Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

10.01.2014

Հունվարի 10-ին  Շիրակի մարզպետը հանդիպեց նաև մարզում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:   Հանդիպման սկզբում Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորեց ներկաներին Նոր տարվա կապակցությամբ` ցանկանալով ձեռքբերումներ թե մասնագիտական առումով, թե անձնական կյանքում: Խոսելով լրատվամիջոցների հետ աշխատանքի մասին, Շիրակի մարզպետը նշեց, որ մշտապես կարևորել է նրանց գործունեությունը: <Ձեր աշխատանքը մեզ համար օգնություն է, տեղին քննադատությունը միշտ օգնում է աշխատանքին, ես միշտ ողջունել եմ տեղին քննադատությունը, միայն հորդորում եմ Ձեզ զերծ մնալ անձնական վիրավորանքներից>,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:  Այնուհետև մարզի լրագրողները Շիրակի մարզպետին մի քանի հարցեր ուղղեցին: Թե ինչպես է գնահատում անցած տարվա աշխատանքը, ինչ ձեռքբերումներ և ինչ բացթողումներ են եղել աշխատանքում հարցին, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց.  < Ես կարող եմ ասել, որ 2013-ն, ընդհանուր առմամբ, հաջողությունների տարի է եղել, բավական մեծ աշխատանք է կատարվել, չեմ ասում ամեն ինչ, քանզի դեռևս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Եթե առանձնացնեմ մի քանի բառով, ապա կասեմ, որ մենք պետք է մշտապես փոփոխությունների ձգտենք, երբեք չբավարարենք արված աշխատանքով, իսկ այդպիսի տրամադրվածություն, աշխատելու պատրաստակամություն իսկապես կա, հավատացնում եմ ձեզ:  Առաջինը, որ կառանձնացնեմ` մեզ հաջողվել է մարզում մթնոլորտ փոխել, ես չեմ ասում նախկինում վատ է եղել, այլև ուզում եմ նշել, որ հիմա մարդկային հարաբերությունների առումով բավական լավ մթնոլորտ կա, ինչի համար շատ ուրախ եմ: Գյումրի քաղաքում 2013-ին բավական լուրջ բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, մեծ ներդրումներ եղան ջրամատակարարման խնդիրների կարգավորման առումով, ձեռքբերումների տարի էր գյուղատնտեսության բնագավառում, լավ բերք ստացանք, պետական լուրջ աջակցություն ցուցաբերվեց գյուղացիական տնտեսություններին, էլ չեմ ասում  Գյումրին մշակութային մայրաքաղաք հռչակելն ու մշակութային բազմազան ու բազմաբնույթ միջոցառումները:  Իհարկե այս ամենը  քիչ է, լուրջ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն` տնակային ավաններ, վթարային շենքեր, քյարիզներ ե այլն>:  Շիրակի մարզպետը նշեց, որ ամեն դեպքում պետք է առաջ նայել, խնդիրներին մոտենալ դրանք լուծելու վճռականությամբ և հույս հայտնեց, որ 2014-ին ավելին կարվի, քան 2013-ին:  <Մենք պետք է ձգտենք, որ Շիրակի մարզում մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, որևէ մեկը չմտածի, թե ինքն անտեսված է, քանզի այդպես չէ, իսկ զանգվածային լրատվության միջոցներն էլ իրենց հերթին օգնեն իշխանություններին` խնդիրները բարձրաձայնելով և օբյեկտիվ լրատվություն տրամադրելով>,-ասաց Ֆելիքս Ցոլակյանը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ շնորհակալություն հայտնեցին մարզպետին ջերմ ընդունելության համար, նշելով, որ Շիրակի մարզպետարանի աշխատանքը մշտապես եղել է բաց ու թափանցիկ, ինչն իրենք չափազանց կարևորում են: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանձնեց հուշանվերներ և 2014 թվականին  մաղթեց բեղմնավոր աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 16:23:53