Նորություններ
,, Արկածը շարունակվում է…,,
05.10.2013
Գյումրիում Իտալիայի Պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի նստավայրում կրկին մարդաշատ էր, չնայած եղանակային պայմանների կտրուկ նվազման, անկախ ամեն ինչից Անտոնիոյի մոտ միշտ մարդաշատ է, պատճառը մեկն է, նոր մտահղացում Գյումրու զարգացման ուղղությամբ, նոր նախաձեռնություն: Այս անգամ իր լավ բարեկամ Մանուգ Փամոկջյանի հետ նախատեսել են հիմնել Գյումրիի Զարգացման Հիմնադրամ, ավելի շատ մարդկանց ներգրավելով հիմնադրամ, նոր ծրագրեր իրականացնել Գյումրու համար: Միջացառմանը մասնակցում էին մարզային և քաղաքաքյին իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, լրագրողներ: Շիրակի մարզպետի ողջույնի խոսքը մասնակիցներին ուղղեց մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ով ողջունելով միջոցառման մասնակիցներին այս գեղեցիկ գաղափարի շուրջ հավաքվելու համար, ընթերցեց Շիրակի մարզպետի ողջույնն ուղղված Անտոնիո Մոնտալտոյին:
Պատվարժան Անտոնիո Մոնտալտո
Հարգարժան հյուրեր, գյումրեցիներ.
Հերթական անգամ հավաքվել ենք Գյումրիում Իտալիայի Պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հարկի տակ: Արդեն 25 տարի իր կյանքը Հայաստանի հետ կապած, մեր ժողովրդի հոգեզավակ Անտոնիոն, ամեն անգամ զարմացնում է իր նախաձեռնություններով, ստեղծագործական երևակայությամբ ու գործերով:
Արդեն իսկ գյումրեցու վարք ու բարքը յուրացրած հյուպատոսը մեզ իր ստեղծած աշխարհում ընդունեց իր նոր մտահղացումները կյանքի կոչելու ոգևորությամբ:
Եվ ես վստահ եմ, որ նրա նոր ձեռնարկը ևս անպայման կյանքի է կոչվելու: Վկան՝ անցած տարիների քրտնաջան աշխատանքն ու կատարած գործերը:
Ծրագիրը, որը կոչվում է ,, Արկածը շարունակվում է…,, նպատակ ունի բարի կամքի տեր մարդկանց ուշադրությունը հրավիրել Գյումրի քաղաքի հիմնախնդիրների վրա, նպաստել քաղաքի վաղեմի համբավի՝ արհեստների ու արվեստների օրրանի վերածննդին:
Գյումրի քաղաքի ուրույն դիրքն ու նշանակությունը Հայաստանի տնտեսությունում վերականգնելու համար դեռևս խոչընդոտներ են հանդիսանում երկրաշարժից մնացած անօթևան ընտանիքները, աշխատատեղերի պակասը, ներդրումային ներուժի ձևավորմանն ուղղված ջանքերը:
Հյուպատոսարանը գտնվում է Գյումրու պատմական միջուկում ու շրջապատված է քաղաքում ձևավորված ,,Կումայրի,, պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, շրջապատված է վաղ շրջանից մինչև մեր օրերը պահպանված ժողովրդական ճարտարապետության նմուշներով, բնակելի առանձնատներով, վարչական ու կրթական շենքերով, հուշարձաններով: Այս տարածքում են գործել քաղաքի հայտնի արհեստավորները, մշակույթի ու արվեստի գործիչները: Այս տարածքում է իր գաղափարները կյանքի կոչում Իտալիայի հյուպատոսարանը:
Բարեկամներ, հավատացած եմ, որ այս անգամ ևս ականատես ենք դառնալու մի նախաձեռնության սկզբնավորման, որն ուղղված է մեր հին ու նորոգ քաղաքի կենսագործունեության զարգացմանը, նրա նկարագրի ամբողջացմանը:
Կարծում եմ պարոն Անտոնիոյի օրինակը վարակիչ է ու նա շատ հետևորդներ ու գործընկերներ կունենա, բարի կամքի տեր մարդիկ կարձագանքեն նրան, իր ծրագրերի իրականացման ճանապարհին ու հաջողությունները, շոշափելի արդյունքները չեն ուշանա: Ուզում եմ վստահեցնել, որ մեզանից յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով կատարի Գյումրու զարգացման նորաստեղծ հիմնադրամի գործունեությանը:
Մաղթում եմ կանաչ ճանապարհ ու հաջողություններ.
Շիրակի մարզպետ՝ Ֆելիքս Ցոլակյան