Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

09.12.2013

Դեկտեմբերի 9-ին  Շիրակի  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Գյումրի ժամանած ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:  Ողջունելով դեսպանի առաջին պաշտոնական այցը Շիրակի մարզ`Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ուրախ է հանդիպման համար: <Շիրակի մարզը միշտ էլ հյուրընկալ և ինքնատիպ մարզ է եղել, յուրահատուկ իր սովորույթներով, ավանդապահությամբ, հումորով, մեզ մոտ ամենարժեքավորը մարդն է, շիրակցին` հատուկ բնավորությամբ, ուղիղ խոսքով>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Իվան Վոլինկինն էլ նախ մարզպետին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց. <Ես շատ ուրախ եմ, որ ՌԴ նախագահի պաշտոնական այցն այնքան ջերմ մթնոլորտում անցկացվեց, Շիրակի մարզն իրապես շատ լավ էր պատրաստվել ընդունելությանը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ>:  Ֆելիքս Ցոլակյանն էլ վստահեցրեց, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները երկուստեք կարևորություն են ներկայացնում: <Չնայած Շիրակի մարզը 88-ի աղետից շատ տուժեց  ու կորցրեց արդյունաբերական հզորությունների գերակշիռ մասը, սակայն անցած 25 տարիների ընթացքում բավականին շատ աշխատանքներ են տարվել աղետի գոտու վերականգնման և զարգացման գոտու վերածելու համար: Լուրջ բնակարանաշինական աշխատանքներ են իրականացվել անցած 25 տարիների ընթացքում,  ինչը, չնայած, բավարար համարել չի կարելի: Այժմ շիրակցիներին հուզող գլխավոր խնդիրը աշխատատեղերի հարցն է>,- նշեց մարզպետը: Ֆելիքս Ցոլակյանը նշեց նաև, որ Շիրակի մարզը միմիայն կողմ է փոխգործակցությանը Ռուսաստանի ցանկացած շրջանի հետ, փոխշահավետ համագործակցությունը, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, աշխատանքի առաջնային ուղղությունը պետք է լինի: <Ես կարծում եմ` պետք է գործնական քայլեր ձեռնարկել  գործարար մթնոլորտի ակտիվացման համար, սրանք լոկ խոսքեր չեն, ես վստահ եմ` եթե աշխատենք ու ձգտենք բիզնես կապերն ամրապնդել, ուսումնասիրել երկու կողմերի հնարավորությունները, այսինքն առաջարկ-պահանջարկի հետ հաշվի նստենք, ապա կարելի է շոշափելի արդյունքների հասնել>,-վստահեցրեց Ֆելիքս Ցոլակյանը: Իվան Վոլինկինն էլ իր հերթին խոստացավ ամեն ինչ անել Շիրակի մարզի հետ ՌԴ որեւէ շրջանի փոխգործակցության խորացման համար: Նշելով, որ ռուս-հայկական գործընկերությունն առանձնանում է փոխըմբռնումով,  երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկյին կնպաստեն հաճախակի շփումներն  ու փոխայցելությունները: Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանը հանդիպեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետարանում քննարկումից հետո դեսպանը և նրան ուղեկցողներն այցելեցին Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող Սրբ Ալեքսանդրիայի եկեղեցի: Եկեղեցում մոմավառությունից հետո հյուրերը և նրանց ուղեկցողներն  այցելեցին  ,,Պատվո Բլուր,, հուշահամալիր: Հուշահամալիրում ծաղիկներ դնելուց և եկեղեցում մոմավառությունից հետո պատվիրակության անդամներն  այցելեցին Երկրաշարժի զոհերի հուշակոթող, ուր երկու օր առաջ երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հոգեհանգստի և ծաղկեպսակադրության արարողությանն իրենց մասնակցությունն էին բերել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի, Սահմանապահ զորքերի, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատըակիցները: Երկրաշարժի զոհերի հուշակոթողին ևս ծաղիկներ դնելուց հետո, պարոն Վոլինկինը Գյումրու Շիրակացի փողոցի թիվ 2 տանը մասնակցեց Չեխովի անվան ռուսական գրադարանի բացման արարողությանը: Պարոն դեսպանը ողջունեց  միջոցառման մասնակիցներին, իր գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին ռուսաց լեզվի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և մոտեցման համար: Պարոն դեսպանը մասնակցեց նաև Գյումրու  8-րդ զինվորական թաղամասում տեղակայված նախկին թիվ 19-րդ դպրոցի շենքում երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Դպրոցը նախատեսված է հիմնականում 8-րդ թաղամասի զինծառայողների ընտանիքների երեխաների համար. իհարկե, դպրոցի դռները բաց կլինեն նաև  շնորհաշատ այլ երեխաների առջև ևս, բայց առայժմ այն կգործի զինծառայողների երեխաների համար: Աշխատանքային հագեցած առաջին օրվա ավարտին նախատեսված էր հանդիպում Գյումրու գլխավոր հյուպատոսարանում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:28:25