Նորություններ
,,Լույս Հայի Աչքին,, ծրագիրը Շիրակի մարզում
31.10.2013
2003 թվականից սկսած ,,Լույս Հայի աչքին,, Հայակնաբուժական նախագիծ բարեգործական հասարակական կազմակերպությունը խորհրդատվական, վիրահատական բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում: Ծրագիրը մեծ թափով իրականացվել է նաև Շիրակի մարզում, որն այսօր իր 2013 թվականի ավարտը հայտարարեց: Այդ առիթով ծրագրի մասնակիցներին՝ երեք բժշկի և երկու բուժքրոջ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության հարկի ներքո ընդունեցին մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը և վարչության աշխատակիցներն իրենց շնորհակալական խոսքն ուղղելու ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ: 2013 թվականի սեպտեմբերի 15-ից Շիրակի մարզի Արթիկի, Անիի և Ախուրյանի նախկին տարածաշրջանների գյուղական համայնքներում կազմակերպությունն սկսեց հետազոտական խորհրդատվական աշխատանքները, ինչին՝ հոկտեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ հաջորդեցին խորացված հետազոտությունները, վիրահատություններն ու լազերային բուժումները: Ինչպես տեղեկացրեց շարժական հիվանդանոցի պատասխանատու, ակնավիրաբույժ Ասատուր Հովսեփյանը, - 2013 թվականի ծրագիրը Շիրակի մարզում հաջողությամբ ավարտեցինք, շուրջ 200-ից ավելի քաղաքացիներ ստացել են տարբեր տեսակի՝ խորհրդատվական, վիրահատական և այլ բնույթի օգնություն: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ,,Օրանժ-Հայաստան,, կազմակերպությանն ում ֆինանսական աջակցության շնորհիվ մենք իրականացրեցինք ծրագիրը Շիրակի մարզում: Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը Շիրակի մարզպետի և մարզի բնակչության անունից իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին, և պատասխանատուներին հանձնեց Շիրակի մարզպետի անունից շնորհակալագրեր: Օգտվելով առիթից մենք ևս մարզի ամբողջ ազգաբնակչության անունից միանում ենք շնորհակալություններին, հաջողություններ ցանկանում մեր ակնաբույժներին, և ակնկալում մեր մարզում նոր ծրագրի իրականացում 2015 թվականին, քանզի ծրագրերն իրականացվում են երկու տարին մեկ անգամ: Ներկայացնում ենք տեղեկատվություն Շիրակի մարզում իրականացրած ծրագրի վերաբերյալ: