բարձունքների, քանզի ինչպես նշեց Ֆելիքս Ցոլակյանը, եթե մարդ տրամադրվում է, որ պետք է հաղթանակ տանի, պետք է նվաճի չեմպիոնի կոչումն անպայման դրան կհասնի: Իսկ Շիրակի մարզը մշտապես աչքի է ընկել մարզական ձեռքբերումներով, այս տարի մեր մարզիկները Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճել են 18մեդալ, այդ թվում 4ոսկե, 6 արծաթե, 8 բրոնզե:
Մարզպետը հետաքրքրվեց մարզիկների առաջիկա անելիքներով, նրանց հուզող հարցերով, այնուհտև նրանց նվերներ հանձնեց` 200հազար դրամ` Արթուր Ալեքսանյանին, 100հազարական դրամ էլ Կարապետ Չալյանին և Գրիգոր Մխիթարյանին, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը,Արթուր Պետրոսյանը և Հայկ Ավետիսյանը մարզպետի կողմից ստացան թանկարժեք ժամացույցներ: Հանդիպման ավարտին Արթուր Ալեքսանյանի մարզիչը` Գևորգ Ալեքսանյանը ներկա մարզիկների և մարզիչների անունից, շնորհակալություն հայտնեց մարզպետին մշտական ուշադրության և աջակցության համար: <Յուրաքանչյուր մարզիկ, երբ զգում է, որ իրեն անուշադրության չեն մատնել, ուրախանում են ձեռքբերումներով, պարգևատրում են, և ամենևին էլ կապ չունի պարգևի ու դրամական օգնության չափը, ապա ձգտում է ավելի լավ հանդես գալ, չի մտածում այլ երկիր մեկնելու մասին, մենք իսկապես շնորհակալ ենք ձեզ այսօրինակ վերաբերմունքի համար>,-ասաց Գևորգ Ալեքսանյանը: Ֆելիքս Ցոլակյանը հաջողություններ մաղթեց մարզիկներին հետագա մրցումներում: <Մեր երկրի եւ մեր մարզի պատիվը բարձր պահեք, հայկական եռագույնը թող ձեր հաղթանակներով բարձրանա վեր ու թող ոսկե մեդալներ նվաճելուց հետո հնչի Հայաստանի հիմնը>,-ասաց Շիրակի մարզպետը: