Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

21.01.2014

 

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերը:
Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Շիրակի մարզպետարանում`մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:
Զեկուցվեց մարզային զարգացման ծրագրի կատարման ընթացքը: Նշվեց, որ զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 330 միջոցառում` 23 մլրդ 811 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ: Փաստացի կատարումը կազմել է 97 տոկոս: Մասնավորապես, քաղաքաշինության ոլորտում կատարվել են շուրջ 13 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 4,8 մլրդ դրամի, գյուղատնտեսության ոլորտում` 1,7 մլրդ դրամի, մասնավոր հատվածի եւ ՓՄՁ զարգացման ոլորտում` 1,5 մլրդ դրամի, սոցիալական ոլորտում` 1,2 մլրդ դրամի ներդրումներ:
Արձանագրվեց, որ Գյումրի, Ախուրյան քաղաքներում, ինչպես նաեւ մարզի մի շարք գյուղական համայնքներում շարունակում է առաջնահերթ մնալ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը:
Քննարկվեց նաեւ Մարալիկի վթարային շենքի ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու հարցը: Փոխվարչապետը համայնքի ղեկավարին առաջարկեց մարզպետարանի պատասխանատուների հետ շահառու բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել` խնդրին շուտափույթ լուծում տալու համար:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 99 %: 2012 թվականի համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 7.7 %-ով կամ 407.522 հազար դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.1, գույքահարկինը` 100.2 %-ով:
Փոխվարչապետը բավարար գնահատելով արդյունքները` ընդգծեց սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա կարեւորեց հատկապես խոշոր հարկատուների կողմից հարկային պարտավորությունների ժամանակին կատարելու հանգամանքը: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ կազմում է շուրջ 28,2 մլն դրամ: Փոխվարչապետը հատկապես համայնքի ղեկավարներին հորդորեց առաջին հերթին ուշադրություն դարձնել խոշոր հարկատուների կողմից պարտավորությունների կատարմանը եւ ընթացքում համապատասխան քայլեր ձեռնարկել:
Զեկուցվեց նաեւ, որ մարզի համայնքներում արդեն ավարտվել է 2014թ. բյուջեների կազմման գործընթացը: Ա. Գեւորգյանն առաջարկեց մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում սեղմ ժամկետներում ավարտել իրավապայմանագրային ընթացիկ խնդիրների հետ կապված անհրաժեշտ աշխատանքները: Դրական համարելով, որ մարզում 2013թ. աշխատավարձերի գծով պարտքեր չեն կուտակվել` նա հորդորեց նաեւ կարգապահ լինել աշխատավարձերի վճարումների հարցում եւ ուշացումներ թույլ չտալ:
Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքների մասին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 119 համայնքից 54-ում, որոնցից 42 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն: Փոխվարչապետը հորդորեց առավել ակտիվ քայլեր ձեռնարկել` համակարգերի ներդրումն անհրաժեշտ համարելով բոլոր համայնքների համար:
Քննարկվեցին նաեւ մարզում գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, ինչպես նաեւ համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:
 

ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42