Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,ԳՅՈՒՄՐԻՆ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ,,

11.11.2013

Նոյեմբերի 11-ին Գյումրի քաղաքի մուտքի մոտ մեծ հանդիսությամբ, աղ ու հացով դիմավորեցին հայ ազգի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի նախագահ Արմեն Սմբատյանին: Վլադիմիր Սպիվակովը աղ ու հացը համտեսելուց հետո, խմբավարեց Գյումրու փողային նվագախումբը, որը դիմավորում էր աշխարհահռչակ դիրիժորին: Դիմավորման արարողությունից հետո հյուրերը մարզպետարանում լրագրողներին ներկայացրեցին “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Հավաքվածներին նախ ողջունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին որպես մշակութային մայրաքաղաք հենց Գյումրու ընտրությունը կատարելու համար և մնացած բոլոր նրանց՝ ՀՀ մշակույթի նախարարությանը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամին, Շիրակի մարզպետարանին և Գյումրու քաղաքապետարանին, որոնց տքնաջան աշխատանքի շնորհիվ ծրագիրը կյանքի կոչվեց: Իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին տիկին Հասմիկ Պողոսյանը, ով մի քանի անգամ կրկնեց, որ ծրագրի փակում անելը չի նշանակում ծրագրի ավարտ, այն մի փոքր միջակետ է, մինչև հաջորդ ծրագրի իրականացումը, իսկ հաջորդ ծրագիր լինելու է անպայման: Մեծ խանդավառությամբ խոսեց ծրագրի հաջող իրականացման և ավարտի կապակցությամբ Արմեն Սմբատյանը, իր ոգևորությունը կիսեց Գյումրեցիների հետ Վլադիմիր Սպիվակովը, ով վաղուց իրեն համարում է ընտանիքի անդամ: Կատարված աշխատանքներն ամփոփեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով, ներկայացնելով իրականացված ծրագրերը, կրկին  նշեց, որ Գյումրին մշտապես է կրել մշակութային մայրաքաղաք անունը, այսօր այն պարզապես ստացավ իր փաստաթղթային կոչումը: Բոլոր ծրագրերը լինելու են շարունակական և դառնալու են ավանդական: Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Ծրագիրն իրականացվել է “Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ” միջպետական ծրագրի շրջանակներում և ուղղված էր համագործակցության երկրների միջմշակութային երկխոսությանն ու մշակութային ներուժի միավորմանը, ստեղծագործական ռեսուրսների կենտրոնացմանը մայրաքաղաք չհանդիսացող քաղաքներում: Ծրագիրը նախաձեռնել և առաջադրել են Հումանիտար համագործակցության խորհուրդը և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, որը հավանության է արժանացել 2010թ. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագիրը մշակվել և իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են եղել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք  իրականացրել են իրենց կողմից ներկայացված ծրագրերը: “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագիրը համաֆինանսավորվել է  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի, ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետականհիմնադրամի, ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի միջոցներից: Ծրագրի շրջանակներում իրականացվել են շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ: “Գյումրին ԱՊՀ 2013թ. մշակութային մայրաքաղաք” ծրագրի փակման արարողությունը նշանավորվեց Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով: Նվագախմբի հետ ելույթ ունեցան սոպրանո Հասմիկ Պապյանը, մեցցո-սոպրանո Ջուլիետ Գալստյանը և բարիտոն Վասիլի Լադյուկը: Գյումրու հանդիսատեսը հոտնկայս ծափողջույնների ներքո մի քանի անգամ հետ կանչեց մաէստրոյին, ով անզուգական համերգն ավարտեց Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով: Համերգի ավարտին տեղի ունեցավ  նամականիշի մարման արարողություն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Հասմիկ Պողոսյանի, Վլադիմիր Սպիվակովի, Արմեն Սմբատյանի, Հայ փոստի տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ: Այդ ընթացքում Գյումրու երկինքը լուսավորում էր աննախադեպ տոնական հրավառությունը:

Ի դեպ.

Միջոցառման կազմակերպիչները հոգացել էին բոլորի մասնակցության ապահովման հարցը համերգին, միայն այն տարբերությամբ, որ բացի թատրոնի նստելու և կանգնելու 750 տեղից, Գյումրու Սայաթ - Նովա փողոցում և կենտրոնական հրապարակում տեղադրված էկրանների շնորհիվ հազարավոր  քաղաքացիներ մասնակիցը դարձան այդ անկրկնելի երեկոյին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56