Նորություններ
ՄՇԱԿՈՒՅԹԸ ՄՆԱՑ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ
25.12.2013
Դեկտեմբերի 24-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ,,Գյումրին ԱՊՀ մշակությանին մայրաքաղաք,, ծրագրի պաշտոնական փակման արարողությունը: Արարողությանը մասնակցութմ էին ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստի ու արհեստի գործիչներ:
Միջոցառման մասնակիցնները նախ դիտեցին ամբողջ տարվա ընթացքում իրականացված հոյակապ ու անկրկնելի միջոցառումների վերաբերյալ փոքր տեսաֆիլմ: Այն հաճելի ափսոսանք ու աշխուժություն առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների մոտ, վերջին հաշվով դահլիճում ներկա գտնվողներից յուրաքանչյուրն ինչ որ կերպ կապ ուներ և իր փոքր ներդրումն ուներ այդ մեծ իրադարձության մեջ: Տեսաֆիլմի դիտումից հետո, սկսվեց պարգևատրման արարողությունը: Նախ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետն արժանացան ՀՀ մշակույթի նախարարության ,,Ոսկե մեդալին,, ապա մշակույթի նախարարն ու Գյումրու քաղաքապետն արժանացան մարզպետարանի հուշամեդալին: Գյումրու խորհրդանիշ հանդիսացող ,,Կլկլանով,, պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Երևի եզակի դեպք գրանցվեց ողջ պատմության ընթացքում, երբ իրենց կատարած ամենօրյա դժվար ու անշնորհակալ աշխատանքի համար, պարգևատրվել ու շնորհակալագրերի են արժանացել նույնիսկ փողոց մաքրող հավաքարարներն ու աղբատարների վարորդներն, ում ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ, Գյումրին ողջ տարվա ընթացքում, հնարավորինս պատշաճ ներկայացավ ամենատարբեր միջոցառումների համար Գյումրի այցելած պատվիրակությունների առջև: Շնորհավորանքների շարքը շատ էր, բայց նրանցից յուրաքանչյուրն արժանի էր այդ շնորհակալությանը, շնորհիվ այդ մարդկանց, Գյումրին հիրավի պարզճակատ և ամենաբարձր մակարդակով դուրս եկավ իրեն վստահված բավականին պատասխանատու փորձությունից: Միջոցառման մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, որում մասնավորապես ասվում է.
Հարգելի ներկաներ
Ժամանակը շարժվում է առաջ, շուտով հրաժեշտ կտանք 2013թվականին: Այսօր մենք հավաքվել ենք տոնական տրամադրությամբ` ամփոփելու մշակութային տարին:
Երեք քաղաքներ 2012 թվականի ԱՊՀ երկրների գագաթնաժողովում ճանաչվեցին որպես 2013թվականի մշակութային մայրաքաղաքներ:
Նշված քաղաքներից ամեն մեկը յուրովի անցկացրեց մշակութային տարին, բայց որ Գյումրին ինքնատիպ, ինքնաոճ, միայն Գյումրուն և գյումրեցուն հատուկ ավանդական ու ժամանակակից, հավատարիմ իր արվեստածին արմատներին, պարգևեց բոլորիս բազում մշակութային տոնախմբություններ, դրանում բոլորս ենք համոզված:
Կատարվածի բարձրարվեստ լինելը հավաստում ենք ոչ միայն մենք, այլ բազում հյուրեր տարբեր երկրներից:
Ամենակարևորը այն էր, որ մշակութային մայրաքաղաքը ժպիտ, ուրախություն պարգևեց հենց իրենց գյումրեցիներին, որոնք դարերով քայլելով մշակութային ճամփաներով, այսօր` այս տարի, ապրեցին ինքնաճանաչման պահ:
Կարճ ասած մշակութային տոնը ստացվեց և մենք ականատես եղանք բազմաբնույթ միջոցառումների:
Կամա, թե ակամա հայտնվեցինք մի տեսակ պարտավորվածի կարգավիճակում ու ապագայում էլ մենք չենք կարող դուրս գալ այս մշակութային կարգավիճակից, այսինքն եղածի ուժն այնքան զորեղ է, որ բոլորիս առաջ կմղի շարժվող ժամանակի մեջ և պահանջ կդառնա շատ միջոցառումներ դարձնելու ավանդական:
Իհարկե այս ամենը չէր կարող կատարվել, եթե մեր կողքին չլինեին շահագրգիռ մարդիկ:
Առաջինը շնորհակալությունս եմ ուզում հայտնել Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, ոչ միայն ԱՊՀ երկրների գագաթնաժողովում Գյումրին մշակութային մայրաքաղաք ճանաչելու, այլ միջոցառումներին նրա անձնական ներկայության համար:
Շնորհակալություն կառավարությանը նրա ուշադրության և ֆինանսական աջակցության համար, նաև ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանին:
Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը` նախարար Հասմիկ Պողոսյանին, որոնք ոչ մի օր չբացակայեցին մեր քաղաքից, եղան բոլոր միջոցառումների աջակիցն ու մասնակիցը:
Մշակութային մայրաքաղաք միջոցառումների ծանրությունը իր ուսերին պատվով տարավ Գյումրու քաղաքապետարանը:
Իհարկե այս բոլոր միջոցառումների կազմակերպման ակտիվ աջակիցն է եղել Շիրակի մարզպետարանը:
Շատ եմ կարևորում հասարակ մարդկանց, շարքային գյումրեցիների, մշակութային գործիչների ակտիվ մասնակցությունը բոլոր միջոցառումներին:
Եթե չլիներ արվեստասեր գյումրեցու վերաբերմունքը, արվեստն հասկանալու և գնահատելու կարողությունը, միգուցե մենք չէինք ունենա այն, ինչ ունեցանք:
Ես իմ առանձնակի շնորհակալությունն եմ հայտնում բոլոր գյումրեցիներին, այդ թվում նաև Ձեզ` ներկաներիդ:
Մշակույթը փակում չունի, առանձնապես հայ մշակույթը, այն հավերժ է և համամարդկային, պարզապես Գյումրիում տարին էր կարճ, բայց ոչինչ, մենք գալիք տարիները այս բացը կլրացնենք:
Բարին ընդ Ձեզ