Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԿՅԱՆՔԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

07.12.2013

Աղետալի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրը Գյումրու ծննդատան բակում տեղադրվեց ,, Մայրն ու մանկիկը,, անունը կրող արձանը, որը կերտվել էր ,,Գյումրին ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք,, ծրագրի շրջանակում կազմակերպված քարի սիմպոզիումի ժամանակ: Սիմպոզիումի մասնակից Լեռնային Ղարաբաղը ներկայացնող քանդակագործը հենց այդ միտքն էր դրել քանդակի մեջ, - ասում է սիմպոզիումի կազմակերպիչ քանդակագործ Արթուր Գևորգյանը, կորուստ և ծննունդ, սա է այդ արձանի միակ խորհուրդը: Գյումրու ծննդատանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի օրը զոհ գնաց շուրջ 230 մարդ, բժշկական անձնակազմից, ծննդկաններից, նորածիններից, նույնիսկ եղան մարդիկ, ովքեր սպասարանում սպասելու ժամանակ էլ չէին հասցրել դուրս փախչել, այդ մարդիկ էլ այդպես մնացին ծննդատանը, -պատմում է Գյումրու ծննդատան վաստակաշատ բժիշկ մանկաբարձ, գինեկոլոգ Լիլիկ Պողոսյանը: Ահավոր է հիշել այդ օրը, - շարունակում է բժշկուհին, ավերակների վերածված ծննդատան մի մասն այրվում էր, մի մասից գոլորշի էր դուրս գալիս, մի ողբ, մի սարսափելի տեսարան, որը երբեք չի մոռացվի: Այդ աղմուկ, գոռում գոչումը մինչև օրս ականջներումս հնչում է, շատ դժվար է մոռանալ: Սակայն Գյումրին պայքարեց և դիմակայեց արհավիրքին: Աղետալի երկրաշարժից հետո 75 ամյա Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել 50 հազարից մի փոքր շատ երեխա, այս տարի մեծ շուքով նշվեց այդ իրադարձությունը: Այսօր էլ` դեկտեմբերի 7-ին, երկրաշարժից 25 տարի անց, Գյումրու ծննդատանը լույս աշխարհ եկավ վեց նորածին` երեք տղա, երեք աղջիկ: Արձանի տեղադրման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, ՀՀԿ տարածքային կազմակերպության նախագահ Յաշա Եղիազարյանը: Բակում հանդիսավոր արարողությունից հետո նորածինների մայրիկներին Շիրակի մարզպետի և ՀՀԿ անունից նվերներ հանձնեց մարզպետի խորհրդականը: Կյանքը Գյումրիում շարունակվում է….  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23