Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆՈՒՆԴ
31.12.2013
Հարգարժան շիրակցիներ.
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Պատմության գիրկն է անցնում ևս մեկ տարի: Տարի, որի ընթացքում մենք ունեցանք բավականին հաջողություններ ու նոր ձեռքբերումներ:
Մարզի շատ համայնքներում կյանքի կոչվեցին բազմաթիվ ծրագրեր: Կառուցվեցին և վերանորոգվեցին կրթօջախներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ և համայնքային կենտրոններ, բարենպաստ եղավ հատկապես գյուղատնտեսության ոլորտում, գրանցելով հացահատիկի աննախադեպ բարձր ցուցանիշ:
Տարին լի էր նաև պատմական ու մշակութային իրադարձություններով:
Նախ Գյումրին ամբողջ 2013 թվականն ապրեց ԱՊՀ Մշակութային մայրաքաղաքի ոգով, ապա Գյումրիում անցկացվեց Հայ–Ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը: Ակնհայտ հաջողություններ ունեցանք սպորտի ոլորտում:
Քիչ չէ ձեռք բերածը, սակայն անելիքները շատ են:
Շիրակցին ստեղծագործող, արարող է, անկոտրում է իր ցանկությունների և իղձերի իրականացման ճանապարհին: Նա երբեք չի կորցրել հավատը և կարողանում է մշտապես վառ պահել վաղվա լավ օրվա հույսը՝ փոխանցելով այն եկող սերունդներին:
Սիրելի շիրակցիներ.
Լիահույս եմ, որ 2014 թվականը լինելու է նոր սպասումների, հույսի, բարու արարման, կառուցման ու շենացման տարի, և որ նոր տարին, մեր մարզի տնտեսության ու ժողովրդի համար լինելու է նորանոր ձեռքբերումների և հաջողությունների տարի:
Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բոլորիս մաղթում եմ հենց այդ հույսերի և սպասումների իրականացում, խաղաղություն, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և թող բոլոր օջախներում թևածի տոնական բարձր տրամադրություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆ