Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՔԱՐԱԲԵՐԴԸ 199 ՏԱՐԵԿԱՆ

15.11.2013

 

Նոյեմբերի 15-ին Շիրակի մարզի Քարաբերդ համայնքում մեծ շուքով նշվեց
գյուղի հիմնադրման 199 ամյակի և Եղեռնի զոհերի հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մարալիկի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ստեփանոսը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:
Համայնքի ղեկավար Մհեր Բուլոյանը հակիրճ ներկայացրեց համայնքի պատմությունը, որից հետո Եղեռնի զոհերի Խաչքար-հուշարձանի բացման պատիվը տրվեց գյուղի հիմնադիր՝ Իշխան Գևորգի /Բրուտյանների/տոհմի ներկայացուցիչ Լյովա Բրուտյանին և Արցախյան հերոսամարտում զոհված քաջարի մարտիկ Հակոբ Իսպիրյանի մորը: Խաչքար- հուշարձանի  հեղինակը  ծնունդով Քարաբերդցի, նկարիչ-քանդակագործ, Արցախի ազատամարտի մասնակից ազատամարտիկ Դավիթ Հակոբյանն է:
ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Արցախյան հերոսամարտում զոհված չորս քաբերդցի քաջարի մարտիկներ հետմահու արժանացել են Հերոսի կոչման: Հուշարձան – խաչքարի բացման և օրհնման արարողությունից հետո պարգևները հանձնեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր և ելույթ ունեցավ Քարաբերդ գյուղի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ տաղանդավոր բանաստեղծուհի Սուսաննա Առաքելյանը:
Ստորև ներկայացնում ենք տեղեկատվություն 199 ամյա քարաբերդի պատմությունից:
Քարաբերդը Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում գտնվող գյուղ է, Մարալիկ քաղաքից 7կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դաշգալե, Դաշխալե, Կարաբերդ, Տաշկալա անվանումները: Դաշղալան Քարաբերդ է վերանվանվել 1947 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբուքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի բազալտի և ավազի հանքեր, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
 Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում հին մատուռի տեղում` 1866 թ-ին կառուցվել է եկեղեցի, որի բակում թաղված է գյուղի հիմնադիր Գևորգ Բրուտյանը: Շրջակայքում կան հին բերդի ավերակներ:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի, Խնուսի, Բասենի շրջաններից 1829-1830թթ: 1873 թ-ին գյուղն ունեցել է 622, 1897 թ-ին` 933, 1926 թ-ին` 1000, 1939 թ-ին` 1079, 1959 թ-ին` 822, 1970 թ-ին` 987, 1979 թ-ին` 1002, 1989 թ-ին` 1013 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1103 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. Մինչ աշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 131 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 915հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 173 և 1340 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Գյուղը գազիֆիկացված է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32