Նորություններ
Կացության ակտերի գրանցման նոր էլեկտրոնային համակարգ Գյումրիում
28.10.2013
Գյումրու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում հոկտեմբերի 28-ին գործարկվեց Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը: Համակարգը մշակվել է ՀՀ կառավարության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ "Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում" ծրագրի շրջանակներում: Համակարգի բացման արարողությանը մասնակցում էին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ծրագրի ղեկավար Իվառ Տալլոն, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խոսքում նշեց, որ այսօրինակ քայլերի իրականացումը միմիայն օգնելու է այս ոլորտում աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան էլ ելույթում նշեց, որ համակարգի ամբողջական կիրառումը էապես կնպաստի ժողովրդավարության զարգացմանն ու լավ կիրառմանը, ինչպես նաեւ թափանցիկության ապահովմանը:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը միավորում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բոլոր բաժինները: Համակարգի միջոցով իրականացվում են ծնունդների, որդեգրումների, հայրության ճանաչման, մահվան, ամուսնության, ամուսնալուծության, անվանափոխության գրանցումներ և տեղեկանքների տրամադրում:
Ինչպես նշեց ծրագրի ղեկավար Իվառ Տալլոն, համակարգի առավել հատկանշական առավելություններից է պետական կառավարման էլեկտրոնային այլ համակարգերի հետ ինտեգրվածությանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ոստիկանությունը և մի շարք այլ շահագրգիռ գերատեսչություններ իրականացնում են տեղեկատվության փոխանակում հնարավորինս սեղմ ժամկետներում, տեղեկատվության փոխանակում կլինի նաև ծնունդների և մահերի վերաբերյալ:
Նշենք, որ միջոցառման ընթացքում համակարգի միջոցով իրականացվեց առաջին ծննդյան գրանցումը, որը տևեց ընդամենը 3 րոպե: