Նորություններ
Տեղի ունեցավ ,,Էմիլի Արեգակ,, կենտրոնի հիմնարկեքի արարողությունը
28.10.2013
Հոկտեմբերի 28-ին Գյումրու Պ.Սևակ 23 հասցեում տեղի ունեցավ ,,Էմիլի Արեգակ,, հաշմանդամության խնամքի կենտրոնի հիմնարկեքի արարողությունը: Արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ,,Հայկական Կարիտաս,, ԲՀԿ-ի նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը՝ Առաջնորդ Կաթողիկէ Հայոց, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց ,,Հայկական Կարիտաս,,-ի գործադիր տնօրեն Անահիտ Մխոյանը: Ելույթներով հանդես եկան ԲՀԿ-ի նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը՝ Առաջնորդ Կաթողիկէ Հայոց, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Դանիել Զադրան՝ Կարիտաս Ֆորարլբերգ ծրագրի ղեկավարը: Հյուրերին ողջունեց հաշմանդամ երեխաներից մեկը:
Ելույթներից հետո միջոցառման մասնակիցները Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի առաջնորդությամբ մասնակցեցին կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:
Կենտրոն ինպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ հնարավորություն ընձեռնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին ձեռք բերելու առօրյայում անհրաժեշտ տարրական գիտելիքներ՝ այս կերպ նրանց մատուցելով սոցիալական զարգացման ծառայություններ: Ամբողջ Անդրկովկասում կառույցը կլինի եզակի հաշմանդամության խնամքի համար անհրաժեշտ պայմանների առկայության, և բնապահպանական ստանդարտների համապատասխանելիության առումով: Այն համալրված է լինելու այլընտրանքային ջեռուցման և էլեկտրոսնուցման համակարգով:
Կենտրոնը ծառայելու է 5 տարեկանից բարձր, հաշմանդամություն ունեցող մոտ 200 անձանց՝ իրականացնելով զարգացողական ծառայություններ և կազմակերպելով արհեստագործական դասընթացներ: ,,Էմիլի Արեգակ,, կենտրոնին հարող տարածքում հիմնվելու է նաև այգի և խաղահրապարակ, որի մուտքն ազատ է լինելու համայնքի համար: Ծրագիրը ֆինանսավորվում է Կարիտաս Ավստրիայի կողմից՝ Ֆորարլբերգ թեմի անհատ դոնորների միջոցով: