Նորություններ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
07.12.2013
Դեկտեմբերի 7-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամներին՝ նախագահ Ռընե Ռուքեի գլխավորությամբ:
Ֆելիքս Ցոլակյանը ողջունելով հյուրերին, նշեց, որ չափազանց բարձր է գնահատում պատգամավորական խմբի կատարած աշխատանքը: <Ես ուզում եմ շիրակցիների և անձամբ իմ անունից խորին երախտագիտություն հայտնել Ձեզ հայոց ցեղասպանության ճանաչման համար ձեռնարկած քայլերի, հայանպաստ քաղաքակության ու հայ-ֆրանսիական բարեկամությունն այնքան գնահատելու համար>,-ասաց Շիրակի մարզպետը:
Ֆելիքս Ցոլակյանը հյուրերին պատմեց նաև Շիրակի մարզի մասին, նրա առանձնահատկությունների ու խնդիրների վերաբերյալ: <Շիրակը յուրահատուկ կոլորիտով մարզ է չնայած բազում խնդիրներին, հետաղետյան դժվարություններին, տոկուն է ու ստեղծագործող, մշակութային ու մարզական ձեռքբերումները մեր մարզին բնորոշ հատկություններն են, էլ չեմ խոսում հիանալի հումորի մասին>,-ասաց պարոն Ցոլակյանը:
Կողմերը երկուստեք կարևորեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունները: «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ՝ Ռընե Ռուքեն նախ շնորհակալություն հայտնեց Շիրակի մարզպետին ջերմ ընդունելության համար, այնուհետ խոսելով ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին, նշեց. <Հայոց ցեղասպանության մասին ես քաղաքականություն մտնելուց հետո չէ որ իմացել եմ, դեռ երիտասարդ էինք , երբ մեր հարևանները, ովքեր հայեր էին, պատմում էին իրենց ժողովրդի տաժանակիր պատմության ու անցած ճանապարհի մասին, դեռ այն ժամանակ ես մտածում էի, որ եթե կարողանամ ամեն ինչ անելու եմ, որ աշխարհն իմանա հայ դատի մասին>:
Ֆելիքս Ցոլակյանը զրուցեց ու տպավորություններով կիսվեց նաեւ պատվիրակության մյուս անդամների հետ, իսկ տիկին Բուայեն ուրախությամբ նշեց, որ 88-ի աղետից հետո Գյումրիում շատ բան է դրականորեն փոխվել: Ֆրանսիայի Ազգային ժողովի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Ռընե Ռուքեի գլխավորությամբ նախ հանդիպում ունեցան Գյումրու քաղաքապետի հետ, ապա բոլորի հետ միասին մասնակցեցին Երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ անմեղ զոհերի Հոգեհանգստի արարողությանը և ծաղիկներ դրեցին հուշակոթողին: Նախատեսված էր պատվիրակության շրջայց նաև Գյումրիում: